Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա աշխատանքը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, բացի այդ, նաև իրականացվել են նախկինում արձանագրված ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել բակերի բարեկարգման աշխատանքների շրջանակում ապօրինի հողազավթումների վերացմանը և դրանցում առկա կառույցների քանդմանը՝ նախապես տարածքի բնակչությանը իրազեկելով նախատեսվող աշխատանքների մասին:
«Նախ և առաջ հետևեք, որ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերով այգիների, ինչպես նաև բակային տարածքների բարեկարգման աշխատանքների նախագծերը պարտադիր նախապես փակցված լինեն համապատասխան վայրերում, որպեսզի որևէ մեկը չփորձի ավելորդ շահարկել ընթացող աշխատանքները: Եվ հետո, բազմիցս ասել եմ, որ մեր բնակիչները պետք է անմիջական մասնակցություն ունենան բակերի բարեկարգման ծրագրերին՝ նաև իրենց առաջարկները ներկայացնելով բակերն առավել հարմարավետ դարձնելու մասով: Եվ համոզված եղեք, որ բնակչի հետ նման աշխատաոճով հարաբերվելու դեպքում այլևս որևէ շահարկում չի լինի: Նախագծին ծանոթ բնակիչը, վստահ եմ, այլևս մտահոգվելու պատճառ չի ունենա, թե տվյալ տարածքը կարող է օգտագործվել այլ նպատակով: Այդպիսով նաև հենց մեր բնակիչները կկանխեն որոշ մարդկանց կողմից տարածվող ստահոդ լուրերը, ինչից միանշանակ կշահի աշխատանքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն