«Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանը պատասխան չի տվել: Այնտեղից ասել են, թե մտնելու եք Եվրասիական միություն առանց Ղարաբաղի, այստեղից էլ ասել են, թե ով է ասել, որ Հայաստանը մտնելու էր Ղարաբաղով»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ծաղկաձորյան հավաքում հնչեցրած պատասխանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պայմանին, լավագույն պատասխա՞նն էր, այսպես պատասխանեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Նա ՀՀ քաղաքական դաշտից հնչող հայտարարություններն ու վարվող քաղաքականությունը «դեմագոգիա» համարեց ու հիշեցրեց, թե Հայաստանն ինչպիսի ստորացուցիչ պայմանագրեր է ստորագրել՝ Ռուսաստանի ճնշմամբ: Անդրադառնալով Եվրասիական միության գործընթացներին և դրված ժամկետին՝ հունիսի 15-ին, մինչև երբ Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին՝ պարոն Սարգսյանն ասաց. «Այդ տասնհինգը նշանակել են Ադրբեջանի համար: Նրան ասել են՝ շուտ մտի, որ մեզ հետ միասին դու ասես առանց Ղարաբաղ: Չի երևում, այստեղ ինչ քաղաքականություն է վարվում: Երբ կարդացել են Ալիևի նամակը, նշանակել են օր ամսի 15-ը, այդ օրը մեզ համար չէ, այլ Ադրբեջանի: Հիմա Ադրբեջանը հասկացել է, որ չէ, պիտի մտնել: Մի խոսքով, Հայաստանի պատասխանը շատ թանկ ծախում են Ադրբեջանին: Սա է ռեալ կյանքը»:
Պարոն Սարգսյանն այս համատեքստում կարծում է, որ ճիշտ կլինի, որ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, քանի որ այն այդ դեպքում առանձին գործոն կդառնա, ինչը ավելի բարձր երաշխիք է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ