Երիտասարդական նվագախմբի Cartoon Non-Stop-ը և հայ էստրադայի «աստղերի» համատեղ ելույթները փոքրիկների հետ հիացրեցին բոլորին
…Խոստովանե՛մ. երբ մի քանի օր առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վստահություն հայտնեց, որ մանուկները՝ հունիսի 1-ին նշվող Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո Cartoon Non-Stop խորագրի տակ կայանալիք բարեգործական համերգը ունկնդրելուց հետո այլևս երբեք չեն մոռանա դրա ընթացքում ստացված տպավորությունները, չասեմ՝ կասկածեցի կամ, առավել ևս՝ չհավատացի, ո՛չ… երևի ճիշտ կլիներ ասել՝ մի պահ մտածեցի, գուցե, մի փոքր ինքնավստահության մասին…
Սակայն հիմա արդեն, երեք օրում տրված չորս (!) համերգներից հետո՝ դրանցից երկուսին ներկա լինելով անձամբ, մյուս երկուսի մասին էլ տեղեկանալով դրանք ըմբոշխնած ընկեր/ծանոթներիցս, պատրաստ եմ ներողություն խնդրել մաեստրո Սմբատյանից և ՀՊԵՆ-ի երաժիշտներից նման «թերահավատությանս» համար… Ավելին՝ ստացված տպավորությունները կմնան ո՛չ միայն մանուկ ունկնդիրների, այլ նաև իրենց ծնողների և պապիկ-տատիկների հիշատակում շատ երկար:
Սույն տողերի հեղինակը՝ առանց «ամաչելու»՝ երգում էր Queen-ի «We Are the Champions» լեգենդար երգը, երբ նվագախումբը սկսեց կատարել դրա մեղեդին:
Դե իսկ հանճարեղ Էլթոն Ջոնի «Առյուծ Արքա»-ի («Lion King») համար գրված երաժշտության կատարման ժամանակ արդեն ջահել ու ահել դահլիճում ընդհանրապես չէին տարբերվում:
Կարդացեք նաև
Իսկապե՛ս, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մայիսի 30-ին, 31-ին՝ երկու և հունիսի 1-ին Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի Cartoon Non-Stop ծրագրի շրջանակներում կայացած համերգները, որոնց ընթացքում հնչեցին ամենահայտնի և սիրված մուլտֆիլմերի՝ «Վարդագույն հովազը», «Առյուծ Արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկարը», «Շրեկը», «Ալադդինը» և այլոց սաունդթրեքերը, դարձան կարևոր և հիշարժան մի իրադարձություն Հայաստանի մշակութային կյանքում:
Տեղեկացանք նաև, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի հատուկ հոգածության շնորհիվ 68` հատուկ կարիքներով և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ այցելեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ներկա գտնվելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Cartoon Non-Stop-ի առաջին՝ մայիսի 30-ին կայացած համերգին:
Հիշեցնենք, որ Cartoon Non-Stop-ը դեռևս 2012-ին մեծ հետաքրքրություն առաջացրած Hollywood Non-Stop համերգաշարի շարունակությունն է:
Hollywood Non-Stop-ը, մեկնարկելով 2012 թ., լայնորեն ներկայացվեց հայ հանդիսականին, այդ թվում և երևանյան ութ բուհերում, որտեղ ավելի քան 7000 ուսանող ունկնդրեց հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը։ Իսկ 2013-ին այս հաջողված ծրագիրը ներկայացվեց նաև ՀՀ մարզերում՝ Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում։
Ինչպես և խոստացել էր Սերգեյ Սմբատյանը, այդ երաժշտությունների՝ սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարումներն ուղեկցվեցին համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով և լուսաձայնային էֆեկտներով, ինչն իսկական շոուի ՝ գունեղ և տպավորիչ վերածեց համերգները: Մեր գործընկերներից մեկի դիպուկ բնութագրմամբ, երեխաներն այդ կերպ տեղափոխվեցին հեքիաթների աշխարհ:
Մայիսի 31-ի բարեգործական համերգից առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ իրենք վաղուց ունեին մտահղացում նմանատիպ մի նախագծի մասին:
«Մի փոքր էլ ուշացել ենք, սակայն կփորձենք ուղղել այս սխալը և տոնը դարձնել ավանդական, որպեսզի երեխաները ավելի մոտիկից ծանոթանան սիմֆոնիկ երաժշտությանը»,- ասաց տիկին Սարգսյանը: Նա հատուկ ընդգծեց, որ համերգին հրավիրված են երեխաներ ո՛չ միայն քաղաքամայր Երևանից, այլ նաև տարբեր մարզերից, փոքրիկներ՝ Գավառից, Գյումրիից, Վանաձորից: Սակայն համերգից հետո երեխաներին սպասում էր ևս մեկ հաճելի անակնկալ. «Օջախ» համալիրը պատրաստել էր հյուրասիրություն նրանց համար:
Պատասխանելով երիտասարդ լրագրողուհու այն հարցին, թե ո՞րն է ՀՀ առաջին տիկնոջ ամենասիրելի մուլտֆիլմը, Ռիտա Սարգսյանը նշեց՝ «Ոզնին մառախուղում»(«Ежик в тумане») մուլտֆիլմը:
ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ասաց հետևյալը. «Մենք բոլորս շատ շնորհակալ ենք ՀՀ առաջին տիկին Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանին այսօրվա համերգ-տոնի համար: Հատուկ պետք է նշեմ, որ մենք մշտապես սիրով ենք միանում սոցիալական տարբեր ծրագրերի: Այս համերգը կազմակերպվեց Երեխաների միջազգային օրվան ընդառաջ, և ես պիտի ընդգծեմ, որ մենք մեծ ոգևորությամբ ենք նվագում մանուկների համար: Սիմֆոնիկ երաժշտությունը փորձում ենք ներկայացնել նրանց ճիշտ, առավելագույնս ընկալելի ձևաչափով: Մենք բոլորս այսօր դրական լիցքերի պակաս ունենք, և կփորձենք համերգով այդ լիցքերը հաղորդել»:
Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ երեխաներին ներկայացվում է լավագույն երաժշտություն այդքան սիրված մուլտֆիլմերից: Իր խոսքերով՝ «բոլոր մանուկները, ովքեր առաջին անգամ կլինեն դահլիճում, կզգան ոգևորությունը և տարիներ շարունակ կլինեն այդ երաժշտության ոգեղեն ոլորտում»: Նա ավելացրեց, որ «երեխաների համար մեծ պատիվ է, որ նրանց համերգին մասնակցելու է հրավիրել առաջին տիկինը»:
Կցանկանայինք հատուկ նշել, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի յուրաքանչյուր համերգի վաճառված տոմսերի գումարի 10%-ը փոխանցվում է արյան և այլ հիվանդություններից բուժման կարիք ունեցող երեխաներին օգնող «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հաշվին, որի Հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Շարունակելով թեման, նշենք, որ «Նվիրիր կյանք» հիմնադրամի բազմաթիվ շահառու-փոքրիկները, առաջին տիկնոջ շնորհիվ, հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, բացառիկ հնարավորություն ստացան նույն բեմում ելույթ ունենալ հայկական էստրադայի իրենց սիրելի «աստղերի»՝ Արամ Mp3-ի, Գոռ Սուջյանի, Սոֆի Մխեյանի, Ռազմիկ Ամյանի, Անդրեի, Թաթայի, Արման Հովհաննիսյանի, Սիլվա Հակոբյանի, Շուշան Պետրոսյանի, Արսեն Սաֆարյանի, Էրիկի, Արսեն Գրիգորյանի և շատ ուրիշների հետ:
Կատարվեցին և՛ էստրադային, և՛ ժողովրդական և ռազմահայրենասիրական երգեր, որոնք, բնականաբար, տոնին համապատասխան տրամադրություն ստեղծեցին :
Համերգը սկսվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նոր երգով՝ «Աստծո հրեշտակներ», գրված վերջերս՝ հատուկ Աուտիզմի միջազգային օրվա կապակցությամբ:
Համերգի ընթացքում ներկայացվեցին տեսահոլովակներ, որոնք ցուցադրում էին հայտնի կատարողների և անասելի դժվարություններ խիզախորեն հաղթահարած՝ շնորհիվ «Նվիրիր կյանք» հիմնադրամի՝ մանուկների երաժշտական փորձերը:
Պատվավոր հյուրերի թվում էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տիկնոջ՝ Ելենայի, և, բնականաբար, իրենց երեք զավակների`Ռուբենի, Գայանեի և Ալեքսանդրի հետ:
Սույն տողերի հեղինակին, որը երեք գիրք է գրել լեգենդար հայազգի հետախույզ Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի (1924-2012) և իր ամբողջ կյանքի ընկեր և մարտական զինակից Գոհար Վարդանյանի մասին, այդ օրը ևս մի հաճելի անակնկալ էր սպասում. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը համերգին հրավիրել էր Գոհար Լևոնովնային, որի ներկայությամբ և մասնակցությամբ մայիսի 17-ին Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի շենքի վրա մեծ հանդիսությամբ բացվեց իր ամուսնու հուշատախտակը, ինչպես նաև տեր և տիկին Վարդանյանների անունը կրող ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոնը (տե՛ս լուսանկարները):
Այս հուզիչ իրադարձության ավարտին հնչեց Հիմնադրամի հիմնը` «Արև ենք միասին» երգը՝ ևս հեղինակած Ռիտա Սարգսյանի կողմից:
ՀՀ առաջին տիկինը՝ «Նվիրիր կյանք» հիմնադրամի պատասխանատուների ուղեկցությամբ բեմ բարձրանալով, հրաժեշտ տվեց շնորհակալ հանդիսատեսին:
Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ