Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացի քննչականից, բոլորը գիտեն, թե ով է սոցապի գործի քավոր-դիրիժորը» (Տեսանյութ) 

Հունիս 02,2014 17:58

Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործով դատվող գյումրեցի պաշտոնյաներն այսօր իրենց վերջին խոսքը հնչեցրեցին դատարանում: Գյումրու տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, որը իր վրա էր վերցրել պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու ողջ մեղքը, այնուհետ հրաժարվել էր նախաքննական մարմնին տված ցուցմունքից, այսօր դատավոր Էդուարդ Մանուկյանին խնդրեց իրեն ազատազրկման չդատապարտել:

Նշենք, որ այս գործով միակ կալանավորվածը Հ1 հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրն է` Ռուբեն Մնացականյանը, իսկ մնացածը ազատության մեջ են: Սակայն դատախազն այսօր պահանջեց մյուսներին ևս ազատազրկման դատապարտել:

Դատարանում բավական երկար ելույթով հանդես եկավ վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը, որը մեկ անգամ ևս պնդեց, թե որքան էլ իր մոտ ծանոթ-բարեկամ հասկացությունն անցներ ու շուրջբոլորին մարդկություն աներ, ինքը փողերի յուրացման մեխանիզմին չի տիրապետում: Նա շեշտեց, որ ինքը չի վախենում պատասխանատվություն կրելուց, սակայն պիտի հասկանա, թե ում համար պատժվի:

Ռուբեն Մնացականյանը դատախազին խորհուրդ տվեց քայլել ավանդապաշտ Գյումրու փողոցներով ու հարցնել, թե ո՞վ է «սոցապի գործի քավոր- դիրիժորը»:Ըստ նրա, երեխաներից սկսած կասեն ով է, բոլորը գիտեն, բացի քննչական խմբից ու նախկին պետական մեղադրող Հովհաննես Ենոքյանից: Ռուբեն Մնացականյանը բնականաբար ի նկատի ուներ սոցապի հաշվապահ Անահիտ Նաչաջյանին, որին այդպես էլ, նույնիսկ որպես վկա դատարան չհրավիրեցին:

Ռուբեն Մնացականյանը մի ինքնատիպ առաջարկ էլ ուներ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին: Նա առաջարկեց քաղծառայության հարցատոմսերի մեջ այսուհետ ընդգրկել նաև հետևյալ հարցի պատասխան. «Ինչպե՞ս կեղծել, որ մնաս անպատիժ»

Ռուբեն Մնացականյանի ամբողջ ցուցմունքը՝ տեսանյութում

 

 

Այնուհետ ցուցմունք տվեց նրա կինը` վճարող տեսուչ Կիմա Փիլոյանը, որը նշեց, թե ինքը անմեղ զոհ է, գլխավոր մեղավորը հաշվապահ Անահիտ Նաչաջյանն է, որին ինքը հավատացել է , իսկ հաշվապահն իրեն չնչին գումարներ է տվել: Տիկինը նաև ներկայացրեց փաստաթղթեր, որ իր խնամքին է ծեր, 79-ամյա հիվանդ մայրը ու դատարանին խնդրեց իրեն արդարացնել:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30