Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխեն Միկոյան. «Ինչպես Միկոյանը կանխարգելեց Ավետիք Իսահակյանի բանտարկությունը»

Հունիս 02,2014 21:50

Անաստաս Միկոյանի թոռնուհու հիշողություններից

Հայաստան կատարած իմ առաջին ճամփորդության ժամանակ՝ 1986 թ. աշնանը, ինձ բախտ վիճակվեց հյուրընկալվել հայ մեծ պոետ Ավետիք Իսահակյանի ընտանիքին: Ինչպես հայտնի է, այդ ընտանիքը բարեկամացել էր աշխարհահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանի ընտանիքի հետ: Իհարկե, այդ ժամանակ նրանք երկուսն էլ արդեն կենդանի չէին: Ինձ Իսահակյանների տուն տարավ իմ լավ ընկեր, հայտնի արվեստագետ, այն ժամանակ Մարտիրոս Սարյանի թանգարանի տնօրեն, իսկ դրանից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը: Ինձ արտակարգ լավ եւ ջերմ ընդունելություն ցույց տվեցին, եւ սեղանի շուրջ տան ավագ տիրուհին՝ Իզաբելլա Անդրանիկովնան՝ Ավետիք Իսահակյանի հարսը, արդեն բավականին տարիքով կին, ինձ անակնկալի բերեց, ասելով, որ իմ պապու անունը իր ընտանիքում միշտ սրբություն է եղել, որովհետեւ նա փրկել է իր սկեսրարին բռնադատումներից:

Եվ նա շատ էմոցիոնալ ձեւով պատմեց, թե ինչպես է դա եղել՝ ինչպես մի մարդ, որը մինչ այդ ժամանակ պարզորոշ հիշում էր ոչ միայն այդ իրադարձությունները, այլեւ դրանց հետ կապված ապրումները:

Ահա թե ինչ լսեցի ես այդ երեկո:

Ավետիք Իսահակյանը 1936թ. իր ողջ ընտանիքի հետ Ֆրանսիայից՝ Իտալիայով, Հունաստանով, այնուհետեւ Բաթումիով անցնելով, վերադարձավ Հայաստան: Սկզբում ամեն ինչ լավ էր, կամ թվում էր, թե լավ էր: Բոլորն ուրախ էին նրան տեսնել, հրավիրում էին ամենուր, փառքի էին արժանացնում ինչպես ազգային պոետի, տպագրում եւ կարդում էին նրա բանաստեղծությունները: Բայց դա, ինչպես հայտնի է, այն ժամանակներն էին, երբ ՆԳԺԿ (НКВД)-ի համար արտասահմանի հետ ցանկացած կապը հիմք էր լրտեսության մեջ մեղադրելու համար, ինչը նշանակում էր նաեւ՝ բանտարկություն եւ ամենախիստ դատավճիռ: «Վարպետի» գլխին, ինչպես կոչում էին Իսահակյանին, շուտով սկսեցին ամպերը խտանալ: Նրան դադարեցին հրավիրել հանդիսավոր միջոցառումների, նրա անունը ավելի ու ավելի հազվադեպ էր թերթերի էջերում հայտնվում, նրա շուրջ սկսեց վակուում ձեւավորվել: (Թերեւս, ՆԳԺԿ-ը այդ ճանապարհով պատրաստում էր նրա ձերբակալությունը, համարելով, որ մարդիկ կսովորեն Իսահակյանի «բացակայությանը», եւ այդ ժամանակ ավելի հեշտ կլինի այնպես անել, որ Հայաստանով մեկ հանրաճանաչ այդ մարդը «անհետանա»):

Եվ ահա ինչ-որ պետական տոնի առթիվ Երեւան է ժամանում պաշտոնական հյուր Մոսկվայից՝ Անաստաս Միկոյանը: Հանրապետության իշխանությունները հանդիսավոր ընդունելություն են կազմակերպում, որին, ինչպես սովորաբար, հրավիրվում են հանրապետության ամենահայտնի մարդիկ, մշակույթի գործիչներ, նկարիչներ, գրողներ, բանաստեղծներ:

Ինչպես հետո Իսահակյաններին պատմում են այդ հանդիսությանը ներկա եղած մարդիկ, իմ պապը՝ Անաստաս Միկոյանը, ողջունելով եւ զրուցելով մյուս հյուրերի հետ, մինչ բոլորին կհրավիրեին սեղանի մոտ, աչքի անցկացրեց դահլիճը՝ ակնհայտորեն ինչ-որ մեկին փնտրելով եւ չգտնելով: Վերջապես, նա ղեկավարներից ինչ-որ մեկին հարցրեց, թե ինչո՞ւ հյուրերի թվում չէ Իսահակյանը: Նրան ի պատասխան սկսեցին ինչ-որ բան «քրթմնջալ», բայց նա հանձնարարեց հենց այդ պահին Իսահակյանի հետեւից մեքենա ուղարկել, ասելով, որ ընդունելությունը չի սկսվի, մինչեւ բանաստեղծը չգա:

Այդ ամենի մասին Իսահակյանի տանը, իհարկե, ոչ ոք ոչինչ չգիտեր: Միակ բանը, որ գիտեր նրա ընտանիքը եւ ինքը՝ պոետը, դա այն էր, որ իրեն չեն հրավիրել ընդունելության, եւ որ դա պատահական բացթողում չէր: Թե ինչ կարող էր հաջորդել այդ ամենին՝ բոլորին հասկանալի էր: Ինքը՝ Իսահակյանը, ընտանիքի անդամներից որեւէ մեկի հետ դա չէր քննարկել, նա նստել էր իր կաբինետում եւ աշխատում էր: Բայց ընտանիքում արդեն որոշ ժամանակ վախով սպասում էին, որ նրա հետեւից ժամ առ ժամ, օր առ օր կարող են գալ եւ տանել բանտ: Եվ ահա, այդ ընդունելության օրը, երեկոյան, նրա տանը մոտենում է մի մեքենա, եւ լսվում է դռան թակոցը: Իզաբելլա Անդրանիկովնայի պատմության հաջորդ հատվածը ես կբերեմ գրեթե բառացի՝ նրա անունից. «Ես ամենամոտն էի գտնվում մուտքի դռանը, մոտեցա եւ վախից սառելով հարցրեցի՝ ո՞ւմ եք ուզում: Դռան այն կողմից պատասխանեցին, որ եկել են Վարպետի հետեւից: Ես սարսափահար, գրեթե չհասկանալով, թե ինչ եմ անում, ճչացի, որ թույլ չեմ տա նրանց՝ տանել Ւսահակյանին եւ կողպեքի վրայից հանեցի բանալին, որով դուռը կողպած էր: Այդ ժամանակ մոտեցավ մաման (այդպես էր Իզաբելլա Անդրանիկովնան կոչում իր սկեսրոջը-Ա.Մ.), որը նույնպես դռան մոտից հետաքրքրվեց, թե ով եւ ինչու է եկել: Նրան պատասխանեցին, որ ընկեր Միկոյանը հանձնարարել է Վարպետի հետեւից մեքենա ուղարկել, որպեսզի նա հենց հիմա գնա տոնի առթիվ կազմակերպված կառավարական ընդունելությանը: Մաման ինձ ասաց՝ տուր բանալին, ամեն ինչ կարգին է, պետք է դուռը բացել, իսկ ես վախից դողում էի եւ բանալին սեղմել էի ձեռքիս մեջ, որն այնպես էր ջղաձգվել, որ չէր բացվում: Մաման ինձ տարավ խոհանոց, ձեռքս դրեց տաք ջրի տակ, եւ միայն այդ ժամանակ ես կարողացա այն բացել եւ տալ նրան բանալին: Պատվիրակներին ներս թողեցին, պապան (Իսահակյանը-Ա.Մ.) հագնվեց եւ գնաց ընդունելության, որտեղ նրա համար սեղանի մոտ տեղ էր պահված Անաստաս Իվանիչի կողքին: Վերջինս Իսահակյանի պատվին կենաց ասաց, շեշտելով, թե որքան պետք են Հայաստանին Վարպետի նման մարդիկ, եւ ինչպես պետք է Հայաստանը նրանցով հպարտանա»:

Իզաբելլա Անդրանիկովնայի խոսքերով, ավելի ուշ, իմ պապիկի՝ Մոսկվա վերադառնալուց հետո, Հայաստանի ղեկավարներից մեկի անունով հեռագիր եկավ, որում գրված էր. «Այդ ծերուկին չդիպչել: Ստալին»:

Իզաբելլա Անդրանիկովնան ասաց, որ այդ հեռագրի մասին հետո ինչ-որ մեկը պատմեց իրենց եւ մեջբերեց այդ տեքստը, բայց դա այդպես էլ մնաց գաղտնի փաստաթուղթ՝ «հասարակ աչքի» համար անհասանելի: Ցավոք սրտի, այն ժամանակ մտքովս չանցավ գրի առնել այդ պատմությունը տաք հետքերով: Բայց դա առանց այդ էլ ինձ մոտ շատ վառ տպավորվեց, հատկապես բանալու հետ կապված դրվագը, որը ինձ ցնցեց որպես ահավոր վախի կենդանի նկարագրություն, որում այն ժամանակ ապրում էին մարդիկ, եւ որը, փառք Աստծո, իմ սերունդն արդեն չզգաց:

 

Աշխեն Միկոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեկնաբանություններն ավելորդ են…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30