Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում էր ՀՀ նախագահական նստավայրի դիմաց հայտնի ցուցարարների ընտանիքի բողոքի քննությունը:
Հեղինե Մակարյանն ու Աշոտ Խուդոյանը պնդում են, որ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի երկուսին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ, ոստիկաններն իրենց բռնի ուժով հանել են նախագահական նստավայրի դիմացից ու հարկադրաբար տարել Էջմիածին՝ իրենց տուն:
Հեղինե Մակարյանի պատմելով, ոստիկանները իրենց բռնությամբ առեւանգել են նախագահական նստավայրի դիմացից առավոտյան 6:15-ի սահմաններում: Այդ ժամին, իր ամուսինն ու 4 երեխաները քնած էին, միայն ինքն էր արթուն. «Ոստիկաններն ասում էին, քանի որ Պուտինը գալիս է, տարածքը պետք է լքեք: Ես էլ ասում էի ՝ մենք 4 օր է՝ էստեղ ենք գիշերում, 8 ամսական երեխայի հետ, ոչինչ չէիք անում, հիմա Պուտինն է գալիս, մեզ տեղահա՞ն եք անում: Մեզ ասացին, եթե դուրս չգաք, հարկադրաբար կհանենք: Մենք իրենց մերժել ենք»:
Հեղինե Մակարյանը նաեւ պատմեց, որ ոստիկանները ամուսնու մեջքին, ոտքերին հարվածելով են նստեցրել ոստիկանական մեքենա, իրեն էլ անկողնուց են քարշ տվել. «Ինձ ոտաբոբիկ անկողնուց հանել, տարել են: Նույնիսկ երեխաներիս չեմ հասցրել տեսնել, մեքենայի մեջ հարցրել եմ՝ բա երեխաներս, ասել են սուս, երեխաներիդ կբերեն: Ճանապարհի կեսից, երեխաներիս բերել, միացրել են մեզ»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, 4 երեխաներից միայն երեքն են ճանապարհին միացել իրենց, չորրորդին՝ ամենափոքրին ոստիկանները մոռացել են նախագահական նստավայրի դիմաց:
Այսօր դատախազ Արման Շահբազյանը պնդեց, որ բողոքի ուսումնասիրության ժամանակ պարզել են, որ ամուսինները դիտավորյալ են երեխային թողել նախագահական նստավայրի դիմաց, որ լրագրողների ուշադրությունը հրավիրեն: Հետն էլ պնդեց, որ ցուցարար ընտանիքն է ոստիկաններին խնդրել՝ իրենց տուն տանել՝ բացատրելով, որ տուն հասնելու գումար չունեն:
«Բայց նման բան չի եղել, եթե տուն գնալու լինեինք, ինչու էինք սպասում առավոտյան 6:15-ին գնայինք, երեկոյան կգնայինք: Մենք փողոցային չենք, որ ութ ամսական երեխային թողնեինք փողոցում, ինչ է թե՝ շոու սարքեինք: Իրենք թող իրենց երեխաների հետ շոու սարքեն»,- դատախազի պնդումներին հակադարձեց Հեղինե Մակարյանը:
Աշոտ Խուդոյանն ու կինը՝ Հեղինե Մակարյանը, ոստիկանների բռնությունների համար դիմել էին ՀՔԾ՝ քրեական գործ հարուցելու պահանջով, բայց ՀՔԾ քննիչ Ռ. Հարությունյանը հանցակազմի բացակայության պատճառով մերժել էր: Հենց քննիչի որոշումն էլ դատարանում Խուդոյանները բողոքարկել են: Այսօր դատարանում էլ դատախազ Շահբազյանը պահանջում էր դատարանին՝ մերժել նրանց հայցը:
Դատարանը դեռ խորհրդակցության սենյակում է՝ վճիռը կայացնելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ