Քաղաքագետը համարում է, որ ՄՄ-ն հակասությունների տարածք է եւ այնտեղ օգտագործում են այն ամենը, ինչ հնարավոր է, եւ կօգտագործեն նաեւ Հայաստանն ու Ղարաբաղը
«Նազարբաեւը Ղարաբաղի մասին ոչինչ չէր ասել, ինչպես մինչեւ այդ ոչինչ չէր ասել Ազարովը»,- այսօր՝ հունիսի 2-ին, «Հայացք» մամլո ակումբում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում Նազարբաեւի հայտարարությանը, հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքերով՝ Նազարբաեւը ընդամենը ասել է, որ Հայաստանն անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանն իր ճանաչված սահմաններով, եւ հենց նույն սահմաններով էլ Հայաստանը պատրաստվում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Քաղաքագետը նշեց, որ Հայաստանը Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությունը անդամակցելու է միայն որպես Հայաստան, իսկ Ղարաբաղը՝ որպես առանձին միավոր, չէր կարող համագործակցել այդ միություններին.
«Նազարբաեւի ասածը պետք է ընդունել, ոչ թե Ղարաբաղի համատեքստում, այլ Ղազախստանի համատեքստում, եւ հաշվի առնել նրա հարաբերությունները, օրինակ Ռուսաստանի, Ադրբեջանի հետ»:
Պարոն Իսկանդարյանը, օրինակ բերելով Բելառուսի եւ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ հակասությունները, հայտարարեց, որ Մաքսային միությունը հակասությունների տարածք է, եւ այդ հակասությունները մշտական են եւ վերաբերվում են նաեւ միության նոր անդամներին.
Կարդացեք նաև
«Դա մի տեղ է, որտեղ միշտ փորձում են երկրների միջեւ փոխգործակցություն մշակել, այդ թվում՝ կոնֆլիկտային: Դա միշտ տեղի է ունենում եւ դրա համար օգտագործում են այն ամենը, ինչ հնարավոր է եւ կօգտագործեն նաեւ Հայաստանը եւ Ղարաբաղը»:
Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ համաձայն է նախագահի այն տեսակետի հետ, թե Մաքսային միությունը այն տեղը չէր, որ ղարաբաղյան կոնֆլիկտը քննարկվեր, բայց համաձայն չէ, որ անդամակցությունը Մաքսային միությանը կնպաստի այդ կոնֆլիկտի կարգավորմանը.
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը չափազանց բարդ խնդիր է, որի կարգավորումը, իմ կարծիքով, այսօր հնարավոր չէ: Կարգավորման համար իրական քաղաքական հեռանկար չկար: Ես «կարգավորում» բառը կփոխեի «ստատուս քվո» արտահայտությամբ. Կոնֆլիկտային տարածքում ստատուս քվոյի պահպանմանը անպատճառ խթանում է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ