Այսօր մեկնարկեց «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը: 18 ամիս տևողությամբ և 949 670 եվրո բյուջեով ծրագիրն իրականացնում է Բրիտանական խորհուրդը, այն ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց. «Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի՝ Եվրոպական միության մերձեցման գործընթացը, նպաստել ժողովրդավարության և արդյունավետ կառավարման ամրապնդմանը»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան բացման խոսքում հայտարարեց, թե ԵՄ-ն հիմնականում աշխատում է ՀՀ քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ ու շեշտեց. «Չնայած Արևելյան գործընկերության բոլոր երկրները ձգտում են այդ գաղափարներին, սակայն, քաղաքացիական հասարակության հնարավորությունները մնում են սահմանափակված։ ՀՀ-ն զերծ չէ ասվածից և այստեղ կարելի է դիտարկել այդ միտումները: Մեր ռազմավարության նպատակներից է հզորացնել ժողովրդավարական կառույցները, ավելացնել օբյեկտիվ տեղեկատվության մատչելիությունը, ապահովել քաղաքական բազմակարծությունը: Քաղաքացիական հասարակության և նրա դերակատարները գնալով ավելի մեծ դերակատարություն են ստանձնում, որպեսզի ավելի մեծացնեն լեգիտիմությունը, թափանցիկությունն ազգային որոշումներ կայացնելու, բարեփոխումների մոնիտորինգի միջոցով»:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց իշխանությունների այն որոշումները, որոնք կայացվում են քաղաքացիական հասարակության մասնակցությամբ և շեշտեց. «Մենք փորձելու ենք այս ընթացքում հանրությանն ավելի ինտենսիվ մասնակից դարձնել պետության ծրագրերի քննարկմանը, որոշումների կայացմանը: Հասարակությունը միշտ էլ շարժիչ ուժ է եղել, որի նպատակն է նպաստել ազգային քաղաքական որոշումների կայացմանը»:
Նշենք, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացվելու է ՀՀ հինգ մարզում՝ Տավուշ, Լոռի, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։
Կարդացեք նաև
Լրագրողների հարցին` արդյոք այս ծրագիրն է՞լ է «սեպ խրում» հայ-ռուսական հարաբերությունների մեջ, ինչպես ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն էր արտահայտվել արևմտյան ֆինանսավորում ունեցող կազմակերպությունների մասին, Տրայան Հրիսթեան պատասխանեց. «Իմ գործընկերների արված հայտարարությունները չեմ կարող մեկնաբանել: Եվ այն գործողությունները, որ անում ենք ՀՀ-ում, դրանք միտված չեն հաստատելու կամ հերքելու այլ գործընկերների կողմից արված աշխատանքը: Այս և մեր մյուս գործողությունները նորություն չեն, մենք շարունակում ենք օգնություն տրամադրել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` հիմք ընդունելով քաղաքացիական հասարակության պահանջը` համահունչ մեր հայաստանյան գործընկերների հետ և համահունչ՝ ինչ-որ մենք անում ենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ