Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Վազգեն Խաչիկյանի փողերի լվացման գործով մեղադրվող սոցապի մի քանի պաշտոնյաների դեմ հարուցված քրգործի քննությունը, որը լսում էր դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու մեջ ամբաստանվում են Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, որը փախուստի մեջ է, և վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը, որը Հ1-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրն է ու միակ կալանավորվածը:
Հետաքրքիրն այն է, որ մոտ մեկ տարի տևած դատավարության ամենավերջին նիստին, երբ դատախազ Հովհաննես Ենոքյանը մեղադրական ելույթ պիտի հնչեցներ` վերջնական պատիժ պահանջելով 4 ամբաստանյալների համար, այլևս դատարան չներկայացավ: Նրա փոխարեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը Գյումրի էր ուղարկել Կարեն Հովհաննիսյանին, որը բնականաբար մանրամասնորեն ծանոթ էր այս գործին: Ինչևէ, պարզվեց, որ Հովհաննես Ենոքյանին թոշակի են ուղարկել:
Ամբաստանյալ Ռուբեն Մնացականյանը, տեսնելով, որ դատախազը փոխվել է, լրագրողներից մեկին ասաց. «Թեև ես մարգարե չեմ, բայց հիշո՞ւմ ես, ես քեզ ասել էի, որ դատախազը կփոխվի, Ենոքյանը կգնա»:
Դատավոր Էդուարդ Մանուկյանը, լսելով նրա հեռակա զրույցը լրագրողի հետ, անմիջապես նկատողություն արեց. «Ռուբիկ, քեզ նման չես, քեզ վայել պահի էլի, ի՞նչ ես խոսում, մարդ ձեր ձեռքը թոշակի կգնա, բա ի՞նչ կանի»:
Այսօր հնչեց այս գործով նոր դատախազի մեղադրական ճառը, ինչպես նաև ամբաստանյալների վերջին խոսքը:
Կարդացեք նաև
Այս մասին քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ