Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ տանից ոչ մի տեղ չեմ գնացել». Դավիթ Մուրադյանն իր նոր պաշտոնի մասին

Հունիս 02,2014 17:53

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ ԿԳ նախարարության հայտարարած բաց մրցույթն այսօր ամփոփվեց:

Ձայների 19 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը դարձավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր: Ի դեպ, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր ճանաչվեց:
Նկատենք, որ ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմել էր միայն պարոն Մուրադյանը. «Ես իմ հայտը ներկայացրել եմ օրենքով սահմանված ժամկետի նախավերջին օրը, այսինքն՝ բոլոր այդ օրերի ընթացքում բաց է եղել դաշտը, իսկ թե ինչու ինձնից բացի ուրիշ ոչ ոք չի դիմել, ես չգիտեմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԹԿՊԻ-ի նոր ռեկտորը:

Անդրադառնալով իր նոր պաշտոնին՝ Դ. Մուրադյանն ասաց. «ԵԹԿՊԻ-ն իմ ողջ կենսագրությանը կապված աշխատավայր է: Քսան տարի է, ինչ դասավանդում եմ այստեղ, այնպես որ, ես իմ տանից ոչ մի տեղ չեմ գնացել, պարզապես, այդ տան համար պատասխանատվությունն է մեծացել, որին կփորձեմ արժանի լինել»:
Հիշեցնենք, որ հավակնորդը, ըստ մրցույթի կանոնների, պարտավոր էր ուսումնական հաստատության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ) ներկայացնել:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը նաև ԵԹԿՊԻ-ի խորհրդի նախագահն է, լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ է հավանել Դ. Մուրադյանի ներկայացրած հայեցակարգը. «Ծրագրում մի հատված կար, որն ինձ շատ դուր եկավ: Դա վերաբերում է հետբուհական կրթությանը: Ռեկտորը հստակ ասաց, որ չեն սահմանափակվելու ուսանողների՝ բուհում սովորելու տարիներով: Դա շատ կարևոր է, որովհետև հետբուհական շրջանը վերապատրաստումների, վերաորակավորումների խնդիր ունի»,- նշեց մշակույթի նախարարը:

Նոր ռեկտորի ծրագրում նա կարևորեց նաև ուսանողական թատրոն ստեղծելու գաղափարը. «Ուսանողական թատրոնը պիտի մի նոր հասցե լինի, որտեղ մարդիկ կարողանան գալ ու տեսնել, թե ինչպիսի երիտասարդություն է այս բուհի պատերի ներսում կրթվում»,- ասաց Հ. Պողոսյանը:

Դ. Մուրադյանն էլ, մի փոքր ավելի մանրամասն խոսելով ուսանողական թատրոն հիմնելու ծրագրի մասին, նախ շեշտեց, որ սա չպետք է խառնենք ուսումնական թատրոնի հետ, որն արդեն կա, և ապա հավելեց. «Դա կլինի ուսանողական մշտապես գործող, ստացիոնար թատրոն, որտեղ ներկայացումներ կբեմադրվեն հանդիսատեսի համար, որովհետև ուսանողը պետք է ոչ միայն իր փորձասենյակում ու դասասենյակում ձևավորվի որպես դերասան, այլև բեմի վրա՝ հանդիսատեսի հետ կենդանի շփման մեջ»:
Ռեկտորը կարծում է, որ սա մեծապես կնպաստի կրթական և գիտական մի մեծ խնդրի լուծման. «Սովորաբար, մեր ժամանակներում ասում են, թե շուկան է մշակույթ թելադրում: Այդ իրողության հետ պետք է հաշվի նստել. այն, իրոք, կա, բայց գերխնդիրն այն է, որ մշակույթը շուկա թելադրի, այսինքն՝ մշակույթն ինքը թելադրի և ձևավորի շուկա, իսկ դա կարող է լինել մի դեպքում միայն, երբ այս կրթօջախից դուրս եկողներն ունենան մշակութային այնպիսի պատրաստվածություն, որ կարողանան իրենց մշակութային պոտենցիալով ձևավորել այդպիսի մթնոլորտ»,- ասում է պարոն Մուրադյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30