ՀՀ փոխվարչապետ, Հայաստան-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած գործարարների պատվիրակությանը՝ Աբու Դաբիի Առեւտրի պալատի խորհրդի նախագահ Մոհամեդ Թանի Մորշեդ ալ Ռումայթիի գլխավորությամբ:
Փոխվարչապետը ողջունեց պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Հայաստանը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների զարգացումը դիտում է որպես համագործակցության կարեւոր ուղղություն եւ մեծ նշանակություն է տալիս երկկողմ առեւտրատնտեսական կապերի սերտացմանը: «Երկու երկրների միջեւ առեւտրի ոլորտում արդեն բավականաչափ փորձ եւ ձեռքբերումներ են առկա, կարեւորում ենք նաեւ տնտեսական եւ ներդրումային ոլորտներում փոխգործակցությունը, որի զարգացման համար, կարծում ենք, մեծ ներուժ կա»,- ընդգծեց փոխվարչապետը՝ նկատելով, որ երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը իրենց գործունեությամբ նպաստում են հենց գործարարները եւ գոհունակություն հայտնեց, որ պատվիրակության կազմում ընդգրկված են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող խոշոր ընկերությունների ղեկավարներ:
Փոխվարչապետը ողջունեց նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Հայաստանում դեսպանություն բացելու մտադրությունը՝ ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչության կարեւոր դերն առեւտրատնտեսական կապերի զարգացման գործում:
Ա. Գեւորգյանը ներկայացրեց տնտեսության այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքիր լինել երկկողմ համագործակցության համար, մասնավորապես նշելով գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, զբոսաշրջության, շինարարության եւ շինանյութերի արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, էներգետիկայի, քիմիական արդյունաբերության ոլորտները:
Նա ընդգծեց, որ կառավարությունը պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված գործնական ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացմանը:
ԱՄԷ պատվիրակության ղեկավարը փոխանցեց ԱՄԷ կառավարության բարեմաղթանքները եւ նշեց, որ Հայաստանում են ԱՄԷ փոխվարչապետի ու արտաքին գործերի նախարարի հանձնարարականով եւ նպատակ ունեն ծանոթանալ ներդրումային հնարավորություններին, բացահայտել գործակցության ուղղությունները : «Որպես մասնավոր հատվածի ընկերություններ՝ մենք բավականին լուրջ ենք տրամադրված Հայաստանի մասնավոր հատվածի հետ համագործակցության հարցում»,-ընդգծեց նա:
Պատվիրակության ղեկավարը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջեւ շարունակական համագործակցության համար լավ հիմք կապահովի նաեւ այսօր ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի եւ Աբու Դաբիի Առեւտրի պալատի միջեւ ստորագրվելիք համագործակցության համաձայնագիրը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին