Գագիկ Մինասյանը համոզված է, որ մինչեւ հուլիսի մեկը Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանին, վստահաբար ասաց, որ մինչեւ հուլիսի 1-ը Հայաստանը կունենա Եվրասիական տնտեսական միության անդամի կարգավիճակ:
Պրն Մինասյանի համոզմամբ՝ Նազարբաեւի հայտարարությունը տհաճ, բայց Հայաստանի համար ոչ վնասակար հայտարարություն էր. «Կարծում եմ ավելին, որ այդ հայտարարությունը մեզ համար օգտակար էր, որովհետեւ ճիշտ այնպես, ինչպես Մոսկվայի վեհաժողովից հետո որեւէ մեկը չի կարող մեզ ասել, որ անորոշ սահմաններ կան Հայաստանի՝ ՄՄ անդամակցելու հետ կապված, այնպես էլ Աստանայից հետո, որեւէ մեկը չի բերի այդ փաստարկը»:
Պրն Մինասյանը հիշեցրեց, որ Աստանայում հնչած հայտարարությունը կրկնվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, երբ Ղազախստանի նախագահը ասել էր, որ Հայաստանի ՄՄ-ին միանալու պարագայում անորոշ է դառնում Հայաստանում մաքսային միության սահմանը. «Այդ պարագայում ինքը եւ ՄՄ մյուս երկրները ճանապարհային քարտեզի ստորագրման համար պետք է համաձայնության գային՝ բայց հատուկ կարծիքով: Պրն Նազարբաեւի առաջարկը մերժվեց: Փաստորեն, պրն Նազարբաեւը իր այս հայտարարությամբ հավաստեց իր մեծագույն նվիրումը ադրբեջանական շահերին: Սակայն, Նազարբաեւը անձամբ անգամ չստորագրեց այդ հատուկ կարծիքը: Պրն Նազարբաեւը փորձեց բարոյական հաղթանակ տանել, բայց կրեց պարտություն»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Գագիկ Մինասյանը նկատեց, որ երբ Նազարբաեւը Աստանայում նույն հարցը բարձրացնում էր, նա այլեւս իր անունից չէր բարձրաձայնում. «Նա առաջին անգամ կրելով պարտություն, այդ հարցը բարձրացրեց Ադրբեջանից ստացած նամակի միջոցով: Այդ հարցը բարձրացնելուց անմիջապես հետո՝ նույն նախագահության մեջ, նա կոչ արեց գործընկերներին չքննարկել այն: Նա չափազանց լավ գիտեր, որ քննարկման առաջին նախադասությունը տարակուսանք էր առաջացնելու այն առումով, որ մի անգամ այդ նույն հարցերը այդ կազմում քննարկել են եւ մերժել են»:
Պրն Մինասյանի համոզմամբ, եթե քննարկումները նույն այս տեմպով առաջ ընթանան, ապա մինչեւ հունիսի 15-ը Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը կստորագրվի:
Գագիկ Մինասյանը վստահ է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությունը Լեռնային Ղարաբաղին նույնպես տալիս է լուրջ հնարավորություններ, քանի որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում: «Ըստ էության, ԼՂՀ-ն, չդառնալով ՄՄ անդամ, դե ֆակտո դառնալու է ՄՄ անդամ երկրների տարածք: Իր տարածքում արտադրվող եւ սպառվող ապրանքները ունենալու են նույն կարգավիճակը, ինչ ՄՄ անդամ երկրները ունեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ