Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին էր դիմել Հատուկ քննչական ծառայությունը, տեղեկացնելով, որ ծանրաբեռնվածության պատճառով չեն կարող ներկա գտնվել տնտեսագիտության թեկնածու Արտակ Ղուկասյանի բողոքի քննությանը:
Արտակ Ղուկասյանին առեւանգել էին, ծեծի են ենթարկել պետական եկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնատար անձինք, սակայն ՀԳՔ քննիչ Էդգար Հակոբյանը ըստ Արտակ Ղուկասյանի պաշտպան Հակոբ Ճարոյանի` ոչ միայն քրեական գործ չի հարուցել, որոշում ընդունել չհարուցելու մասին, այլ քրեական գործ չի հարուցել անգամ սուտ մատնության հատկանիշներով:
Հակոբ Ճարոյանը պահանջեց, որպեսզի դատարան ներկայանա քննիչ Է.Հակոբյանը:
Aravot.am-ին Հ.Ճարոյանն ասաց. «Քննիչը խուսափում է, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի: Գործով կա չորս տուժող, որոնք հայտարարել են, որ Արտակ Ղուկասյանին տեսել են ծեծված: Իսկ ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանն ասել էր, որ Արտակին տարել են Եղվարդ, այս ամենը ապացուցվելու է»:
Կարդացեք նաև
Ի դեպ, Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ սկսվել է Արտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությունը, դատարան է գալու ԱԺ պատգամավորը: Նրան պաշտպանական կողմը կասկածում է առեւանգման մասնակից լինելու, բռնություններին մասնակցելու մեջ:
Դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ