Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը այսպես գնահատեց Իտալիայում կայացած միջազգային մրցաշարում մեր մարզիկների մասնակցությունը:
«Չի կարելի ասել, թե շատ ուժեղ մրցաշար էր, սակայն թույլ էլ չէր: Մասնակցում էին մոտ 16 երկրներ: Մենք Սասսարի մեկնել էինք վեց ըմբիշով եւ ունեցանք երկու հաղթող`Վոլոդյա Ֆրանգուլյան, Գրիգոր Գրիգորյան: Մեր տղաները տարան մի շարք տպավորիչ հաղթանակներ: Օրինակ, Վոլոդյան իր բոլոր չորս գոտեմարտերում էլ մրցակիցներին հաղթեց բացահայտ առավելությամբ, իսկ Գրիգորն առանձնացավ մրցագորգում իրեն բնորոշ համառությամբ: Ու երկուսն էլ իրենց ճանապարհին պայքարից դուրս թողեցին բավականին լուրջ մրցակիցների», – ասաց Արայիկ Բաղդադյանը:
Բանախոսը հակիրճ անդրադարձավ նաեւ մյուս ըմբիշների մրցելույթներին` նշելով, որ, թերեւս, դժգոհ է միայն Մուսա Մուրթազալիեւից, որը տարավ մեկ հաղթանակ եւ երկրորդում պարտվեց կանադացի ըմբիշին: Թեեւ, մարզչի խոսքերով, այդ գոտեմարտի ելքի վրա ազդեցություն ունեցավ մրցավարությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ