Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ

Հունիս 02,2014 17:05

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, խոսել մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցերի մասին:

«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ մեր նախկին հանդիպումից բավական ժամանակ է անցել՝ չնայած դուք պարբերաբար տարածաշրջանային հանդիպումներ եք ունեցել, իսկ երկու ամիս առաջ ես եմ այցելել ԱԳՆ կենտրոնական ապարատ։ Բացի այդ, քանի որ վերջին ժամանակներս բավականաչափ հաճախ են դարձել այցելությունները, որոնց ընթացքում ես հնարավորություն են ունեցել ձեզնից շատերի հետ հանդիպելու և խոսելու: Այս հավաքը շատ լավ առիթ է անդրադառնալու մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, միջազգային և տարածաշրջանային ավանդաբար գոյություն ունեցող և նոր առաջացող մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղիներին:
Ցավով պետք է արձանագրենք, որ աշխարհում անկայունության լուրջ միտումներ են նկատվում: Աճում են լարվածությունն ու անորոշությունը: Դա թելադրում է մեր դիվանագիտական ներկայացուցչությունների, արտգործնախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների գործունեության շարունակական կատարելագործում, միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդում: Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել և գնահատել իրավիճակը, տալ զարգացման կանխատեսումներ և առաջարկել ազգային շահերից բխող լուծումներ: Մենք հաճախ ենք նշում, որ կարևորագույն ներուժը մարդկային կապիտալն է: Ուստի սպասողական դիրքորոշում որդեգրած, դեպքերին լոկ արձագանքող, գործից խուսափող դիվանագետն անթույլատրելի ճոխություն է մեզ նման պետության համար: Ձեզնից ակնկալում ենք ակտիվ ներգրավում այն բոլոր տեղերում, որտեղ ուղղակիորեն կամ միջնորդավորված շոշափվում են Հայաստանի և հայության շահերը»,- ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի արդիական հարցերին, մի շարք ուղղություններով արտաքին գործերի նախարարության կողմից իրականացված և առաջիկա աշխատանքներին, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ընթացքին, առկա մարտահրավերներին, դրանց դիմակայելու գործում արտաքին քաղաքական գերատեսչության անելիքներին: Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև գործընկեր երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակն ու խոսել հեռանկարների մասին: Նա անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հրադադարի հաստատումից քսան տարի հետո առկա վիճակին: Նախագահը բանակցային գործընթացում ընդգծել է հատկապես դիվանագիտության դերը և կարևորել հանդիպմանը ներկա դիվանագետներից յուրաքանչյուրի ամենօրյա հետևողական աշխատանքը:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին համայն հայության ջանքերի համադրման և համակարգված աշխատելու, այդ խնդրին համապարփակ ու խորքային մոտեցում ցուցաբերելու և Մեծ եղեռնի հարյուրամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու անհրաժեշտության մասին:

Իր խոսքում Նախագահն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին և այդ պարագայում տնտեսական հարաբերություններին:
Սերժ Սարգսյանը կարևորել է նաև սիրիական ճգնաժամի բոլոր ռիսկերն ու հետևանքներն իրենց վրա զգացող Սիրիայի ստվար հայկական համայնքին Հայաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Նախագահն առանձնակի արժևորել է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Գլխավոր հյուպատոսության գործունեությունը, որոնք այս ողջ ընթացքում գործուն աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը և շնորհակալություն է հայտնել այդ երկրում աշխատող մեր դիվանագետներին՝ խիզախ ու անձնվեր ծառայության համար:

Նախագահը խոսել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործում մեր երկրի կողմից իրականացվող գործուն աջակցության քայլերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում է իր պարտականությունները` առաջնահերթ համարելով դաշնակցային հարաբերությունները:
Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցությունն ու եվրոպական պետությունների հետ երկկողմ հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման ուղղությամբ աշխատանքները:

Հանրապետության Նախագահը ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի ուշադրությունը հրավիրել է նաև դիվանագիտության տնտեսական բաղադրիչի ակտիվացման անհրաժեշտության վրա: Նախագահն ընդգծել է, որ մեր հանրապետությունում օտարերկրյա ներդրումներ ապահովելու համար անհրաժեշտ է առավել ճանաչելի դարձնել հայաստանյան տնտեսությունը և ճիշտ ներկայացնել Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները: Դրանց թվում, Նախագահի համոզմամբ, կարևոր նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշումը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է հյուպատոսական ծառայությունների որակին ևս՝ ընդգծելով, որ չնայած հյուպատոսական ոլորտում վերջին տարիներին իրականացվել են կարևոր բարեփոխումներ՝ միտված քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունների ընթացակարգերի դյուրացմանը, այնուամենայնիվ դեռևս շատ անելիքներ կան: Նախագահի համոզմամբ, յուրաքանչյուր բարեփոխման կամ նորարարության ներդրման առաջին գնահատողը Հայաստանի քաղաքացիներն են, և միայն նրանց դրական գնահատականն ու գոհունակությունն է հյուպատոսական ծառայության գործի առաջնային ցուցիչը: Ցանկացած որակյալ ծառայություն իրականացնելու համար, ըստ Նախագահի, հարկավոր են որակյալ կադրեր, որի ուղղությամբ ևս աշխատանքներ է իրականացվում: Դիվանագիտական ծառայությունը որակյալ կադրերով համալրելու գործում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Դիվանագիտական դպրոցի դերը:

Ելույթի ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30