«Հայաստանը բիզնես ծրագիր է, կաթողիկոսն էլ այդ բիզնես ծրագիրն իրականացնողներից մեկն է: Ցավոք, Վազգեն Առաջինից հետո մեր հոգեւոր աշխարհը ամբողջովին մթության մեջ է, խավարի մեջ է: Պետությունը եւ եկեղեցին համաձուլվեցին, եւ այդ պահից սկսած՝ եկեղեցին ծառայում է պետությանը, ավելի ճիշտ՝ ոչ թե պետությանը, այլ՝ պետական իշխանավորին: Ունի ճիշտ նույն նկրտումները, ինչ ունի ցանկացած բիզնեսմեն՝ ագահ օլիգարխ կամ իշխանավոր»,- Aravot.am-ի հետ զրույցում եկեղեցու եւ կաթողիկոսի մասին այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը:
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «Հայեցակարգային» գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ի պատասխան Ստյոպա Սաֆարյանի քննադատությանը, որ կաթողիկոսը զավթել է հանրային այգիներ, Նոր Նորքի 1-ին զանգվածի այգին Մայր աթոռն է սեփականաշնորհել՝ վստահեցրել էր, որ «այն բոլոր վայրերը, տարածքները, որոնք տրվել են եկեղեցուն, դրանք միայն բարեկարգվել են եւ ծառայել են հայ ժողովրդին, վկա՝ պիոներ պալատները, հարյուրավոր եկեղեցիները, բազմաթիվ այդպիսի հաստատություններ եւ դպրոցներ»: Բագրատ սրբազանը վստահեցրեց, որ կաթողիկոսը ոչ մի բան էլ եւ ոչ մեկից էլ չի զավթել:
Մեր հարցին՝ երբ Մայր աթոռը հանրային այգին սեփականաշնորհում է, սա ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ընդունելի չի: Եկեղեցին պետք է զբաղվի մարդկանց մեջ հոգեւոր արժեքներ ներարկելով: Եկեղեցին պետք է կարողանա լինել այն ավանդույթների պահապանն ու կրողը, ժողովրդի մեջ սերմանողը, որը դարերով կարողացել է հայ ազգին բերել հասցնել այս 21-րդ դար: Եկեղեցին պետք է լինի նեցուկ, երբ որ խաթարվում է մարդու հոգեւոր աշխարհը, մարդն արդեն ոչնչանում է: Եկեղեցին օգնում է հայ ազգի ինքնաոչնչացմանը»:
Մեր հարցին՝ Դուք անձամբ եկեղեցի գնո՞ւմ եք՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ես հավատացյալ եմ, բայց եկեղեցի չեմ գնում այն օրվանից, երբ Գարեգին Երկրորդը մեր կաթողիկոսը դարձավ: Ես իմ բոլոր աղոթքները կամ Աստծո հետ իմ կապը պահպանում եմ իմ տանը: Իմ եկեղեցին իմ տունն է»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ բարեպաշտ, համեստ ապրելակերպով հոգեւորականներ չե՞ք տեսնում՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Տեսնում եմ, իմ ընկերների մեջ ֆեյսբուքում շատ կան: Այսօր առավոտյան մեկն էլ ընկերության առաջարկ էր տվել՝ Մոսկվայից հոգեւորական, ինչի համար ես շատ ուրախացա: Ներողություն եմ խնդրում, եթե իմ այս խոսքերը ցավացրեց որեւէ բարեպաշտ հոգեւորականի: Ես տեսնում եմ նրանց մեջ այդպիսիններին եւ հարգում եմ նրանց ծառայությունը, հարգում եմ նրանց դիրքորոշումը, բայց ինչպես որ աշխարհիկ կյանքում են մարդիկ բարձրաստիճան իշխանավորից վախենում, այնպես էլ հոգեւոր աշխարհում հոգեւորականը վախենում է բարձրաստիճան հոգեւորականից: Նույն վախի մթնոլորտն է, դրա համար մարդիկ ազատ չեն արտահայտում իրենց մտքերը՝ ասելով, թե դա եկեղեցու հարստությունն է: Ի՞նչ է, ո՞ր դարում ենք: Կա ազգային հարստություն եւ վերջ:
Հոգեւորականները միշտ արդարացնում են Կճոյանին, կաթողիկոսին՝ ասելով, որ Աստվածաշնչում չի գրված, որ հոգեւորականը պիտի աղքատ կյանքով ապրի՝ Զոյա Թադեւոսյանը արձագանքեց. «Հա, գրված է, որ հոգեւորականը հետո պիտի սքեմը հանի…ես դրանց անվանում եմ սքեմով բիզնեսմեն»:
Մանրամասները` տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այս կինը հավանաբար որևէ աղանդի հետևորդ է:Կաթողիկոսն ի՞նչ կապ ունի իր հավատի հետ:Կաթողիկոսն այսօր կա, վաղը չկա:Եկեղեցին Աստծո տունն է: