Ինչպես տեղեկացրել ենք, 22-ամյա ծննդկան Նարինե Ղուկասյանի սկեսրայրը այսօր հայհոյանքներ է տեղացել Գյումրու ծննդատան բուժանձնակազմի հասցեին, հասել է ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանի վրա` փորձելով ծեծել նրան: Իսկ պատճառը եղել է նրա թոռնիկի մահացած ծնվելը: Բանը հասել է նրան, որ թե սկեսրայրը և թե ծննդատան բուժանձնակազմը դիմել են ոստիկանություն, սկեսրայրը բողոքել է, որ իր թոռնիկը բժիշկների մեղքով է մահացել, իսկ ծննդատան անձնակազմը հայտարարություն է տվել վերջինիս խուլիգանական արարքի համար: Այժմ գործը գտնվում է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի ուշադրության կենտրոնում:
Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանի ասելով, Նարինեի մոտ եղել է ներարգանդային ինֆեկցիա: Aravot.am-ը այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեց Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանից, որը տեղեկացրեց, որ այդ նույն Նարինե Ղուկասյանը հղիության ժամանակ խնդիրներ է ունեցել և բուժվել է: Ըստ գինեկոլոգի, ինչից ասես կարող էր լինել ներարգանդային ինֆեկցիան, կինը բարձր ջերմաստիճանով է ծննդատուն տեղափոխվել, նրան հակաբորբոքային դեղեր են տվել: Բժշկական միջամտություն չեն արել, բաբախը վատացել է, դեղեր են սրսկել, այսինքն, ըստ գինեկոլոգի, այդ դեղերը ուղղված են եղել բաբախը լավացնելուն: Գինեկոլոգի ասելով, այն, ինչ պիտի անեին բժիշկները, տեղը տեղին արել են: Ըստ նրա, երեխան կարող էր մահացած ծնվել նաև այն պատճառով, որ պորտալարը փաթաթված է եղել պարանոցին:
«Իմ մոտ եկավ ծննդկանի սկեսուրը ու հարցրեց` ինչո՞ւ կեսարյան հատում չեք արել, ես պատասխանեցի, տիկին, եթե անեինք ու երեխան դարձյալ մահացած ծնվեր, ո՞րն էր դրա իմաստը, էդ դեպքում ի՞նչ կանեիք: Տիկինը ոչ ավել, ոչ պակաս պատասխանեց` ձեզ կախաղան կհանեի, մտածեցի լավ ենք պրծել, եկաք հայհոյեցիք, գնացիք, բա որ իրոք գործը անցներ կախաղանի: Չգիտեմ ինչ է կատարվում, երևի օգտվելով լրատվամիջոցների առատությունից` մարդիկ սկսել են շոուներ սարքել, տեսնում են մյուսները շոուների մեջ են, մտածում են` մենք ինչո՞ւ չսարքենք»,- ասաց Ֆելիքս Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ