Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» պաշտպանները պահանջում են բեկանել դատավճիռը կամ՝ արդարացնել

Հունիս 03,2014 18:59

Պաշտպանության նախարարության  հոսպիտալի բժիշկ, սպա Վահե Ավետյանի մահվան, նրա ընկերներին բռնարարքի ենթարկելու գործով ՀՀ վերաքննիչ դատարան բողոք են բերել Ավան եւ Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 24-ի դատավճռով տասներկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Նորայր Հայրապետյանը, Արման Խաչատրյանն ու Բաղդասարյանը, Արթուր Բաբլոյանը:

IMG_4449

Նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն անդրադարձավ իր պաշտպանյալի կատարած գործողություններին:

Նա ասաց, որ պետք է Նորայրի նկատմամբ պատիժ սահմանել միայն Գարիկ Սողոմոնյանին ապտակելու համար:

Պաշտպանն ասաց, որ երկու տարի նախաքննության մարմինը չէր կարողանում բացահայտել այս հանցագործությունը, բոլոր ամբաստանյալների համար առաջադրել էր այն, որ նրանք միասնական դիտավորությամբ, խմբով, ծեծի են ենթարկել տուժողներին:

Երեմ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալը հարվածել է Գարիկին, քանի որ նա հայհոյել է : Տուժողը դատարանում ասել էր, թե կոնկրետ Նորայր Հայրապետյանին չի հայհոյել, այլ «վերացական» հայհոյել է:

Պաշտպանի այն հարցին էլ, թե տուժողը հանգիստ զրուցելիս է եղել Նորայրի հետ, եւ նա կարո՞ղ էր նրան հարվածել, տուժողը դատարանում ասել էր, թե «Դե, եթե հարվածելու լիներ, կհարվածեր»:

Երեմ Սարգսյանն անդրադարձավ իր պաշտպանյալի անկեղծ զղջալուն, երբ նրան հայհոյել է Վահե Ավետյանը, նա հարվածել է, ինչի հետեւանքով Վահեն ընկել է.«Իր վնասվածքը ես եմ հասցրել, ես իմ խղճի առաջ մաքուր եմ, դիտավորություն չեմ ունեցել»:

Չորս տուժողներն ըստ պաշտպանի վերաքննիչ բողոքի, այլ բան չեն տեսել, քանի որ հայտնել են, թե իրենք գտնվել են հեռավորության վրա:

Ըստ պաշտպանի բողոքի. «Մեղադրանքի կողմը արհեստական հակասություններ ստեղծելով, փորձել է ապացուցել, թե արժանահավատ են միայն տուժողների ցուցմունքները: Մեղադրողից չտարբերվեց նաեւ դատարանը»:

Երեմ Սարգսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տուժող Արկադի Աղաջանյանի մարմնի վրա որեւէ վնասվածք չկա, բայց իր պաշտպանյալի վրա ոչ միայն կա, այլ դատաբժշկական փորձագիտությամբ դա հաստատվել է, սակայն քրեական գործ չի հարուցվել այդ առիթով:

«Ինչո՞ւ ընթացք չի տրվել այդ հաղորդմանը»,-հարցնում էր պաշտպանը:

Ըստ Ե. Սարգսյանի, դատավճիռն իր խստությամբ աննախադեպ է, եւ «Դատալեքս» համակարգով նա փորձել է գտնել մեկ նմանատիպ դատավճիռ, չի հաջողվել:

Նա հղում արեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին,  համաձայն որի, որեւէ մեկի համար հավասար պատիժ չի հասնում:

Նա վերաքննիչ դատարանի կազմին՝ Եվա Դարբինյանին, Գագիկ Ավետիսյանին եւ Սերգեյ Չիչոյանին ասաց, որ ոչ միայն հավասար էր եղել պատժաչափը, այլ՝ նույնաբովանդակ էր մեղադրանքը, յուրաքանչյուրի գործողությունները չեն կոնկրետացվել, թե ով ում է հարվածել, ինչով, որտեղ, եւ որ մեղադրանքն «ընդհանրական» էր: Երեմ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ եթե դեպքը տեղի ունենար այլ վայրում, ոչ թե «Հարսնաքարում», անարդար դատավճիռ չէր լինի:

Մարինե Թովմասյանը ներկայացրեց ոչ միայն իր պաշտպանյալի՝ Գարիկ Մարգարյանի բողոքը, այլ հանձն էր առել ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանի պաշտպանությունն իբրեւ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան:

Նա ասաց, որ Դավիթն հարվածել է Վահե Ավետյանի դեմքին՝ քթին, քանի որ նա, իր ընկերների հետ վիրավորել է մատուցողի արժանապատվությունը, հայհոյել նրան, չի ընդունել այն դիտողությունը, թե սպորտային համազգեստով չի կարելի գալ ռեստորան: Վահե Ավետյանը հեռացել է, ասելով, թե« տասներկուսին հինգ պակաս էլ լինի գալու է», իմանալով, որ տասներկուսին ռեստորանը փակվելու է:

Ըստ Մարինե Թովմասյանի, Դավիթն իր հետ կատարվածի մասին անմիջապես հայտնել է տնօրենին՝ Հրաչյա Զոհրաբյանին:

Վահե Ավետյանն առաջարկել է մատուցողին իրենց հետ խմել, երբ նա հրաժարվել է, ասել է. «Այդքան հետույք չունե՞ս, որ խմես…Տենց մի նայի, կայֆավատ ենք լինում»: Մարինե Թովմասյանն ասաց, թե խուսափում է օգտագործել «սուտ ցուցմունք» բառը, նրա կարծիքով տուժողները տվել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:

Նա դեմ արտահայտվեց քաղհայցին, ասաց, որ առաջին ատյանի դատարանը քաղհայց է ընդունել սեփականատիրոջ դեմ, որը դատավարության կողմ չի :

Ըստ նրա պատճառը մեկն էր.«հանրային ատենակալներն» ու հանրային կարծիքը:

Բողոքների քննությունը նշանակվեց հունիսի 6-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30