Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. Մեծ հաշվով հայ ժողովրդի պատմության մասեր են Թալիաթը, Էնվերը, Աթաթուրքը

Հունիս 03,2014 12:20

Ամենևին չէի ուզենա կրկին անդրադառնալ Միկոյանի արձանի տեղադրման դեմ ու կողմ փաստարկներին՝ այսօր արդեն անհամեմատ կարևոր թվացող «աստանայական» իրավիճակից հետո, բայց դրանք կարծես նույն երևույթի հայելային անդրադարձերը լինեն: Ի՞նչ կաներ, օրինակ, Միկոյանը, եթե նա ռուսական կողմից ներկա լիներ Աստանայում Հայաստանի նվաստացմանը: Դատելով անցյալի փորձառությունից՝ աչքի տակով կնայեր Պուտինի դեմքին, ցուցադրաբար մեջքով կշրջվեր Սերժ Սարգսյանին (եթե մինչ այդ դիվանագիտական էթիկայով այլոց կողմից այնպես նստեցված չլիներ, որ ստիպված լիներ հանդուրժել իր և Սերժ Սարգսյանի հորիզոնական մակարդակները) և անվարան կբարձրաձայներ, որ Իլհամ Ալիևի նամակը միանգամայն ճիշտ շեշտադրումներ է անում: Կվերադառնար Մոսկվա, մի հատ զեկուցագիր կգրեր Պուտինին այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի համար արդեն անցյալ է, իսկ Ադրբեջանը ապագա է, և այն նվաճելու միա՛կ ճանապարհը Հայաստանի վրա վերջակետ դնելն է: Հայաստանում էլ մի քանի լրատվամիջոցներ կգովեին «հայկական թաքուն դիվանագիտությունը», թե գիտե՜ք, Միկոյանը չէր կարող բացահայտել իր հայկական համակրանքները, և թե նա դրանով արջի ծառայություն մատուցած կլիներ Հայաստանին ու հայերին, և թե նա միգուցե առերես այդպես է ասել, բայց մի հնար է գտել թաքուն խորհուրդներ տալու Սերժ Սարգսյանին, և թե դրանով նա կվնասեր նաև իր կարիերային, որը, միգուցե Հայաստանին դեռևս պետք է գալու ապագայում: Օրինակ՝ այն ապագայում, երբ Հայաստան արդեն չի լինի, այլ կլինի ՌԴ-ի հայկական ինքնավարություն: Իսկ Միկոյանը միգուցե թաքուն լայն սպառման ապրանքներ է մատակարարելու այդ ինքնավարությանը և իր տանը այդ ինքնավարությունից «բարձրաստիճան» հյուրեր ընդունելիս հարցնելու է Հայաստանի ինքնավարության բնակչության որպիսության մասին և հոգոց է հանելու Հայաստանի թշվառ գոյության համար: Մենք էլ հորթային ուրախությամբ միմյանց թաքուն հաղորդելու էինք, որ բա գիտե՞ք, Միկոյանը հուզվում է Հայաստանի ինքնավարության բնակչության թշվառությունից, բայց դե նրա ձեռքն ի՞նչ կա, ժամանակներն են այդպիսին: Ոչի՛նչ, որ Նազարբաևը ընդգծված ներկայացնում է իր թուրքական համակրանքներն ու շահախնդրությունները, նա մոտիկից ծանոթ չէ քաղաքական դիվանագիտության նրբություններին. չէ՞ որ նա Միկոյանի ազգային քաղաքակրթական անցյալը չունի, քոչվորների ժառանգ է և այլն… Մենք հո գիտե՜նք ռուսական քաղաքակրթական նախընտրություններն ու համակրանքները…Իսկ այլ կերպ մտածողների մասին արդեն իսկ սպառնալիքով գրում են «… հիմա, երբ մեր երկիրը կատարել է քաղաքակրթական ճիշտ ընտրություն, գնում է դեպի գաղափարական միավորում` Մաքսային եւ Եվրասիական միություն, անտոհմիկ տականքներն ակտիվացել են…ժամանակն է աղբաման նետել այդ անտոհմիկ տականքներին, ովքեր ոչ այլ ինչ են, քան հենց թուրքի վաստակ: Հերիք եղավ, բոլ եղավ, ազգային օրգանիզմի առողջության հրամայականը ուղղակիորեն հուշում է, որ վարակի նկատմամբ հանդուրժողականությունը մեզ համար անթույլատրելի շքեղություն է («Իրավունք» թերթ, «ՀԻՄԱ ԷԼ ՎԵՃ ՈՒ ԿՌԻՎ` ՄԻԿՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇՈՒՐՋ»): Այս հեղինակի տրամաբանությամբ «տոհմիկ տականքներն», ինչպես հասկանում եք, այս տողերի հեղինակն է իր համակիրներով, ովքեր խորհուրդ են տալիս «բոլորին գնահատել միակ ճշգրիտ չափումով` ինչքան է Հայաստանին ու հայությանը բերած օգուտը: Այդ օգուտի մեջ մտնում է նաեւ աշխարհի կամ տարբեր կայսրությունների մասշտաբով սեփական վիթխարի գործով հայի անունը փառավորելը, ինչպես դա արել էր նաեւ նույն Միկոյանը: Ու պետք չէ վեճեր բացել, թե որ մի մեծանուն հայն ավելի լավն է, որն ավելի վատը, յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունի…Եվ պետք է տեր կանգնենք մեր ազգի բոլոր մեծանուն զավակների անվանն ու գործին…», այլ կերպ ասած՝ տեր կանգնենք Միկոյանի գործին՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է և միա՛յն Ադրբեջանինն է», «թուրքերը հայերին կոտորելով՝ Թուրքահայաստանը դատարկել են հայերից, և սխալ է մտածել հայերին այնտեղ վերադարձնելու մասին, կենդանի մնացածներն արդե՛ն կովկասահայեր են», «եկեք մի յոթ հարյուր մարդով ավելացնենք Հայաստանի գնդակահարվողների ցուցակը» և այլն… միկոյանական այս կարգի գործերին տեր կանգնելով՝ կատարենք մեր քաղաքակրթական ընտրությունը՝ առա՜ջ դեպի ղազախա-ռուսական Եվրասիա, իսկ ով դեմ է՝ նրանք «թուրքի վաստակ» են և նրանց նետենք աղբամանը:

Ահա մոտավորապես այս է Միկոյանի արձանը դնել-չդնելու կարծիքների հիմքում: Մի կողմից՝ հանցագործություններին ու ոճրագործություններին Միկոյանի մասնակցության, եսասիրության, երեսպաշտության և ազգադավության փաստարկներ (փաստաղթերով, հեռագրերով, գրավոր տեքստերով, վերլուծություններով), մյուս կողմից՝ «մեծ քաղաքական գործիչ») գլխավոր հիմնավորումը՝ ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյա), «մեծ հայ», «ես կարծում եմ», «իմ կարծիքով», «լսել եմ», «ես գիտեմ», «միայն վատը չասենք», «ամա՜ն, ուրիշները չիմանան», «խորամանկ լինենք»…Մարդն ինքն իր մասին ծերության տարիներին ասել է՝ «ես սրիկա եմ եղել» («երեսնականներին մենք բոլորս սրիկաներ էինք»), մենք ասում ենք՝ «նա մեղավոր չէր, ժամանակն էր այդպիսին», «ամա՜ն, ուրիշները չիմանան», «հայի անունը փառաբանող է»… Ի՞նչ ենք անում սրանով: Սրանով Հայաստանի երեխաներին ու երիտասարդներին ասում ենք՝ սպանե՛ք, գողացե՛ք, խաբե՛ք, դավաճանե՛ք, տեղին ու ժամանակին լռեք, հայրենիքն ուրացեք, մորթապաշտ եղեք, բայց… դարձեք մեծ տերության բարձրաստիճան պաշտոնյա: Այն ժամանակ ձեր հայրենակիցները կասեն, որ դուք մեծ մարդասերներ եք, մեծ քաղաքագետներ, մեծ հայրենասերներ: Ձեզ կփառաբանեն, ձեր արձանները կկանգնեցնեն, պատմության դասագրքերում ձեզ մեծարելով կգրեն ձեր մասին և ամենևին չեն հիշատակի ձեր սրիկայությունները՝ «ամա՜ն, ուրիշները չիմանան»: Դաստիարակում ենք եսապաշտ, մորթապաշտ, հնազանդվող ու հնազանդեցնող գործիքներ: Հնազանդվող ու հնազանդեցնող հասարակություն, որտեղ պատվի, արժանապատվության, անձնվիրության, իրավունքի, բարոյականության, խելքի… չափանիշը մեկն է՝ իշխանության կամ փողի սանդղակում ձեր զբաղեցրած տեղը: Միկոյանի մեծությունն այդ սանդղակով է չափվում:
Ոմանք ասում են՝ Միկոյանը հայ է և մեր պատմության մասն է: Նրա արձանով մենք ընդամենը վավերացնում ենք նրա մասնակցությունը մեր պատմությանը: Այո՛, մասն է: Պատմության այն մասով, որով մենք անընդհատ կորուստներ ենք ունեցել: Այն մասն է, որով նրա հայ լինելու հանգամանքը հակահայկական դեր է ունեցել: Իսկ արձան կանգնեցնել-չկանգնեցնելու խնդիրը ամեն ժամանակի գործող իշխանություններն են որոշում. Միկոյանը խորհրդային ռեպրեսիաների իշխանության մասն էր, և նրա անունով այն ժամանակ տասնհինգ քաղաք, ավան, գործարան, ինստիտուտ… են անվանակոչել, չհաշված Հայաստանի ներկայիս Եղեգնաձորի շրջանը, որ նույնպես տևական ժամանակ Միկոյան է կոչվել, և որտեղ նույնպես կանգնեցվել է նրա բազմաթիվ արձաններից մեկը: Անվանակոչել են՝ հենց որպես ռեժիմի մաս: Դրանով հաստատել են ռեժիմի իրավունքն ու բացարձակությունը: Բերիայի անունով ավելի շատ «կոչումներ կային», այդ թվում՝ Լենինականի քաղաքային այգին, որ Բերիայի անունով կոչեցին Խանջյանի սպանությունից երկու ամիս հետո, 1936թ. սեպտեմբերին, «Լենինականի հասարակական ու խորհրդային կազմակերպությունների միջնորդությունը»:

Բերիան նույնպես մեր պատմության մաս է եղել: Հայ չի եղել, բայց մեր պատմության մաս է եղել: Այն էլ ինչպի՜սի մաս: Անձամբ է հրահանգել սպանությունների, այդ թվում՝ Հայաստանի սպանությունների թիրախների մասին, անձամբ է սպանել Խանջյանին, կազմակերպել է Մյասնիկյանի սպանությունը: Առավել ևս՝ Ստալինը: Մեծ հաշվով հայ ժողովրդի պատմության մասեր են Թալիաթը, Էնվերը, Աթաթուրքը… Աթաթուրքը նույնիսկ որբացած հայ աղջնակ է որդեգրել, նրանից ռազմական օդաչու սարքել և ուղարկել Դերսիմի ալևիներին ու ալևիացած հայերին ռմբակոծելու: Որքան գիտեմ՝ առաջին կին ռմբարկու օդաչուն: Ինչո՞վ հայ ժողովրդի պատմության մաս չի: Նույնիսկ՝ Նապոլեոնն է ակամա հայ ժողովրդի պատմության մաս դարձել, ում հրահանգով Վիեննա քաղաքի հայ մխիթարյանների միաբանության՝ պատերազմի ժամանակ ավերված շենքի փոխարեն տարածք է հատկացվել, հենց այն տարածքը, որտեղ միաբանության ներկայիս ահռելի շենքն է Վիեննայի կենտրոնում: Նրանց հայ չլինելը նրանց մեր պատմության մաս լինելուց չի հանում: Ինչպես, բարեբախտաբար, չի հանում նորվեգացի Ֆրիտյոֆ Նանսենին, որի անունով ստացած անձնագրերով տասնամյակներ շարունակ ապրել են Ցեղասպանությունից փրված աշխարհասփյուռ հազարավոր հայեր: Բայց Նանսենին մենք ընդունում ենք, արձան ենք կանգնեցնում, Թալեաթին, Էնվերին… չենք կանգնեցնում: Այս դեպքում համաձայն ենք չարն ու բարին առանձնացնել: Միկոյանի դեպքում՝ ո՛չ, համաձայն չենք, նա հայ է: Գուցե իսկապե՞ս «շան գլուխն ուրիշ տեղ է թաղված« և մոտենում է Միկոյանի ինքնության մասը հաստատող քաղաքական ռեպրեսիվ ռեժիմը: Է՛, մոտենում է, իսկապես մոտենում է: Բայց ռեժիմը կհաստատվի և կբերի իր անցյալի խոսուն վկաներին: Ինչու՞ շտապել: Թե՞ արդեն եկել է:
Առհասարակ որտե՞ղ է շարադրված՝ ո՞վ կամ ի՞նչն է պատմության մաս, և ո՞վ կամ ինչպե՞ս պետք է գնահատի նրա պատմական դերը: Վերջապես այդ «պատմություն» կոչվող երևույթում ի՞նչ դեր ունեն քաղաքական գործիչ կոչվող հաճախ սնափառ, եսասեր, նենգ մարդիկ, ովքեր այլոց ունեցվածքը բռնագրավելով, թալանելով, նրանց կյանքերը զոհաբերելով, մահ ու ավել սփռելով երբեմն (եթե ոչ հաճախ) անձնական հարցեր են լուծում կամ իրենց սնափառությունն են բավարարում: Ինչու և նրանց գործերը տարբեր արժեհամակարգերում կամ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր գնահատականներ են ստանում: Գուցե պետք է «աղբաման նետել» հենց քաղաքակա՞ն գործիչներին, դադարե՞լ «պատմություն» կոչվող ժամանակագրությունը շարադրել նրանց հերթափոխով և անցյալի ու ներկայի կապը փորձել ներկայացնել, օրինակ, գիտությա՞ն դինամիկայով: Որով երիտասարդներին առնվազն կարելի կլիներ մարդասպանությունից տեղափոխել առավել ոգեղե՞ն ոլորտներ: Գուցե միայն ինքնապաշտպանությու՞նը պետք է հերոսական լինի:

Հիմա փոխքաղաքապետն ասում է, որ հայ ժողովրդի պարտության դասագրքերից իրեն հայտնի է միայն Միկոյանի ազնիվ ու փառավոր գործերը: Իսկ դա նրա համար, ինչպես ինքն է ասում, արժանահավատ աղբյուր է: Այդ արժանահավատ աղբյուրում չկան Ղարաբաղն ու Զանգեզուրը հանձնելու Միկոյանի հեռագրերը, Թուրքահայաստանը մոռանալու նրա ընդարձակ ծրագիրը, երիտասարդ Բերիային հովանավորելու, ապա նրանից վախենալու փաստերը, սպանվող հայաստանցիներին թիվն ավելացնելու նրա առաջարկը, Կատինում լեհերին սպանելու փաստաթղթին նրա ստորագրությունը, այլ մարդկանց ու մարդկանց խմբերի զոհասեղանին ուղարկելու նրա որոշումները: Այդ արժանահավատ աղբյուրում չկան նաև Բերիայի վերը թվարկած և բազմաթիվ այլ գործեր: Հիմա, ուրեմն, այդ տրամաբանությամբ՝ դրանք չե՞ն եղել, չկա՞ն, չտեսնե՞նք, չիմանա՞նք: Իսկ ինչպե՞ս տարբերենք թացը չորից, չարիքը՝ բարիքից, անբարոյականը՝ բարոյականից, անպատիվը՝ պատվաբերից…Փոխքաղաքապետն ասում է՝ ով հակառակն է պնդում՝ թող գնա այդ արխիվային փաստաթղթերն արժանահավատ փորձաքննությամբ հաստատել տա և բերի ներկայացնի Երևանի քաղաքային ավագանուն: Եվ ի՞նչ կփոխվի այդ դեպքում: Երևանի քաղաքային ավագանին չի՞ ասի՝ ես չեմ հավատում ձեր փորձաքննության արժանահավատությանը: Չի՞ ասի՝ իմ միակ աղբյուրը հայ ժողովրդի պատմության դասագիրքն է:

Միկոյանն ինքը և նրա ընտանիքը, իհարկե, ապրել են տևական լարված, տագնապած տարիներ, հավանաբար՝ հյուծված նյարդերով: Հատկապես քառասնական թվականներից հետո: Երկու երիտասարդ, նույնիսկ անչափահաս որդիները երկու տարով աքսորվել են Ստալինաբադ՝ Դուշանբե: Որդիներից մեկը զոհվել է պատերազմում: Չնայած Կրեմլի տարածքում ապրելուն՝ նրանք էլ, թերևս, հաճախ են վեր թռել դռան անսպասելի թակոցից: Անընդհատ սպասել են այդ թակոցին: Ո՛չ ոք, ո՛չ ոք երաշխավորված չէր, ուրեմն առավել ևս հարկավոր էր բազմապատկել զգոնությունը: Ցավալի, տանջալի կյանք: Բայց սա այն կյանքն էր, որին ինքն իրեն և իր ընտանիքին դատապարտել էր Միկոյանը: Այն թակարդն էր, որ պատրաստել էին միկոյանները: Այն փոսն էր, որ ուրիշների համար պատրաստելով, իրենք էլ էին ընկնում մեջը: Սկզբում, իհարկե, ավելի անվտանգ էր իրենց համար, քանի դեռ բազմաճյուղ թելերն անսահմանության չհասան, և միլիոնների կուլ տված թակարդը կարող էր որսալ բոլորին, այդ թվում՝ թակարդը լարողին: Ամեն մեկը ի՛ր կյանքն էր ապահովագրում: Հաճախ՝ այլոց կյանքի հաշվին: Բայց ի՞նչ կյանք էր դա, ու՞մ էր պետք այդ սարսափելի վախեցած կյանքը: Միլիոնավոր մարդիկ գնում էին աշխատանքի, կասկածանքով նայում հարևանին, տուն վերադառնում՝ մտովի վերհիշելով օրվա ասածը, արածը, վախենալով պառկում քնելու: Նրանց մեջ՝ նաև Միկոյանը: Կարելի է չկասկածել: Քսան տարիների ընթացքում ԽՍՀՄ բարձրաստիճան քաղաքական այրերի ձեռքբերումը ամենօրյա, ամենժամյա վախն էր: Վախից միմյանց դավաճանում էին, ավելի ու ավելի շատ մարդ էին ուղարկում սպանվելու: Սա էր նրանց աշխարհը՝ վախը, կասկածամտությունը, զգուշավորությունը… և նրանցից յուրաքանչյուրն այդ աշխարհի պահապանն էր: Վախի ինքնադատապարտում: Եվ սուտ է, որ Միկոյանը Խրուշչյովին անմիջապես միացած հակաստալինականներից էր: Քանի դեռ Բերիան կենդանի էր և ազատ՝ Միկոյանը զգուշորեն լռել է, շուրջն է նայել: Նույնիսկ Բերիայի ձերբակալությունից ու դատավարությունից հետո էլ զգուշորեն առաջարկել է՝ «Գուցե Բերիան կփոխվի՞«: Վախեցել է, որ Բերիան կազատվի և փորձել է իրեն վտանգազերծել: Իրե՛ն: Այդ զգուշավոր մարդը շատ լավ գիտեր, որ մինչև մահը վրա չհասնի՝ դահիճը միշտ վտանգավոր է: Թող ուրիշները վնասազերծեն նրան, թող ուրիշները վտանգի ենթարկեն իրենց:

 Հրանուշ Խառատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. David says:

    Հրանուշ Խառատյանին 5 տարեկանից ճանաչում եմ որպես նացիոնալիստ և այլատյաց կերպար:Նրա խոսքերը այլ ազգերի մասին ուղեղիս մեջ որպես մեխ են մնացել:Դահիճը վտանգավոր է, քանի դեռ մահը վրա չի հասել, ճիշտ է, բայց ֆաշիզմն է վտանգավոր, ֆաշիզմը: Ասում է Էնվերը, Թալիաթը հայ ժողովրդի պատմության մաս են:Ո*նց:Պատմության մաս ասելով նա ի*նչ է հասկանում:Մի*թե Էնվեր ու Թալիաթ…Պատմության մի մասն էլ եթե կոչի Լենին, Ստալին, ու*ր կմնա պատմությունը:Նրանք հո չեն կերտել պատմություն, նրանք ազդել են պատմության վրա:Ոնց կարող է էջը մաս լինել:Ինչ վերաբերվում է Միկոյանին, ապա այսօր էլ նրանք `Միկոյանները ոչ միայն պատմության էջերում են, այլ ողջ Հայաստանում: Գենետիկա է:Այ բարեփոխում ասվածը միայն այստեղ էր պետք:Հումանիստ չլինողը ազգասեր լինելուց շատ հեռու է և չկայացած :

  2. Ռուբեն Պարսամյան says:

    Հարգելիս, հումանիստ ասվածը կոնկրետ հիմ;ք պիտի ունենա,ազնիվ մղումների վրա հենվի;Եթե դու քեզ չես սիրում եվ հարգում,ուրշներին առավել եվս հարգել ու սիրել չես կարող կեղծ ես եվ մոլորված առնվազն;Եթե ծառայել ու ծառայում ես ինչ-որ վերազգային սին գաղափարների,ինչպես տվյալ դեպքում Ա.Միկոյանը,որպես ,,համաշխարհային հեղափոխության ,,առաքյալ,առավել եվս- այդ գաղափարները գեթադասելի ես համարում քո ժողովրդի կենսահարցերից,ապա դու այդ հանրույթի ներկայացուցիչ համարվել չես կարող,պարզ ասած վերազգային ես,կոսմոպոլիտ;Իսկ ձեր ասած գենետիկան միայն հարմարյանները չեն,սատրապության կողմնակիցներն ու Միկոյան Անաստասները,կա նաեվ Արամ Մանուկյանների ու Գարեգին Նժդեհների գենետիկան,որոնց վրա դուք ցեխ եք շպրտում,յառլիկավորում,որպես ազգայնականների,ինչպես,տվյալ դեպքում ազնիվ մտավորական եվ գիտնական Հրանուշ Խառատյանի հետ եք վարվում;Արտաքին ուժերի շահերը սպասարկող միկոյանականների քաղաքականության արդյունքում մենք կորցրեցինք Առաջին հանրապետության կեսը.Ղարաբաղը, Նախիջեվանն ու Կարսը,Սուրմալուն,Իսկ ,,նացիոնալիստ,, Նժդեհն ու Մոնթեները,Վազգեն Սարգսյանները գոնե կարողացան փրկել մեր բովանդակ երկրի հյուսիսային այս խերպերը;

  3. Ռուբեն Պարսամյան says:

    Ներող կլինեք,վերջին բառը պիտի կարդալ- ծերպեր;

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30