Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց Խուդոյանների գործով ներկայացված դիմումը

Հունիս 03,2014 19:09

2014 թ. հունիսի 3-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Գ. Պողոսյանի,շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Հեղինե Մակարյանի կողմից ներկայացված՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Հ. Ռ. Հարությունյանի 03.03.2014թ. որոշումը վերացնելու և գործը նախաքննության ուղարկելու պահանջների մասին դիմումի քննությունը:

Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր գործի նյութերին դիմումատուների ծանոթանալու համար: Սույն դատական նիստին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցուհի Տ. Սիրադեղյանի կողմից ներկայացվեց դիմումի լրացում՝ վարույթն իրականացնող մարմնի ոչ պատշաճ քննության վերաբերյալ լրացուցիչ պնդումներ:

Հիշյալ պնդումները վերաբերում էին վարույթ իրականացնող մարմնի կողմից միակողմանի, ոչ լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելուն, որոնք կատարվել էին գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում: Դիմումի լրացման ընթերցումից հետո, սակայն, դատարանը նշեց, որ կողմը փաստորեն նոր մանրամասն տվյալներ է ներկայացնում դատարանին, մինչդեռ, ներկայացված բոլոր հիմնավորումները վերաբերում էին գործի նյութերին, որոնց հիման վրա էլ կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու՝ վիճարկվող որոշումը: Գործով վերահսկող դատախազ Ա. Շահբազյանը ներկայացրեց  իր առարկությունները, որոնք գրեթե չէին տարբերվում նախորդ դատական նիստին ներկայացված առարկություններից:

Դիմումատուների ներկայացուցչի կողմից առարկությունների կապակցությամբ ռեժիմային անվտանգության գոտու վերաբերյալ հնչեցված դիրքորոշումների մասով դատարանը հայտնեց, որ դրանք ներկայացված չեն եղել հանցագործության մասին հաղորդմամբ, իսկ Արթուր Սաքունցի դիմում-բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունում չքննարկելու մասով դատավոր Գ. Պողոսյանն առաջարկեց դիմել համապատասխան մարմինների, եթե Արթուր Սաքունցը գտնում է, որ խախտվել են իր իրավունքները: Դատական նիստի ընթացքում դատարանը ճշտեց, թե հանցագործության մասին հաղորդմամբ կոնկրետ ինչ տվյալներ են հաղորդվել վարույթն իրականացնող մարմնին, այնուհետև անցավ փաստաթղթերի հետազոտմանը: Դատարանը փորձեց ճշտել, թե Հեղինե Մակարյանը, երբ է ստացել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված դիմում-բողոքը մերժելու մասին որոշումը: Դատարանին հայտնվեց, որ այն ստացվել է 2014 թ. ապրիլի 1-ին, իսկ դատարանի դիմումն ուղարկվել է փոստային ծառայության միջոցով՝ սույն թվականի ապրիլի 30-ին: Դատարանը դիմումատուներին խնդրեց ներկայացնել համապատասխան ապացույցներ, այն է՝ ծրար, որը կվկայեր դիմումը դատարան ուղարկելու և ոչ թե առձեռն հանձնելու մասին՝ նշելով, որ իրենց մոտ ծրարի բացակայությունը վկայում է դիմումն առձեռն ստանալու մասին:

Դիմումատուների ներկայացուցիչը բազմիցս պնդեց, որ դիմումը դատարան ուղարկվել է փոստային առաքման միջոցով և համապատասխան ծրարը, որով ստացվել է դիմումը, պետք է առկա լինի հենց դատարանում: Նախագահող դատավոր Գ. Պողոսյանը հայտարարեց 5 րոպե ընդմիջում, և բոլոր ներկաները, բացի դատախազ Ա. Շահբազյանից, հեռացվեցին նիստերի դահլիճից: Ընդմիջումից հետո դատարանը պարզեց՝ արդյո՞ք կողմերն ունեն ավելացումներ, որից հետո անցավ  խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, նշելով, որ որոշումը կհրապարակվի քիչ անց: Սույն գործով որոշումը հրապարակվեց շուրջ 4 ժամ անց, որով դատարանը մերժեց ներկայացված դիմումը՝ օրինական և հիմնավորված համարելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Դատարանի 03.06.2014 թ. որոշումը կողմերին կտրամադրվի 2014 թ. հունիսի 4-ին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և Հեղինե Մակարյանը պատրաստվում են ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30