Տեւական ժամանակ տեղի ունեցած անկումից հետո վիճակագրական ծառայությունը Հայաստանում ներդրումների աճ է գրանցել։ Նախորդ տարվա 131 մլն դոլարի դիմաց առաջին եռամսյակում արտաքին ներդրումները, առանց պետական կառավարման եւ բանկային համակարգի, կազմել են 289,6 մլն դոլար։ Ստացված ուղղակի ներդրումները գնահատվում են 201,8 մլն դոլարի չափով, նախորդ տարվա 57,7 միլիոնի դիմաց։
Իրականում պարզապես փոխվել է տվյալների հավաքման մեթոդաբանությունը, ինչի հետեւանքով էլ հավանաբար ավելացել են ներդրումները (ներդրումների ցուցանիշների մեջ, ըստ էության, ներառվել է նաեւ գազամատակարարման համակարգում իրականացված վերջին գործարքը, որով Հայաստանի 20 տոկոս բաժնեմասը փոխանցվեց «Գազպրոմին»)։
Ինչեւէ, ներկայացված տեղեկատվության համաձայն, Հայաստանի ներդրումային հիմնական գործընկերները տարեսկզբին եղել են 5-6 երկրներ։ Դրանցից ամենախոշորը Ռուսաստանն է։ Այս երկրից կատարված ներդրումները գնահատվում են շուրջ 184,5 մլն դոլար։ Այն կազմում է օտարերկրյա ներդրումային հոսքերի գրեթե 64 տոկոսը։
Ռուսաստանի բաժինը շատ ավելի մեծ է ուղղակի ներդրումների դեպքում։ Ընդհանուր առմամբ առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ մտել է այդպիսի 201,8 մլն դոլար, որից 176,4 միլիոնը եղել է ռուսական կապիտալը։ Այս երկրի բաժինը օտարերկրյա ուղղակի ներդրումներում գերազանցում է 87 տոկոսը։ Հայաստանի մյուս բոլոր ներդրումային գործընկերների մասնակցությունը կազմել է ընդամենը 25 մլն դոլար։
Ռուսական ուղղակի ներդրումները, ըստ վիճծառայության տվյալների, գնացել են գերազանցապես էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման ոլորտ։ Այս դեպքում խոսքը հավանաբար վերաբերում է առաջին հերթին գազամատակարարման համակարգին։
Կարդացեք նաև
Ռուսական կապիտալի որոշակի հոսք է եղել նաեւ հեռահաղորդակցության ոլորտ՝ 6,5 մլն դոլար։
Ռուսական կապիտալի հետաքրքրությունը Հայաստանի տնտեսության մեջ տարեսկզբին հիմնականում սահմանափակվել է այսքանով։
Ներդրումային հոսքերի առումով, որպես այդպիսին, երկրորդը եղել է Կիպրոսը։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում այս երկրից գրեթե դադարեցվել էին ներդրումները։ Սակայն ընթացիկ տարեսկզբին դարձյալ Կիպրոսից ստացված կապիտալի որոշակի աշխուժություն է նկատվել։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում