Թուրքագետ Արտակ Շաքարյանի գնահատմամբ՝ թե Ռուսաստանին, թե ԱՄՆ-ին եւ թե ԵՄ-ին ԼՂՀ կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծումը դեռ պետք չէ:
«Այս պահի ստատուս քվոն ձեռնտու է բոլոր կողմերին՝ այդ թվում նաեւ պատերազմի սպառնալիքներ հնչեցնող Ադրբեջանին»,- այսօր «Անալիտիկ » ակումբում ասաց թուրքագետը:
Անդրադառնալով օրեր առաջ Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ղազախստանի նախագահի առաջ քաշած պայմանին ու Ռուսաստանի չեզոք դիրքին՝ թուրքագետը կարծիք հայտնեց, որ
Հայաստանն ավելի ուղիղ պետք է խոսի ռուս գործընկերոջ հետ ու սեղանին դնի բոլոր քայլերը եւ քննարկի դրանց թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը. «Եւ ցույց տա Հայաստանում առկա հասարակական անհամաձայնությունը եւ այն վտանգը, որ նման կերպ շարունակելու դեպքում հայ-ռուսական պետական մակարդակում հարաբերությունները գուցե դրական շարունակվեն, բայց եթե հայ հասարակությունը գնա հակառուսականության միտմամբ, ապա հայ- ռուսական հարաբերությունների համար այդքան էլ լավ ապագա չի խոստանում»:
Թուրքագետը, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին, նկատեց, որ Սիրիայի եւ Ուկրաինայի հարցերը առաջին պլան են մղվում: Այդ հարցերը, ըստ նրա քննարկվել են Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպման ժամանակ: Ըստ պարոն Շաքարյանի, այդ հանդիպման ժամանակ չի անտեսվել նաեւ ԼՂՀ հիմնահարցը. «Դավութօղլուն Մոսկվա Բաքվից հետո էր գնացել եւ պարտավորված էր զգում ադրբեջանցի գործընկերոջ խնդրանքով բարձրաձայնել Ղարաբաղի հարցը»:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն էլ ասաց, որ ռուս-թուրքական հարաբերությունները դրական ընթացքի մեջ են նաեւ տնտեսական ոլորտում. «Այն, որ Թուրքիան ձգտում է խթանել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ, դա ոչ թե նշանակում է համագործակցությունը ցածր մակարդակից բարձրացնել բարձր մակարդակի, այլ առանց այն էլ այդ հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել: Եթե նայում ենք ընդհանուր ապրանքաշրջանառությանը այս երկու երկրների միջեւ, ապա Ռուսաստանը Թուրքիայի թիվ մեկ տնտեսական գործընկերն է, իսկ Թուրքիան՝ Ռուսաստանի համար էներգետիկ ոլորտում՝ երկրորդ, ընդհանուր ապրանքաշրջանառության առումով՝ 5-րդը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ