Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնես-խորհրդատուն արտագաղթը, ստվերն ու մրցակցային ոչ հավասար պայմանները նորմալ է համարում (Տեսանյութ)

Հունիս 02,2014 16:26

«Այն խնդիրները, որոնք այսօր Հայաստանում առաջանում են, զարգացման տեսանկյունից, ոչ թե փոխկապակցված են հայկական բիզնեսմենների կողմից մատնանշվող`հարկային, մաքսային, օրենսդրության եւ այլ խնդիրների հետ, այլ ավելի շատ ներքին խնդիրների կարգավորման հետ են կապված է»,-այսօր «Ելակետ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց պրակտիկ բիզնես-խորհրդատու Կարեն Սարգսյանը, եւ գործարար ոլորտում առկա խնդիրները նորմալ համարեց՝ դրանք դիտարկելով որպես մարդու եւ կազմակերպության զարգացման փուլերում տեղի ունեցող գործընթացներ:

Այսինքն, ըստ պարոն Սարգսյանի, ինչպես մարդու կյանքում զարգացման որոշակի էտապներ կան, որտեղ եւ անկումներ են լինում եւ զարգացումներ, այդպես էլ բիզնեսում են նման խնդիրներ լինում. «Նույն կերպ կազմակերպություններում են լինում էվոլյուցիոն ու ռեւոլյուցիոն փուլեր: Եթե կազմակերպությունը իրականությունը դիտարկի մարդու օրգանիզմի հետ, հեշտ կլինի բիզնեսի զարգացման առանձնահատկությունները դիտարկել: Եթե տվյալ կազմակերպության հիմնադիրը հասկանա, որ այդ խնդիրները ճանապարհ է, որ պետք է անցնել, ինչպես օրգանիզմում ամեն մի օղակ ունի իր ֆունկցիան, ապա նրան հեշտ կլինի կառավարել: Այսօր բիզնեսն աճում է, չի զարգանում, աճում ֆինանսական իմաստով, ավելի շատ ուշադրություն են դարձնում աճի վրա, ոչ թե` զարգացման, աճը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար»:

Aravot.am-ը պարոն Սարգսյանից հետաքրքրվեց` արտագաղթի հետեւանքով այսօր սպառման ծավալներն են նվազել, գնաճի հետեւանքով էլ` մարդկանց գնողունակությունն է նվազել, հետեւաբար հազարավոր բիզնեսներ են մեր երկրում փակվում, այս պարագայում կառավարիչը որքան էլ բիզնեսը մարդու օրգանիզմի զարգացման հետ դիտարկի, ինչպես որ խորհրդատուն է նշում, ինչպե՞ս կարող է փրկել իր բիզնեսը:
Մեր մատնանշած խնդիրները պրակտիկ բիզնես-խորհրդատուն նորմալ երեւույթ համարեց եւ այդ երեւույթները մարդու դեռահասության տարիքում առկա խնդիրների հետ համեմատեց. «Այն, ինչ հիմա տեղի է ունենում` բիզնեսների փակվելը, արտագաղթը եւ այլն, դա զարգացման հենց այն փուլերի մի գործընթացն է, որտեղ օբյեկտիվորեն կարող են լինել այդպիսի բաներ: Մարդն իր զարգացման ժամանակ դեռահասության ընթացքում, «եսի» ձեւավորման ընթացքում շատ տարբեր բաներ է փորձում: Ինքնահաստատման, ինքնազարգացման խնդիր ունեն, նույնը Հայաստանում է եւ բիզնեսում է»: Ապա պարոն Սարգսյանը հորդորեց նման բիզնեսմեններին ճիշտ ժամանակին դիմել, իր խոսքերով ասած`բժշկին, բիզնես-խորհրդատուին:

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց, թե խորհրդատուի նշած խնդիրների լուծման ճանապարհները գուցե կիրառելի են բիզնեսում մրցակցային հավասար դաշտի պայմաններում, ինչպե՞ս կարող է խորհրդատուն իր խորհրդով փրկել ինչ-որ մեկի բիզնեսը, եթե Հայաստանում ստվերը շատ մեծ է, անհավասար մրցակցային դաշտ է գործարար ոլորտում, միթե՞ տեղին է նման պարագայում շեշտել, որ Հայաստանում նորմալ էվոլյուցիոն գործընթացներ են, պարոն Սարգսյանն ասաց, որ նման խնդիրներ բոլոր երկրներում էլ կան, այսինքն` նորմալ երեւույթ է, ապա նորից համեմատեց մարդու զարգացման փուլն ու Հայաստանում գործարար միջավայրը. «Մի ստեղծեք կոշիկի հերթական խանութը, որից շատ կա, մի ստեղծեք հերթական դասական բիզնեսը, այլ նորարարություններով մոտեցեք բիզնեսին»:
Խորհրդատուի պատասխանները` տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին էլ` արդյոք խորհրդատուի խորհուրդներին հետեւող գործարարները Հայաստանում հարկային դաշտից եւ վարչարարությունից դժգոհություններ ունեն, պարոն Սարգսյանն ասաց. «Ասում են, որ կան որոշակի խնդիրներ հարկային քաղաքականության հետ, բայց այստեղ կա մի շատ կարեւոր բան` հիմա Հայաստանում առկա զարգացումները ստեղծել են մի այնպիսի միջավայր, որ դրանք համարվում են նորմալ զարգացման գործընթացի հաջորդական փուլեր: Եթե այսպես կոպիտ օրինակ բերեմ` որոշակի ժամանակահատվածում երեխայի հասունացման 16-20 տարեկանում նա ոչ ոքի չի լսում, եւ նա ամենափոքրից մինչեւ ամենամեծ ու կատաստրոֆիկ սխալ կարող է թույլ տալ: Նույնը պետության եւ կազմակերպությունների միջեւ փոխհարաբերություններն են` կարող են սխալներ թույլ տալ: Այն, ինչ բարձրաձայնվում է հարկային քաղաքականության մասին, դա չարյաց փոքրագույնն է, որ բիզնեսը պետք է ուշադրություն դարձնի, եթե բիզնես ստեղծելուց հարց տա` ինչի՞ համար է ստեղծել, ապա հարկային քաղաքականության խնդիր չի լինի: Ինչի՞ է ստեղծել կոշիկի խանութ, այլ ոչ թե` ինչպե՞ս անենք, որ կոշիկ վաճառենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30