Լրահոս
Օրվա լրահոսը

«Միկոյանն այրվում է դժոխքում». Նարինե Թուխիկյան

Հունիս 03,2014 18:00

«Միկոյանական» օրերը շարունակվում են, շարունակվում է նաև «դեմ», մի քիչ էլ` «կողմ» կարծիքների հոսքը: Միկոյանին ակտիվացնելը առիթ դարձավ, որ ջրի երես դուրս գան շատ հայտնի ու անհայտ փաստեր, ժամանակի շատ իրադարձություններ երևան նոր մեկնաբանություններով:

«Միանշանակ արձանը չպիտի տեղադրվի Երևանում և առհասարակ` ինչ-որ այլ վայրում: Քանի արձան արդեն կա՝ բավական է: Իզուր էր այս ամբողջ թեման երևան հանելը, որովհետև Միկոյանն արդեն իսկ այրվում է դժոխքում, պետք չէր մոխիրը թեժացնել: Այն արձանը, որը ցանկանում են տեղադրել, Մոսկվայի մահարձանի ու Սանահինում կանգնեցված արձանի կրկնօրինակն է: Սա տգիտություն ու անճաշակություն է: Նման ճաշակ ունեցող մարդիկ, իհարկե, պիտի հավանեն այդ քառակուսի, «ախմախ» արձանը. սա հարցի գեղագիտական կողմն է: Անգամ զուտ գեղագիտական առումով այդ արձանի տեղադրումը նշանակում է կողմ լինել ստալինյան ռեժիմին, որովհետև «Միկոյան» ասելով մենք հասկանում ենք ոչ այլ ինչ, քան բռնապետություն»: Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը համոզված է, որ արձանը չի տեղադրվելու: Պատճառները շատ են, իսկ հակառակ ապացույցները ծանրակշիռ չեն. Միկոյանի կենսագրությունն ավելի «բարձր է բղավում», քան արձանը տեղադրելու կողմնակիցների «արդարացումները»:

1937-1939 թվականներին հերթականությամբ գնդակահարվում են Թումանյանի վերջին երեք զավակները. այսպիսով` Թումանյանի «ճյուղը կտրվում է» : Ողջ է մնում միայն մեծ տղայի որդին՝ Վիգենը, որն էլ 1941 թվականին է զոհվում: 30-ականներին տիկին Օլգան՝ Հովհաննես Թումանյանի կինը, մեկնում է Մոսկվա՝ ձերբակալված որդիների համար բարեխոսելու, սակայն Միկոյանը թույլ չի տալիս կնոջն անգամ ներս մտնել իր տուն: Ճիշտ նույն կերպ 1969 թվականին՝ Հովհաննես Թումանյանի հարյուրամյակի առթիվ կազմակերպված տոնախմբության ժամանակ, երբ ի թիվս շատ հայտնի գործիչների, Միկոյանը ևս ներկայանում է տուն-թանգարան, տիկին Օլգան թույլ չի տալիս Անաստաս Միկոյանին ներս մտնել՝ բոլորի ներկայությամբ նրան անվանելով «անաստված Անաստաս»:

Շատերն են այսօր շահարկում ինչ-ինչ լուսանկարներ, որտեղ Անաստաս Միկոյանը պատկերված է Թումանյանի տուն-թանգարանի առջև: Տիկին Թուխիկյանը չի բացառում, որ Միկոյանը կարող էր նկարվել մուտքի դիմաց, բայց վստահեցնում է, որ նա թանգարան մուտք չի գործել:

«Հակառակ կողմը թող ինչքան ուզում է երկրպագի ու ծաղիկներ տանի Միկոյանի արձանին: Եթե մարդիկ չեն տեսնում, որ նա անմեղ մարդկանց է զոհել՝ սեփական կաշին փրկելու համար և սրա վրա աչք փակելով հիմք են ընդունում Միկոյանի դիվանագիտական քայլերը, հաջողությունները՝ պաղպաղակի և արդյունաբերության ասպարեզում, այստեղ ուղղակի խոսքեր չկան: Նշանակում է` նրանք էլ են պատրաստ պատեհ առիթով նույնը կրկնել. լեհերի ցեղասպանություն կազմակերպել, անմեղ մարդկանց արյուն հեղել՝ իրենց կաշվի համար: Բացառված չէ, որ նույնիսկ իրենց երեխաներին պատրաստ լինեն զոհել: Շատ ափսոս Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Ես ինքս շատ վատ եմ զգում, որ իր ընտանիքում կա մեկը, ով կարող է արդարացնել բռնությունը: Տարոն Մարգարյանը եթե դեմ չի գնում այդ որոշմանը, նշանակում է ՝ ևս կողմ է բռնատիրությանը՝ մոռանալով, որ իր հայրն էլ է տուժել ստալինյան ռեժիմից»,- ասում է Նարինե Թուխիկյանը:
Չկա չարիք՝ առանց բարիքի. շարունակում է թանգարանի տնօրենը. «Մենք շատերին ճանաչեցինք: Ճանաչեցինք արվեստի ներկայացուցիչների, որոնց նկատմամբ ժամանակին բավականին պատկառանքով ու հարգանքով էինք լցված: Հիմա շատերին որոշ վերապահություններով եմ ընդունում: Գիտեք, եթե նրանց պարտադրված էր արձանի համար կողմ քվեարկել, կարող էին ուղղակի վայր դնել մանդատն ու մաքրել իրենց խիղճն ու չպղծվել: Բայց այս մարդիկ չգնացին այդ ճանապարհով:

Փառք Աստծո, մեր հանրությունը շատ առողջ հանրություն է, որը երբեք թույլ չի տա, որ նման բան կատարվի: Կրկնվեմ. համոզված եմ, որ արձանը երբևիցե չի տեղադրվելու»:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Zaruhi says:

    ԿԵՑԵՍ ՏԻԿԻՆ ԹՈՒԽԻԿՅԱՆ

  2. Գագո says:

    Հաղորդեք այդ անտեղյակ նախկին լրագրողուհուն, որ շատ վատ գիտի իր իսկ ղեկավարած թանգարանի պատմությունը և նրա բացման մասին եղած վավերագրական կինոնյութերը, իսկ եթե մի քիչ գոնե տեղյակ լիներ, ապա կտեսներ այդ կադրերում Միկոյանին Թումանյանի ժառանգների ուղեկցությամբ թանգարանի ցուցանմուշներին ուշադրությամբ ծանոթանալիս:

  3. Hayk says:

    Сегодня в Сирии льется кровь невинных армян! Г-жа Тухикян, мне интересно, Вы так же горюете за этих людей, как за поляков? Если да, то каким образом? А если нет, тогда грош цена Вашим словам! Тем более лживым! Но в одном Вы правы—мы тоже переоценили многих! Например Вас(((((

  4. piruz says:

    Տիկին Թուխիկյանին մաղթում եմ ուժ և հետևողականություն շարունակելու այս դժվար առաքելությունը, որ իրեն էլ է բաժին հասել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30