Ըստ Հայկ Դեմոյանի, չարժի դնել այն արձանը, որը նույնիսկ տեղադրելուց եւ հանելուց մարդիկ պիտի զոհվեն:
Չնայած Անաստաս Միկոյանի հայանպաստ կամ հակահայկական գործունեության մասին իրարամերժ կարծիքներին, Երեւանի ավագանին արդեն որոշում է ընդունել տեղադրել արձանը: Այդ որոշմանը դեմ էր քվեարկել Ցեղասպանության թանգարանի տնօրեն, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը՝ ավագանու անդամներին հարց ուղղելով՝ Դուք տեղյա՞կ եք արդյոք, որ այդ մարդը բազում եւ բազմապիսի հանցագործությունների մեջ է ներգրավված, իսկ դա հետեւանք է ունենալու»:
Փոխքաղաքապետ Կամո Արեյանը, կողմ լինելով արձանի տեղադրմանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայկ Դեմոյանի կարծիքը իր անհատական տեսակետն է միայն:
Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Դեմոյանն այսպիսի գնահատական տվեց. «Ինձ ուղղակի սարսափեցնում են փաստարկային բազայի հիմքերը: Այն մարդիկ, ովքեր կողմ են արտահայտվում կամ գոնե չեզոք դիրքորոշում են վերցնում՝ «կամ-կամ», «եւ եւ» սկզբունքով, ինչ փաստարկով եւ հակափաստարկով են նրանք հանդես գալիս: Դա ինձ սարսափեցնում է ե՛ւ որպես հայ անհատ մարդու, ե՛ւ որպես Ցեղասպանության թանգարանի տնօրենի: Ի՞նչի մասին ենք մենք խոսում, երբ որ խոսքը արխիվային անհերքելի փաստերի մասին է: Պատմաբանների մոտ, չգիտեմ ուրիշների մոտ ինչպես է, կա անհերքելի վկայություն, որը նշանակում է ոչ թե ինչ-որ մեկը ասել է՝ լսել են, այլ հիմնված է արխիվային փաստաթղթի վրա: Բայց այդ ամենով հանդերձ ընդունվում է եւ-եւ սկզբունքը կամ հակադրվում է լավի- վատի սկզբունքը: Դա ինձ սարսափեցնում է, որովհետեւ այդպիսի մոտեցմամբ են իրականացնում բազում եւ բազմապիսի հանցագործություններ կամ ներվում,կամ հիմք ստեղծվում՝ հետագա հանցագործությունների համար:
Կարդացեք նաև
Երկրորդ դրվագում ինձ սարսափեցնում է այդ փաստարկային բազան եւ մոտեցումը, որը ոչ ավել, ոչ պակաս՝ թուրքական ժխտողականության նույն մոդելն է: Որոնց ներկայացնելով հազարավոր վավերագրեր, հարյուր հազարավոր վավերագրեր՝ նրանք կասեն, միեւնույն է, դրանք հավաստի չեն, պետք է անցնեն փորձաքննություն, պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով, ուստի չենք կարող ասել, որ սա ճիշտ փաստարկ է, որի հիման վրա մենք կարող ենք ճանաչել կամ դատապարտել ցեղասպանությունը: Այս երկու հանգամանքը ինձ սարսափեցնում է, ես ուրիշ բառ չեմ գտնում՝ երեւույթը որակելու համար»:
Կամո Արեյանը նաեւ ասել էր, որ ավագանին որեւէ փաստաթուղթ չի ստացել՝ Միկոյանի հակահայկական գործունեության մասին վկայող: Մեր հարցին՝ Դուք ինչո՞ւ չեք ներկայացրել ավագանուն Ձեր ունեցած փաստարկները՝ Հայկ Դեմոյանը պատասխանեց. «Մինչեւ մյուս նիստը ես պատրաստվում եմ ներկայացնել եւ հիմնավորել, թե ինչի մասին է խոսքը՝ առանձին ելույթի ձեւով: Դա իմ իրավունքն է, եւ ես օգտվելու եմ իմ այդ իրավունքից: Ես չեմ կարող հետքայլ կատարել, որովհետեւ այստեղ խնդիրը Միկոյանի արձանը չի միայն, այդ արձանը տեղադրել-չտեղադրելու հարցը չի: Շատերը չեն ուզում հասկանալ: Սա մի ամբողջ արժեհամակարգի, պատմության հիշողության ընկալման աղճատված եւ հատվածային, ձեւախեղված ընկալման դրսեւորումներից մեկն է»:
Երբ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը առաջարկել էր չեղյալ հայտարարել արձանը տեղադրելու մասին ավագանու որոշումը՝ «Ազատություն» ռ/կ-ի հաղորդմամբ՝ Տարոն Մարգարյանը փակել էր թեման՝ պնդելով, թե «այդ որոշումը չեղյալ հայտարարելու հիմքեր չկան եւ հարցը փակված է»:
Մեր հարցին՝ փաստորեն ավագանու հաջորդ նիստին փորձելու եք նորից թեման բացե՞լ՝ Հայկ Դեմոյանը պատասխանեց. «Չէ, թեման չի փակվել, գոնե ինձ համար: Ես չեմ մնալու տեսակետ արտահայտելու պասիվ դիրքում: Ես ե՛ւ որպես քաղաքացի, ե՛ւ որպես մասնագետ, ե՛ւ որպես ընտանիքի պատմություն ունեցող անձ, որը չի կարող չհարգել իր ընտանիքի պատմությունը եւ փորձությունը, ես փորձելու եմ այս պայքարը տանել տրամաբանական հանգուցալուծման: Դա ինձ համար գոնե տեսանելի է: Դա այն է, որ նման արձան չպետք է տեղադրվի Երեւանում: Ես խնդիր չունեմ Միկոյան ընտանիքի հետ: Մենք չենք կարող ՀՀ տարածքում հետ բերել մի սիմվոլ, որը խորհրդանշում է չարը, խորհրդանշում է զանգվածային սպանությունները, խորհրդանշում է վախի մթնոլորտը: Քավ լիցի, այստեղ խոսքը չի գնում խորհրդային անցյալը սրբագրելու կամ մերժելու մասին: Մենք բոլորս այդտեղից ենք գալիս: Ունենք դրական հիշողություն նաեւ: Մենք սրանով ոչ թե հակախորհրդային ակցիա ենք անում, այլ մերժում ենք մեր հիշողությունից ամենավատը, որն այսօր փորձում ենք հետ բերել»:
Մեր հարցին՝ եթե այնուամենայնիվ, արձանը տեղադրվի, մտավախություն չկա՞, որ այդ արձանը կկոտրեն՝ Հայկ Դեմոյանը պատասխանեց. «Այն, որ այդ արձանը չի տեղադրվելու, ես առավել, քան վստահ եմ: Բայց հիշենք, որ այդ էպոխայի արձանների ապամոնտաժման ժամանակ, որոնք դրվել են ժամանակին, դրանց հանելու ժամանակ նույնիսկ մարդիկ են զոհվում: Հիշենք Ստալինի արձանն ապամոնտաժելը: Այն ժամանակ զինվորականներ ապամոնտաժեցին, 4 զինվորական զոհվեց: Ուրեմն չարժի դնել այն արձանը, որը նույնիսկ տեղադրելուց եւ հանելուց մարդիկ պիտի զոհվեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ավելի լավ կլիներ, որ այս հարցազրույցը չտայիք,պ Դեմոյան: Լավ կլիներ Ձեզ համար: Սա իմ կարծիքն է: Պետք չէ այդքան ՍԱՐՍԱՓԱՀԱՐ լինել,պահպանեք առողջությունը, այսօր էլ են զոհվում հազարավոր անմեղ երեխաներ,այդ թվում նաև հա՛յ(որոնց մասին լռում են), մի քիչ էլ ՍԱՐՍԱՓԵՔ սրանց համար ու Ձեր ձայնը լսելի դարձրեք նույն ջանասիրությամբ:
Որ Անաստաս Միկոյանը Բռնապետին մօտ կանգնած բռնապետ է եղել` պատմական իրողութիւն է,
Որ այսօր Հանրապետական ղեկավարութիւնը ոչ հայերէն լեզուի իմացութիւն ունի և ոչ ալ պատմութեան` երևում է և Ազգային ժողովում և քաղաքապետարանում,
Որ բռնապետ Անաստաս Միկոյանին ուզում են հերոսացնել իր արձանը տեղադրելով Երևանի մէջ իսկ
Ազատամարտիկ հերոս գիւղապետ Հրաչ Մուրադյանին սպանեցին օր ցերեկով գիւղապետարանի առաջ, և յանցագործը յայտանբերելու փոխարէն եկան գիւղ իր այրու մօտ սպառնալու որ ճանապարհ չփակենք? Ցոյց է տալիս այս ղեկավարութեան և այս կուսակցութեան արժէքային համակարգը:
Այդ արձանը դնելու իմաաաաաաստը: