Կնոջը վրաերթի ենթարկած վարորդը պնդում է, որ մեղավոր չէ
«Դատաքննության ընթացքում գործով առկա ապացույցները դատարանի կողմից գնահատվում են հայեցողաբար եւ ոչ օբյեկտիվ, եւ արդյունքում կայացվում է մեղադրական դատավճիռ»,- այսօր՝ հունիսի 4-ին, «Ֆորում» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով 2012 թվականի օգոստոսին Տիգրան Պետրոսյան փողոցում տեղի ունեցած վրաերթի դատական գործին, հայտարարեց փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Անցած տարվա օգոստոսի 31-ին ժամը 19:30-ի սահմաններում Երեւանի Տիգրան Պետրոսյան փողոցում Արտակ Ավդալյանը «Ջիպ Գրանդ Չերոկի» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը հատող Գոհարիկ Ավալյանին, վրաերթի արդյունքում վերջինս մահացել է:
Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը Արտակ Ավդալյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման եւ զրկել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով: Իսկ վերաքննիչ դատարանի կողմից բեկանվելուց հետո՝ առաջին ատյանի դատարանում բավարարվել է տուժող կողմի՝ որպես վթարի հետեւանքով պատճառած վթարի փոխհատուցում, 2 միլիոն դրամի պահանջը:
Կարդացեք նաև
Պարոն Բալոյանը նշեց, որ դատավճռի հիմքում բացակայում են վարորդի մեղավորությունը եւ նյութական վնասի չափը հիմնավորող ապացույցները, նաեւ չկան ապացույցներ այն մասին, թե տուժողը վրաերթի նախորդող պահին փողոցը հատել է ճանապարհի եզրից հանգիստ քայլերով եւ ճանապարհի եզրից մինչեւ վրաերթի պահն անցել է 7 մետր տարածություն:
Փաստաբանը նշեց, որ միակ ապացույցը տուժողի քրոջ ցուցմունքն է, որը առաջին անգամ ցուցմունք է տվել դեպքից 3 ամիս անց եւ պնդել է, որ ժամը 19:05-ի սահմաններում դեպքի վայրում քույրն իրենց մեքենայից իջել է, որից հետո նա հետ շրջվելով տեսել է, թե ինչպես է քույրը հանգիստ քայլերով հատում փողոցը, սակայն չի տեսել բուն վրաերթի պահը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ռուբեն Բալոյանը նշեց, որ գործում առկա է նաեւ երկրորդ վկան՝ Հակոբ Քոչարյանը: Նա իր առաջին ցուցմունքում ասել է, որ դեպքի պահին հորդառատ անձրեւ է տեղի ունեցել, սակայն հետագայում փոխել է այն: Նա նաեւ հավելեց, որ դատաքննության ընթացքում իրենք հարց են բարձրացրել, որ վկա Հակոբ Քոչարյանը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները եւ Գոհարիկ Ավալյանի վրաերթը պայմանավորված է վկայի գործողություններով.
«Նախորդ պահին Քոչարյանը քայլել է, իսկ դրանից հետո քայլերն արագացրել է եւ մի փոքր հանգուցյալից առաջ է ընկել, վարորդը ստիպված կտրուկ մանեւրել է դեպի ձախ, որպեսզի խուսափի վրաերթից, բայց ստացվել է մի պահ, որ երկու հետիոտներն էլ գտնվել են ավտոմեքենայի դիմաց, որպեսզի երկու հետիոտներին էլ միառժամանակ վրաերթի չենթարկի, Արտակ Ավդալյանը մի փոքր մանեւրել է ձախ, ըստ էության, վկա Քոչարյանի վրաերթից խուսափել է եւ վրաերթի է ենթարկել Գոհարիկ Ավալյանին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ավետ Ավդալյանն էլ հավելեց, որ այս երկու տարիների ընթացքում վատառողջ է եղել եւ նույնիսկ 1 ամիս հիվանդանոցում է գտնվել, սակայն դատավորը արգելել է իրեն երկրից դուրս գալ՝ համապատասխան բուժումը ստանալու նպատակով, եւ նույնիսկ դատական նիստերը չեն հետաձգվել. «Դրա հետեւանքով դարձել եմ 3-րդ կարգի հաշմանդամ, չթողեցին գնամ բուժվեմ գամ»:
Պարոն Բալոյանը հայտարարեց, որ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի փորձագետ Ցոլակ Գեւորգյանի կողմից օգտագործվել են ակնհայտ սխալ գործակիցներ, որոնք հիմնավորել են ՀՀ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության եւ ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետների գրությունները: Նա նաեւ հավելեց, որ փորձագետ Ցոլակ Գեւորգյանը եւ գործի քննիչ Աշոտ Ասատուրյանը իրավապահների ուշադրության կենտրոնում են. Ց. Գեւորգյանը կասկածվում է առեւտրային կաշառք ստանալու մեջ, իսկ Ա. Ասատուրյանը՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ կեղծիքներ կատարելու մեջ: Ամփոփելով իր խոսքը՝ պարոն Բալոյանը հայտարարեց, որ դատավորը հակված էր Արտակ Ավդալյանին դատապարտել:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Ռուբեն Բալոյանը կարծում, որ դատարանը հակված է պարոն Ավդալյանին դատապարտել, նա պատասխանեց.
«Որպեսզի արդարացում չլինի: Արդարացման դատավճիռը քաղցի նման մի բան է, որ մենք չունենք այսօր, արդարացման դատավճիռ հազվադեպ է լինում: Սա այդ դեպքն է, որ պետք է կայացվի արդարացման դատավճիռ, բայց ինչո՞ւ կայացվեր, ո՞ւմ համար, ինչո՞ւ հետիոտնին մեղադրեին. Այս գործով հանգիստ կարող են հետիոտնին մեղադրել, եթե հետիոտնին դատապարտեին քրեական օրենսգրքի 247 հոդվածի 2-րդ մասով, ուրեմն՝ այս դեպքում եւս պետք է Արտակ Ավդալյանի մասով արդարացման դատավճիռ կայացվեր»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ