«Սխալ եմ համարում պատմական կերպարներին սկսել դատելն այսօր և եզրակացություններ ձևավորելը»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԽՍՀՄ գործիչ Անաստաս Միկոյանի կերպարին ու նրա մասին հնչող տարաբնույթ մեկնաբանություններին` այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Հարցին` արդյոք Անաստաս Միկոյանի կատարածը, մասնավորապես, որ նա հայերի գնդակահարություններ է պատվիրել, կարելի՞ է համեմատել Օսմանյան կայսրության առաջնորդների արարքների հետ և արդյոք դա՞ էլ է պատմություն, պարոն Մանուկյանն արձագանքեց. «Դա պատմություն է, բաց Հայոց ցեղասպանությունը և Հայ դատը պատմություն չեն. դա մեր պետության այսօրվա խնդիրն է»:
Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հետ կապված խնդրի մասին խոսելով, պարոն Մանուկյանը կարծիք հայտնեց, թե կարևոր է, որ նման որոշումներ կայացնելիս հաշվի նստեն հանրության կարծիքի հետ, հարցը անցնի հանրային քննարկման: Մյուս կողմից էլ փաստեց, թե որևէ որոշում չի կարող հանրության բոլոր շերտերի նպատակներն ու ցանկությունները բավարարել:
Անդրադառնալով ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի բարձրացրած խնդիրներին, որոնք վերաբերում են քրեակատարողական հիմնարկում գոյություն ունեցող խնդիրներին ու պայմաններին, նախարարը փոխանցեց. «Ամեն դիմումի նախարարն անձամբ արձագանքել չի կարող և լինել համապատասխան հիմնարկում: Դրա համար կան համապատասխան քրեակատարողական հիմնարկների համապատասխան պաշտոնյաներ, որոնք նման խնդիրներին ու դիմումներին արձագանքում են: Իրավիճակի վերաբերյալ մանրամասների չեմ տիրապետում, քանի որ անձամբ դիմում չեմ ստացել տվյալ դատապարտյալից»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ