Հաշվի առնելով տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում վերջին շրջանում տեղ գտած որոշ հրապարակումներ առ այն, որ անվճար տեղերի քանակը ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հասցվել է նվազագույնի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի, հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան, ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի հաստատում է անվճար ուսուցման ընդունելության տեղերը:
ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 30-ի N 449-Ն որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման 2516 տեղ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրեթե նույն թվաքանակով տեղեր են հատկացվել նաև նախորդ տարիներին: Բացի այդ, շուրջ 40%-ով ավելացել է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող 1 ուսանողի տարեկան ծախսը:
Յուրաքանչյուր տարի հանրապետության տնտեսության և գիտության զարգացման կարիքներին համապատասխան և պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառները բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու նպատակով կատարվում է անվճար ուսուցման տեղերի վերաբաշխում:
Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ ավելացել են տեղեկատվական տեխնոլոգիաների և բնագիտության ոլորտի մասնագիտություններին հատկացված տեղերը:
Անվճար ուսուցման տեղերը բաշխելիս հաշվի է առնվում նաև բուհերի մասնագիտական ուղղվածությունը, բացի այդ, լիցենզիայով հատկացված տեղերի սահմաններում բուհերը կարող են նաև կրթություն իրականացնել վճարովի հիմունքներով:
Կարդացեք նաև
Անվճար հիմունքներով բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը չի կարող բացարձականացվել և տարածվել բարձրագույն կրթություն պահանջող բոլոր մասնագիտությունների վրա:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բացի ՀՀ կառավարության կողմից տրամադրված անվճար ուսուցման տեղերից, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ուսուցում են ստանում նաև ՀՀ օրենսդրությամբ («Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենք, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք) սահմանված արտոնություններից օգտվող ուսանողները:
Հարկ ենք համարում նշել նաև, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում գործում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչի փոխհատուցման ճկուն համակարգ:
2013 թվականի սեպտեմբերից մեկնարկել է ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողներին, յուրաքանչյուր տարի՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու գործընթացը:
Հիշյալ ծրագրի շրջանակում, պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է ստացել 850 ուսանող:
ԿԳՆ մամուլի հաղորդագրություն