Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականները կլուծե՞ն Գոշի հիմնախնդիրները

Հունիս 02,2014 23:02

Մայիսի 23-ին ՀՀԿ 15-րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր. « Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի ում եւ ինչպես դիմի,որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի Հանրապետականին՝ վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող եւ իրականացվող քաղաքականության օրակարգ»:

Տողերիս հեղինակը լավ է ճանաչում Արծրուն Հովսեփյանին, եղել է սողանքից քանդված նրա տանը: Սերժ Սարգսյանը եւս ճանաչում է նրան, քանի ուր 2013թ. հունվարի 26-ին Գոշավանք այցելած եւ այնտեղ մոմ վառած Սերժ Սարգսյանին «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի նախկին վարիչ Արծրուն Հովսեփյանն էր ներկայացրել Գոշավանքի նորոգման խնդիրը: Գոշ գյուղի վերին հատվածում սողանքի մեծ գոտի կա, որից տուժել է նաեւ Արծրուն Հովսեփյանի առանձնատունը: Վերջինս ասում է.«Արդեն 10-15 տարի ուրիշի տանն ենք բնակվում: Դիմել ենք պետությունից փոխհատուցում ստանալու համար: 2013թ. դեկտեմբերին կիսատ-պռատ փոխհատուցում տվեցին: Ընտանիքի յուրաքանչյուր բնակչի համար վճարեցին 900 հազարական դրամ: Մեր ընտանիքում 6 հոգի ենք, սակայն վճարումը կատարեցին 5 հոգու հաշվով: Ստացած գումարով Գոշում հնարավոր չէ նորմալ տուն գնել: Այստեղ տները թանկ են, քանի որ տուրիստների մեծ հոսք է լինում: Երեւանից շատ հարուստներ այստեղ տներ եւ հողեր են գնել, որի հետեւանքով տները թանկացել են»:

Արծրուն Հովսեփյանը դիմել է ՀՀ նախագահին, նախագահի աշխատակազմի մի աշխատակից ծանոթացել է Հովսեփյանի բնակարանի փոխհատուցման խնդրին: Ա. Հովսեփյանն ասաց. «Որպես փոխհատուցում ստացած գումարով մի տուն ենք գնել, դեռ 2 հազար դոլար էլ պարտք եմ տան տիրոջը: Սակայն այդ տունը կիսակառույցի պես բան է, կարգին տանիք չունի, ահագին աշխատանք պետք է կատարվի, անձրեւների ժամանակ ջուրը տուն է լցվում, տանն էլ փոքրիկ թոռնիկ ունեմ»: Նա պատմում է, որ իրենց 6 հոգանոց ընտանիքից միայն մի աշխատող կա, ով ուսուցիչ է : Արծրուն Հովսեփյանի որդին աշխատում էր որպես Գոշի թանգարանի տնօրեն: Սակայն  թանգարանը մի քանի ամիս առաջ փակել են: Ա. Հովսեփյանը պատմեց, որ մշակույթի նախարարությանը կից հուշարձանների պահպանության ընկերությունից եկել են, թանգարանի աշխատակիցներին ստորագրել տվել, որ նրանք դեմ չեն թանգարանի ժամանակավոր փակմանը: Եվ փակել են թանգարանը, ուր ամեն տարի բազում զբոսաշրջիկների հոսք էր լինում: Թանգարանի ցուցանմուշները այժմ գտնվում են Դիլիջանում, ինչ-որ նկուղում: Ա. Հովսեփյանը հայտնեց, որ Գոշավանքի նորոգումն էլ կիսատ է մնացել, քանի որ ֆինանսավորման դժվարություններ կան:

Գոշի գյուղապետ Գեւորգ Ամիրխանյանը ՀՀԿ անդամ է, նա գյուղը ղեկավարում է 2012թվականի հոկտեմբերից: Արդեն 4 տարի ՀՀԿ անդամ գյուղապետն ասաց, որ նախկինում Գոշի 6 ընտանիք սողանքից տուժած տների համար պետական բյուջեից փոխհատուցում է ստացել, 4-րդ կարգի վթարայնության 9 տների տերեը սպասում են փոխհատուցման: Բացի այդ, գյուղում էլի կան վթարային տներ, սակայն գյուղապետի խոսքերով՝ փոխհատուցում ստանալու նպատակով դիմելու համար դեռ հարկ է ճշտել այդ տների վթարայնության աստիճանը: Գոշավանքի կիսատ նորոգման մասին Գ. Ամիրխանյանն ասաց, որ 2013թ.-ի համար նախատեսված աշխատանքները արվել են, այս տարի նորոգում չի արվել, այն կշարունակվի պետբյուջեից ֆինանսավորում լինելուց հետո:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30