Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գազի հանձնաժողովը» միջանկյալ զեկույց կներկայացնի

Հունիս 03,2014 15:21

Խորհրդարանի առաջիկա քառօրյա նիստում կամ դրան հաջորդելիք արտահերթ նիստում «գազի հանձնաժողովը» միջանկյալ զեկույց կներկայացնի: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Միքայել Մելքումյանը:

Հաղորդման տեքստն առայժմ հանձնաժողովում չի քննարկվել ու քվեարկվել, բայց հանձնաժողովի առանձին անդամներն արդեն իրենց կարծիքը ձեւավորել են:

Միաժամանակ, մեր զրուցակցի կարծիքով, ամենայն հավանականությամբ նաեւ առաջարկ կներկայացվի՝ հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ տարեվերջ երկարաձգելու մասին:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ինքն արդեն ունի կոնկրետ եզրահանգումներ եւ հարցադրումներ՝ կապված եւ սակագնի ձեւավորման հիմքերի հետ՝ սահմանից մինչեւ սպառող, թե իրավաբանական անձանց, թե քաղաքացիների հետ կապված որոշակի ծախսերի ուռճացված լինելու մասին: Խնդիրներ կան նաեւ գերնորմատիվային կորուստների հետ կապված: Հանձնաժողովի կողմից սահմանված կորուստի չափը 5.37 տոկոս է, բայց փաստացի, դրանք հաճախ շատ ավելին են:

Միքայել Մելքումյանն առայժմ ձեռնպահ մնաց թվային տվյալներ հրապարակել, քանզի դրանք կլինեն հանձնաժողովի կողմից ներկայացվելիք հաղորդման մեջ:

Խնդրահարույց իրավիճակ կա նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վրա գազի սակագնի ազդեցության մասով: «Էլեկտրաէներգիայի մեկ կիլովատ ժամի դիմաց 30 դրամը չպետք է դառնար 38 դրամ: Իմ կարծիքով այդ գինն արդարացված չէր, ավելի քիչ պետք է լիներ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ խնդիր կա նաեւ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս պետական բաժնեմասի գնահատման հետ, քանզի գնահատումը չի կայացել պետգույքի մասնավորեցմանը հատուկ ընթացակարգերով: Խնդիրներ կան նաեւ գազի ներտնային սպասարկման մենաշնորհի հետ կապված:

Հիշեցնենք, որ ներտնային սպասարկումը կազմակերպում է «Էյ-Ջի» սերվիսը:

Հարցին՝ հանձնաժողովի ընդդիմադիր անդամների եզրահանգումները որքանո՞վ են համընկնում իշխանական անդամների եզրահանգումների հետ, մեր զրուցակիցը հստակ պատասխան չտվեց՝ հորդորելով առաջ չանցնել եւ սպասել հանձնաժողովի պաշտոնական եզրակացությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30