Պետության միջոցներն արդյունավետ օգտագործելու համար այս տարվանից սկսած սոցփաթեթի շահառուների բուժօգնությունը կկազմակերպի առողջապահության նախարարությունը՝ ապահովագրական ընկերությունների փոխարեն: Ֆինանսների նախարարությունը հաշվարկել է եւ պարզել, որ ապահովագրական ընկերությունները շահառուի առողջության համար պետության հատկացրած գումարի ընդամենը 40 տոկոսն են ծախսել:
Այսօր առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը նախարարությունում կազմակերպած ասուլիսում ներկայացրեց, թե ինչ կարգով եւ որտեղ կտրամադրվի սոցիալական փաթեթից օգտվողների բուժօգնությունը:
Սարո Ծատուրյանի ներկայացմամբ, բուժօգնության կարիք ունեցող սոցփաթեթի շահառուն նախեւառաջ պետք է գնա տեղամասային պոլիկլինիկա եւ բժշկի ուղեգրումով ու իր ընտրությամբ դիմի համապատասխան բուժհիմնարկ: Իհարկե, եթե այդ բուժօգնությունը անհետաձգելի դեպք չէ: Գործակալության ղեկավարի խոսքերով, դեռեւս կան շահառուներ, որոնք ապահովագրական ընկերությունների հետ ունեն գործող պայմանագրերը, դրանք ուժի մեջ են, քանի որ կնքվել են նախորդ տարվա կեսին կամ տարեվերջին:
Պարոն Ծատուրյանի ներկայացմամբ, քանի դեռ դրանք ուժի մեջ են նրանց ծախսերը պետք է հոգան ապահովագրական ընկերությունները, որոնց ֆինանսավորումը եւս տրամադրվելու է պետբյուջեից:
Կարդացեք նաև
Այն պահիս սկսած, երբ մասնավոր ընկերության հետ պայմանագիրը կվերջանա, պետական ծառայողի առողջության հարցերով կզբաղվի նախարարությունը:
Ի տարբերություն ապահովագրական ընկերությունների, որոնք սոցփաթեթի շահառուներին սահմանափակ թվով հիվանդանոցներում էին բուժօգնություն ստանալու հնարավորություն ընձեռում, սոցփաթեթը նախարարությանն անցնելուց հետո, շահառուները կարող են ընտրել շուրջ 100 բուժհաստատություններից որտեղ բուժվել:
Անսահմանափակ է նաեւ գումարի չափը: Ինչպես հավաստիացրեց Սարո Ծատուրյանը, եթե նախկինում պետությունը վճարում էր 52 հազար դրամ մեկ մարդու ապահովագրության համար, եւ ապահովագրական ընկերությունն էլ պարտավոր էր մինչեւ 3 միլիոն 800 հազար դրամի չափով տարեկան փոխհատուցել այդ բուժման ծախսերը, ապա նոր կարգով շահառուն ինչքան որ կարիք ունենա բուժօգնության՝ կստանա:
Նշենք, որ կառավարության որոշմամբ սոցփաթեթի շահառուին կտրամադրվի հավաստագիր, որը կպարունակի նրա անձնական տվյալները: Հավաստագիրը քաղաքացին կարող է միշտ իր մոտ պահել եւ երբ բուժօգնության անհրաժեշտություն ունենա, այն ներկայացնի տվյալ բուժհիմնարկ: Այն կհավաստի մարդու՝ սոցփաթեթի շահառու լինելը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ