Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմինֆո. Հայաստանի (ներառյալ Արցախի ՊԲ) զինված ուժերի կորուստները

Հունիս 03,2014 16:06

Ռազմինֆո. Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի մայիսի 1-ից 31-ն ունեցել է 5 զոհ և 5 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 3-ով։

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Կորուստներ

2014 թվականի մայիս ամսվա 5 կորուստներից 3-ը մարտական են, 2-ը՝ ոչ մարտական։ Մարտական կորուստները գրանցվել են Պաշտպանության բանակում, իսկ ոչ մարտականները՝ ՀՀ ՊՆ զորամասերում։

Մարտական կորուստներ

– Մայիսի 20-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է 1994 թվականին ծնված զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Սեյրանի Օհանջանյանը:

Մայիսի 21-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանին հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել ։

– Մայիսի 25-ին հայ-ադրբեջանական զորքերի առաջնագծի հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի դիպուկահարից զոհվել է փոխգնդապետ, գումարտակի հրամանատար Գարիկ Էդիսոնի Բալայանը:

– Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

Ոչ մարտական կորուստներ

-Մայիսի 10-ին ժամը 08։50-ի սահմաններում Իջևանում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 365-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը:

-Մայիսի 11-ին` ժամը 18:03-ի սահմաններում, Արփա գետի երկայնքով սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են զինծառայող, ավագ-լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:
Դեռևս մայիսի 3-ին քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը։
Զինծառայողի դին դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, բայց եզրակացության մասին դեռևս վաղ է ինչ-որ բան ասել։

Վիրավորներ

2014 թվականի մայիս ամսվա ընթացքում հայկական զինուժն ունի հայտարարված 5 վիրավոր, որից միայն մեկի անունն է հայտնի։

-Մայիսի 26-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականի ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:
-Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Դիվերսիան հետ մղելիս հայկական կողմը վիրավորներ է տվել, որոնց թիվը, ըստ պաշտպանության նախարարության և Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալի պետի, 4-ն է։

Հավելենք, որ մայիսի 31-ին Սեյրան Օհանյանը վիրավոր զինծառայողներին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» մեդալով։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից 31-ը հայկական զինուժն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր, փետրվարի 1-28-ը` 1 զոհ, մարտի 1-31-ն՝ 5 զոհ և 2 վիրավոր, ապրիլին 1-30-ը՝ 1 զոհ և 1 վիրավոր։ Իսկ ահա մայիսի 1-31-ն կորցրել է 5 զինծառայողի, վիրավորվել են 5-ը։ Այսպիսով՝ այս տարի հայկական զինուժը կորցրել է 16 զինծառայողի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30