Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

Հունիս 03,2014 17:43

Հունիսի 3-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ դրական եզրակացությամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը»:

Այնուհետեւ Գագիկ Մինասյանը տեղեկություններ հաղորդեց իր գլխավորած հանձնաժողովի կողմից Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության` Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի (SANAP) օժանդակությամբ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքի մասին:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության` ՀՀ ԱԺ-ին աջակցման ծրագրի տնօրեն Շոն Մակնելին ներկայացրեց ծրագրի կողմից պատրաստված «Խորհրդարանական վերահսկողության հետօրենսդրական (ընդունված օրենսդրության կիրարկման նկատմամբ) ուսումնասիրություն. համեմատական ամփոփաթերթ» փաստաթուղթը, որտեղ վերլուծվել եւ ամփոփ ձեւաչափով ներկայացվել են Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Շվեդիայի, Էստոնիայի, Ֆիլիպինների, Սլովակիայի, Նիդեռլանդների եւ Ռումինիայի կանոնակարգերը եւ խորհրդարանական ակտերը: Ծրագրի տնօրենը տեղեկացրեց, որ փաստաթղթում ներկայացված տարբեր վերահսկողական մեխանիզմներն օգտագործվում են տվյալ երկրների խորհրդարանների կողմից հետօրենսդրական վերահսկողություն իրականացնելու նպատակով: Շոն Մակնելին խնդրեց հանձնաժողովի անդամներին ուսումնասիրել փաստաթղթում ներկայացված վերահսկողական մոդելները եւ առաջարկներ ներկայացնել ՀՀ խորհրդարանում դրանց կիրառելիության հնարավորության վերաբերյալ:

Հանձնաժողովի անդամները կարեւորեցին ներկայացված փաստաթուղթը եւ դրա վերաբերյալ ներկայացրին իրենց դիրքորոշումները:

ԳՄՀ ընկերության «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդական Հովհաննես Մարգարյանցը նշեց, որ ընկերությունը հանձնաժողովի հետ համատեղ արդեն իրականացրել է մեծ աշխատանք՝ ուղղված ծրագրային բյուջետավորման օրենսդրական սահմանմանը, բյուջեի գործընթացում խորհրդարանական վերահսկողության միջազգային փորձի ուսումնասիրությանը, հանրային ֆինանսների կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես բյուջետային գրասենյակի հիմնադրման հետ կապված իրավական դաշտի մշակմանը: Պարոն Մարգարյանցը տեղեկացրեց, որ հուլիսին հանրային ֆինանսների կառավարման ոլորտի հիմնական գործընկեր կառույցների՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ կառավարության եւ ՀՀ ՎՊ ներկայացուցիչների հետ համատեղ նախատեսվում է իրականացնել հանդիպում-քննարկում, որտեղ կներկայացվեն ընկերության կողմից Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման համակարգի զարգացման օժանդակությանն ուղղված աշխատանքների երկրորդ փուլի գործունեության ծրագիրը:

Երկկողմ համագործակցության շրջանակներում Գագիկ Մինասյանը եւ Հովհաննես Մարգարյանցը կարեւորեցին Հայաստանում բյուջետային գրասենյակի հիմնադրումը եւ դրա կարողությունների հետագա զարգացմանն ուղղված աջակցությունը, հանրային ֆինանսների կառավարման ոլորտում ժամանակակից աշխարհում արձանագրված միտումների ուսումնասիրությունը եւ կիրառման հնարավորությունը Հայաստանում, բյուջեի միջնաժամկետ ծախսերի ծրագրում խորհրդարանի ներգրավվածության աստիճանի վերաբերյալ ուսումնասիրությունների եւ առաջարկությունների ներկայացումը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կարեւորելով հանձնաժողովի եւ միջազգային երկու կազմակերպությունների միջեւ համագործակցությունը, բարձր գնահատեց համատեղ կատարված ծավալուն աշխատանքը եւ համոզմունք հայտնեց, որ այն կլինի շարունակական:

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Ռուբեն Հովսեփյանի, Վրեժ Մարկոսյանի եւ Արմեն Մխիթարյանի հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց հիմնական զեկուցող Հակոբ Հակոբյանը:
Օրենքի նախագծով առաջարկվում է, որ չվճարված կենսաթոշակի գումարը վճարել ամբողջ ժամանակահատվածի համար՝ առանց ժամկետային սահմանափակման, ինչպես նաեւ ՀՀ-ում չգտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարել առանց սահմանափակումների:

Հարակից զեկույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում կավելանա կենսաթոշակների վճարմանն ուղղված ծախսերը, իսկ կենսաթոշակների վճարումը ֆինանսավորելու համար 2-3 տարում կպահանջվի միանվագ 25 մլրդ դրամ, իսկ լրացուցիչ միջոցները կկազմեն 10-15 մլրդ դրամ: Ուստի նախարարի խոսքով`օրենքը վերանայելու անհրաժեշտություն այս պահին կառավարությունը չի տեսնում:

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի առաջարկով օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց:

ՀՀ ԱԺ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30