Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդակագործ. «Երեւանը դարձել է Թոխմախի մասնաճյուղ»

Հունիս 02,2014 16:20

«Վերջին մեկ ամսում այնքան փաստաթղթեր ի հայտ եկան, հրապարակվեցին եւ խոսվեց Միկոյանի գործունեության ամենավատ կողմերի մասին, որ կարծում եմ, դրանից հետո բոլոր քննարկումները պետք է դադարեին»,- այսօր՝ հունիսի 2-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց պատմաբան Արայիկ Հարությունյանը:
Նա խոստովանեց, որ իր պապը 1937 թվականին գնդակահարվել է, իսկ տատը՝ որպես գնդակահարվածի ժառանգ, աքսորվել է, եւ այդ պատճառով Անաստաս Միկոյանի թոռանը կոչ է անում դադարեցնել հայտարարությունները: Պատմաբանը Անաստաս Միկոյանի արձանը Երեւանի կենտրոնական հատվածում կանգնեցնելու որոշումն անգրագիտություն անվանեց՝ մեջբերելով քաղաքապետարանի աշխատակիցների պատճառաբանությունը, թե իրենց տրամադրության տակ չեն եղել այդ փաստաթղթերը.
«Բայց Արա Երնջակյանի, Մարտին Վարդազարյանի հայտարարությունները, թե ժամանակներն են այդպիսին, ինձ հանգեցնում են այն եզրակացությանը, որ այս մարդիկ իրենց ապագայի մասին են մտածում: Եթե մենք թույլատրենք, որպեսզի Միկոյանի արձանը տեղադրվի եւ հանդուրժենք սա, 25-30 տարի հետո այս մարդկանց թոռները սկսելու են արդարացնել իրենց պապերին՝ Արա Երնջակյանին, Մարտին Վարդազարյանին եւ մյուսներին՝ ասելով հազարավորների գլուխը կերած Միկոյանի արձանը կանգնեցրիք, եկե՛ք մեր պապերի արձանն էլ կանգնեցրեք, որովհետեւ նրանք ստիպված են եղել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի օրոք կոճակ սեղմել, նրանք ոչ մեկին չեն գնդակահարել, այսինքն՝ նրանց արածը շատ ավելի մեղմ է, քան Միկոյանինը»:

Իսկ քանդակագործ, արվեստագետ Սահակ Պողոսյանը կարծում է, որ արձանի կանգնեցումը քաղաքական նպատակներ ունի եւ սարսափելի անվանեց ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերականգնումը: Քանդակագործը նաեւ անպատկառություն է համարում 60 միլիոն մարդ սպանելու արդարացումը: Անդրադառնալով, հենց Միկոյանի արձանին, նա նշեց, որ արձանը դասական գերեզմանի վրա դրվող արձան է.
«Մեր քաղաքում, մասնագիտական առումով, ոչ մի արհեստավարժ քանդակ կամ արձան չի տեղադրվել, որովհետեւ հիմնականում տեղադրվել են մահարձաններ, եւ այդ առումով, քաղաքը չի տարբերվում գերեզմանատներից, կարծես թե Երեւանը դարձել է Թոխմախի մասնաճյուղ: Միկոյանի արձանը կանգնեցված է անցած դարի 80-ական թվականներին, եւ դասականորեն դա գերեզմանի վրա դրված արձան է, որը չգիտեմ՝ ո՞ր արվեստագետի, ո՞ր քաղաքական գործչի երեւակայությամբ հանել են Մոսկվայից եւ ցանկանում են տեղադրել Երեւան քաղաքում՝ Կենտրոնում, որպես արվեստի ստեղծագործություն, մատուցել հասարակությանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30