Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը չի՞ անդամակցի Եվրասիական միությանը

Հունիս 02,2014 14:44

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը վստահեցնում է՝ Մոսկվային այս պահին դեռ պետք չէ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը:

«Սերժ Սարգսյանը գնացել էր Աստանա՝ հաշվարկով, որ հունիսին կստորագրվի պայմանագիրը եւ վեց ամսվա ընթացքում Հայաստանը կկատարի բոլոր ինստիտուցիոնալ բարեփոխումները, 200-ից ավելի օրենսդրական փոփոխություններ, որ հունվարի մեկից Հայաստանը դառնա Եվրասիական միության անդամ: Բայց Սերժ Սարգսյանի այս առաջարկը մերժվել է, հուլիսի մեկը ֆիքսվել է ոչ թե պայմանագրի ստորագրման ժամկետ, այլ պայմանագրի պատրաստ լինելու մասին որոշման նախապատրաստման ժամկետ: Փաստորեն, նույնիսկ հուլիսի 1-ին այդ պայմանագիրը չի ստորագրվելու »,-այսօր «Զարկերակ» ակումբում ասաց պարոն Սաֆարյանը:

Նա նկատեց, որ Պուտին-Լուկաշենկո-Նազարբաեւ եռյակի հաջորդ հանդիպումները նախատեսված են հոկտեմբերին Մինսկում եւ դեկտեմբերին Մոսկվայում , եւ Հայաստանի պայմանագիրը լավագույն դեպքում կարող է ստորագրվել այդ ժամանակ, ինչը նշանակում է՝ Հայաստանի անդամակցության հետ կապված ի հայտ է եկել ժամանակային խոչընդոտ, ինչը չի համընկնում Երեւանի հաշվարկների ու ծրագրերի հետ.

«Այն, ինչ պլանավորվում է, հերթական անգամ ձգձգվում է, եւ որեւէ մեկը թող չմտածի, որ այս ձգձգումների հեղինակը Լուկաշենկոն կամ Նազարբաեւն է: Այս ամենը ռուսական խաղն է, Կրեմլին բացարձակապես պետք չէ, որ Երեւանը շուտ միանա Եվրասիական միությանը, եւ այս ամբողջ գործընթացը, երբ մի նախագահն է խոչընդոտում, հետո մյուս նախագահն է խոչընդոտում, բավականին լավ կազմակերպված շոու էին: Ինչու Կրեմլը շահագրգռված չէ, որովհետեւ Պուտինն արդեն հասել է նրան, որ Ալիեւը նամակներ է գրում իրենց: Շատերը պնդում են, որ Եվրասիական միության տրոյկան ավելի շատ կարեւորեց Ադրբեջանի նամակն ու շահերը, քան՝ Հայաստանի շահերը, այո՛ այդպես է: Բայց, եթե խնդրին նայում ենք մյուս կողմից, ապա որքան էլ Ադրբեջանը չի ձգվել դեպի Եվրասիական միություն, այս ամենը ցույց է տալիս, որ հայտնվել է Կրեմլի կախվածության ներքո: Այս իմաստով, Կրեմլը դեռ չի լուծել Ադրբեջանի տոտալ իր ենթակայության տակ դնելու խնդիրը ու քանի դեռ չի լուծել այդ խնդիրը, Հայաստանի անդամակցությունը տեղի չի կարող ունենալ: Եվ պատահական չէ, որ շատ խնամքով Ղարաբաղի խնդիրն է առաջ քաշվել տրոյկայի նիստում, ինչը կարող է հուշել Ադրբեջանին ոչ միայն նամակներ գրել նախագահներին, այլեւ մտնել կոնկրետ պայմանավորվածությունների դաշտ »:

Պարոն Սաֆարյանը ՀՀ նախագահի արձագանքը Նազարբաեւի առաջ քաշած պայմանին դիպուկ չի համարում նույնիսկ ուշացած տարբերակով. «Գոյություն ունի նույն Ղրիմի խնդիրը: Պետք էր գրագետ լինել և տեղում արձագանքել, որ քաղաքական բնույթի և սահմանների հարցերի լուծման ատյան չէր դա: Նույն Նազարբաևը ժամանակին պնդում էր, որ Եվրասիական միությունը լինի բացառապես տնտեսական բնույթի կառույց: Հայաստանի նախագահը պարտավոր էր ասել, որ սա կոնֆլիկտներ լուծող կազմակերպություն չէ: Իհարկե, Ղրիմի հարցով զուգահեռներ չէր կարող տարվել, գոնե երկրորդ մասով պարտավոր էր արձագանքել: Ցավոք, Հայաստանն այնքան ուժեղ չէ, որ կտրուկ հայտարարություն անի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30