Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «23 տարվա ջանքերից հետո՝ Հայաստանը չի կարողանում հանձնել պետականության ստուգարքը»

Հունիս 03,2014 16:18

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը չի հասկանում, թե ո՞րն է Եվրասիական տնտեսական միությանը այդքան համառորեն ձգտելու Հայաստանի շահը. «Ինձ հասկանալի է Ռուսաստանի շահը, Բելառուսի, Ղազախստանի, անգամ Ադրբեջանի շահերը… բայց ես փորձում եմ հասկանալ Հայաստանի շահը, եւ չեմ հասկանում, թե ո՞րն է այդ շահը եւ ինչպես է Սերժ Սարգսյանը պաշտպանում Հայաստանի շահը: Երբ սեպտեմբերի 3-ին ասվեց, որ Հայաստանը գնում է Մաքսային միություն, դրա տողատակին դրված էր անվտանգությունը, եւ ակնկալիքը, որ Արցախի հարցը լավ տարբերակով կլուծվի: Եվ հասարակության մի շերտ ասում էր՝ ջհանդամ, թող անդամակցենք այդ միությանը, բայց Ղարաբաղի հարցը լուծվի: Մյուս մասը հենց սկզբից էլ հասկանում էր, որ դա հնարավոր չէ»,-ասաց նա այսօր «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկման ժամանակ:

Լեւոն Բարսեղյանին այնքան էլ չէր զարմացրել,որ այս քննարկմանը հրավիրված «եվրասիամետ» ուժերից ոչ ոք չէր եկել՝ ոչ իշխանությունից, ոչ էլ՝ ոչ իշխանությունից: Այդուհանդերձ, նա կոչ արեց, որ գոնե այս կարգի քննարկումներին գան, այլ տեսակետ լսեն, բանավիճեն, որովհետեւ Ազգային ժողովում նման քննարկումներ չեն ընթանում, այնտեղ հավաքվածների համար այս ամենն այնքան էլ կարեւոր չէ. «Երեկ էլ հասկացանք, որ քառյակի համար էլ հիմա կարեւոր իրադարձություններ չեն ընթանում, որ քննարկեն… աշնանը նոր կանդրադառնան երկրում ստեղծված իրավիճակին: Երեւի նոյեմբերի 31-ին, կամ՝ 32-ին… »:

«Ոչ իշխանական» քառյակին իր խոսքում անդրադարձավ նաեւ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Ստեղծված իրավիճակը, որ, ըստ նրա, տանում է դեպի Հայաստանի պետականության կորստի, կարող էին կանխել իշխանությունները՝ չարեցին: Կարող էին անել ԱԺ խմբակցությունները՝ չեն անում, եւ խոսում են միայն իշխանափոխությունից, ասելով, որ համակարգային փոփոխություններ են պետք, չասելով, թե կոնկրետ ինչ: Ըստ Դ. Շահնազարյանի անհրաժեշտ է կանգնեցնել դեպի կործանում տանող այս գործընթացը՝ Ռուսաստանի կայրսերապաշտական նկրտումներին տրվելը, եւ կազմաքանդել կոռումպացված քրեաօլիգարխիկ համակարգը: Ու քանի որ այս կարեւորագույն խնդիրները Ազգային ժողովի մակարդակով չեն բարձրացվում, մնում է բարձրացնել քաղաքացիական հասարակության մակարդակով՝ «այլ ճանապարհ չունենք»:

Իր խոսքի ամփոփման ժամանակ Լեւոն Բարսեղյանը ցավով նկատեց, որ արդեն 23 տարի անկախություն կերտող Հայաստանը չի կարողանում հանձնել պետականության ստուգարքը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    բոլորիդ բանտարկելու ու գնդակահարելու են ամերիկցիք, փող ստանալու և գործ չանելու համար 😀 😀

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30