Հունիսի 1-ին. ժամը 18-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Նոյեմբերյանի «Մեծասար» տեղանքում վթարի ենթարկված «Վիլիսի» 6 ուղեւորներ: Մեքենան չի ենթարկվել վարորդի կամքին, որի պատճառով վթար է տեղի ունեցել:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դանիել Ամիրաղյանը հայտնեց, որ վթարից տուժածները չափահաս են, բոլորն էլ՝ Նոյեմբերյան քաղաքին հարակից Կողբ գյուղի բնակիչներ:
Առավել չափով տուժած 2 հոգու հունիսի 1-ին տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրանցից մեկը, որն ուղեղի վնասվածք է ունեցել, «Էրեբունի» բժշկական կենտրոնում արդեն վիրահատվել է: Առավել չափով մյուս տուժածը հիշյալ կենտրոն է տեղափոխվել թոքերի վնասվածքներով եւ կողերի կոտրվածքով: Դանիել Ամիրաղյանը հայտնեց, որ վիրավորներից եւս մեկը, որն ուղեղի ցնցում ունի, հունիսի 2-ինհամակարգչային տոմոգրաֆիա է անցել Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոնում: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում գտնվող 3 վիրավորների վիճակը կայուն է: Այնտեղ բուժվող մի երիտասարդի ձախ բազկոսկրը կոտրված է, մի կնոջ աջ բազկոսկրն է կոտրված, եւս մի կին գլխի մաշկի շրջանում վնասվածքներ ունի: Ճանապարհային ոստիկանությունը այս պատահարի կապակցությամբ քննություն է կատարում, որպեսզի պարզի վթարի պատճառները: Ակնհայտ է, որ վարորդը խախտում է կատարել՝ մեքենայի մեջ տեղավորելով սահմանվածից ավելի մեծ թվով ուղեւորներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև