Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Երկրի պատիվը պահող չեղավ». (Տեսանյութ)

Հունիս 02,2014 20:09

Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած այն պայմանին, թե Հայաստանը մինչև հուլիսի 1-ը միանալու է Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց ոչ թե անմիջապես տեղում՝ Աստանայում, այլ օրեր անց Ծաղկաձորում՝ նշելով, թե «Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, թե վիրավորված է, քանի որ, ըստ էության, Սերժ Սարգսյանը Նազարբաևին պատասխան չի տվել, այնինչ Նազարբաևը երկրի արժանապատվությանն էր դիպել: Արամ Սարգսյանն այս առիթով ասաց. «Անպայման չէ միայն մարդկային փոխհարաբերություններում արժանապատվություն պաշտպանելը: Պակաս կարևոր տեղ չէ, երբ պետության արժանապատվությունն ես պահպանում: Նազարբաևի ասածին պատասխան էր անհրաժեշտ, ինչը չեղավ, ուստի ես դրանից եմ վիրավորված»:

Մեր հստակեցմանը, թե այդպես էլ երկրի պատիվը պահող չեղա՞վ, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Այս պահին պետության պատիվը պահող չեղավ, բայց եթե գտնեն հնարավոր պատասխաններ և գոնե ուշացած տեսքով պատասխան տան, գոնե այդպես լինի»:

Նազարբաևի հայտարարությունները շատ վերլուծաբաններ դիտարկում են ԼՂ հարցի կարգավորման համատեքստում, նաև դիտարկումներ կան, թե այսպիսով քայլ առ քայլ զոհաբերվում է Ղարաբաղը:

Արամ Սարգսյանն այս կարծիքին չէ, նա վստահ է, որ Ղարաբաղը ինչպիսին Հայաստանը պահպանել է, այդպիսին պահպանելու է»: Սակայն ըստ Արամ Սարգսյանի՝ ռազմականից բացի կարևոր է նաև ինֆորմացիոն դաշտում հանդես գալը: Այս առիթով պարոն Սարգսյանը նկատեց. «Խնդիրն այն չէ, որ ԼՂ հարցը հանկարծ կարող է լուծվել այդ ինտեգրացիոն միության մեջ: Բայց եթե մենք այնտեղ ներկայացնում ենք մեր դիրքորոշումը և ցույց տալիս աշխարհին, թե ինչու ենք այդ հարցադրումն անում, դա կարող էր լուրջ օգուտ տալ մեզ»:

Մեր հարցին, արդյոք Աստանայում կատարվածը և Հայաստանի պահվածքը վնաս հասցրե՞ց Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Վնաս հասցվեց այնքանով, որքանով դա կապված էր ինֆորմացիոն դաշտում ձեր կեցվածքին, դիրքորոշմանն ու արժանապատվությանը»:

Մեր դիտարկմանը, թե օրինաչափություն չի՞ դառնում այն, որ ՀՀ քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ հայտարարում են մի բան, սակայն տրամագծորեն հակառակն է ստացվում. օրինակ՝  Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե «Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն», նույնը հայտարարել է նաև Գագիկ Մինասյանը, սակայն ստացվեց լրիվ հակառակը: ՀԴԿ ղեկավարից հետաքրքրվեցինք՝ սա է՞լ էր ճնշման արդյունք: Նա պատասխանեց. «Ես՝ որպես կուսակցության ղեկավար և ընդդիմադիր, կարող եմ խոսել նրա մասին, որ առանց Ղարաբաղի երբևէ պիտի չմտնենք այս կամ այն միության կազմի մեջ: Բայց պետության ղեկավարի խնդիրն այն է, որ այդ հարցը կարգավորի առանց ավելորդ աղմուկի: Դա պիտի արվի դիվանագիտական խողովակներով: Չի արվել դա, ինքին հասկանալի է, որ ինչ-որ հարցում թերացել, տանուլ է տվել»: Մեր դիտարկմանը, գուցե Սերժ Սարգսյանը կաշկանդվա՞ծ էր, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Դա թողնենք, չգիտեմ՝ ինչից կաշկանդված»:

Մանրամասները` տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30