«ՀՀԿ-ն միշտ էլ հայտարարել է, որ Սահմանադրական փոփոխությունների եւ ԸՕ-ի փոփոխությունների շրջանակում մենք պետք է անդրադառնանք շատ հարցերի ու փոփոխություններ կատարենք»,- Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ-ում ինչպե՞ս են վերաբերվում այն 12 պահանջներին, որոնք «հրաշալի քառյակը» պատրաստվում է ներկայացնել, ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, 12 կետերը կհրապարակվեն առաջիկա քառօրյա նիստերի ժամանակ: Առայժմ պարզ է միայն, որ դրանցից մեկը վերաբերվում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն:
«Մենք շատ ուրախ ենք քառյակի ակտիվության համար. դա մեզ ավելի զգոն է պահում: Ուրախ ենք նաեւ, որ հնարավորություն կա գաղափարական դաշտում քննարկումներ տանել եւ որոշումներ կայացնել: Համենայնդեպս, մենք միշտ էլ քննարկման կողմնակից ենք եղել եւ ոչ մի անգամ չենք բացառել թեկուզ միասնական քննարկումը՝ ոչ միայն քառյակում, ընդհանրապես պառլամենտական խմբակցություններում եւ արտախորհրդարանական ուժերի հետ»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը՝ առայժմ ձեռնպահ մնալով կանխագուշակումներ անել 12 կետերի մասին՝ կհրապարակվեն՝ հետո:
Ինչ վերաբերում է նրան, որ քառյակը մինչեւ աշուն ժամանակ է տալու իր պահանջների կատարման համար եւ աշնանը՝ միասնական հանրահավաքում ամփոփելու է արդյունքները, մեր զրուցակիցն ասաց, որ ինքը նման իմպերատիվ մոտեցումների կողմնակից չէ ու հավելեց, որ սպասվելիք բարեփոխությունների շրջանակներում իշխող քաղաքական ուժը պատրաստ է ներկայիս իրավիճակին հարիր փոփոխությունների:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ