Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց սոցապի մի քանի պաշտոնյաների դեմ հարուցված քրգործի քննությունը, որոնք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու մեջ:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնյաները 4-ն են` Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, որը փախուստի մեջ է, և վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը, որը միակ կալանավորվածն է այս գործով:
Արթուր Աբրահամյանի շահերը պաշտպանող Թամարա Յայլոյանը դեռևս նախորդ դատական նիստին ինքնաբացարկ էր հայտնել դատավոր Էդուարդ Մանուկյանին` գտնելով, որ նա համակողմանի չի քննում փաստերը, դատարան չի հրավիրում սոցապի հաշվապահ Անահիտ Նաչաջյանին, որին ամբաստանյալները մեղադրում են գլխավոր դերակատար լինելու մեջ: Թամարա Յայլոյանի միջնորդությանն այսօր միացավ նաև Ռուբեն Մնացականյանի ու Կիմա Փիլոյանի շահերը պաշտպանող փաստաբան Հովսեփյանը: Սակայն դատարանը, կես ժամ հեռանալով խորհրդակցական սենյակ, մերժեց նրանց միջնորդությունը:
Թամարա Յայլոյանին հետաքրքում էր նաև, թե 29 միլիոն դրամը, որը իր պաշտպանյալ Արթուր Աբրահամյանը Վազգեն Խաչիկյանի պահանջով փոխանցել էր վերջինիս` որպես պետությանը պատճառած վնասի փոխհատուցում, ումի՞ց պիտի գանձվի` Վազգեն Խաչիկյանի՞ց, թե՞ Արթուր Աբրահամյանից: Ըստ փաստաբանի, կրկնակի գանձում պետական բյուջե անել հնարավոր չէ, քանի որ այդ վնասը պետությանը մեկ անգամ է պատճառվել: Սակայն փաստաբանին հուզող հարցը այդպես էլ անպատասխան մնաց:
Կարդացեք նաև
Այս գործով նոր դատախազ Կարեն Հովհաննիսյանը մեղադրական ճառը ընթերցեց: Նա երկար ելույթ չունեցավ` նշելով, որ ժամանակին հանգամանորեն հանդես է եկել նախկին դատախազ Հովհաննես Ենոքյանը, և ընթերցեց միայն ընդամենը եզրահանգումը: Դատախազը միջնորդեց Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-րդ կետով: Դատախազը պահանջեց նրան 4 տարվա ազատազրկման ենթարկել` առանց գույքի բռնագրավման, սակայն միաժամանակ միջնորդեց համաներմամբ ազատ արձակել նրան, վերացնել գույքի վրա դրված կալանքը, ինչպես նաև վերացնել խափանման միջոցը:
Դատախազը միջնորդեց գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-րդ կետով, նրան ազատազրկման ենթարկել 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Իսկ միակ դատվող կնոջը`վճարող տեսուչ Կիմա Փիլոյանին, պահանջեց մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-րդ կետով և 325 հոդվածի 1-ին մասով և վերջնական պատիժ սահմանել 5 տարի ազատազրկումը` առանց գույքի բռնագրվման:
Դատախազը միջնորդեց վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ազատազրկման դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Մանրամասները` տեսանյութում
Այսօր հնչեց նաև ամբաստանյալների վերջին խոսքը, որին կանդրադառնանք քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ