Այսօր Երեւանում մեկնարկեց գործարար միջավայրի ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ նախարարությունների եւ պետական մարմինների համար վերապատրաստման դասընթացը, որը նպատակ ունի խրախուսել Հայաստանի նախարարությունների մասնակցությունը պարզեցմանն ուղղված «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրում:
Լրագրողների հետ զրույցում օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց, որ «Կարգավորիչ գիլյոտինը» ողջ օրենսդրության վերանայումն է՝ բիզնեսի եւ բնակչության համար այն պարզեցնելու եւ հեշտացնելու նպատակով. «Այդ կարգավորումներն իրականացնելու դեպքում կրճատվելու է ծախսերի մոտ 50 տոկոսը: Ծրագիրը նպատակաուղղված է նրան, որ բնակչությունը եւ բիզնեսն ավելի հեշտ շփվեն պետության հետ, քիչ ժամանակ եւ գումար ծախսեն: Ծախսերի խնայողությունը տեղի է ունենում ավելորդ փաստաթղթաշրջանառության կրճատման հաշվին»:
Պրն Եղիազարյանը օրինակ բերեց, որ եթե պետությունը տարբեր նախարարություններում որեւէ ինֆորմացիա ունի քաղաքացու հետ կապված, ապա անհրաժեշտ չէ ինֆորմացիան պահանջել, օրինակ, արտոնագիր ստացող մարդուց, եւ դրա հաշվին անել ժամանակի եւ գումարի խնայողություն:
Արմեն Եղիազարյանը տեղեկացրեց, որ ներկայումս ընթանում է ծրագրի աշխատանքների երկրորդ փուլը. «Արդեն 9 ոլորտ վերանայել ենք՝ ներառյալ` էներգետիկան, տրանսպորտը, առողջապահությունը, հարկային եւ մաքսային ծառայությունները եւ այլն: Եթե մեր բոլոր առաջարկները ընդունվեն, մոտավորապես 25 մլրդ դրամի խնայողություն կարող ենք անել: Մնացել է մոտ 20 ոլորտ, որոնց հետ կապված աշխատանքները մինչեւ մյուս տարվա հունիս կհասցվեն ավարտին: Այս ոլորտների ուսումնասիրությունից հետո մեր հաշվարկով մոտ 60 մլրդ դրամի խնայողություն կարող ենք անել»:
Կարդացեք նաև
«Կարգավորիչ գիլյոտին» ծրագրի հեղինակը «Յակոբս, Կորդովա, եւ ասոշիեյթս» ընկերության տնօրեն Սքոթ Յակոբսն է, որը իր խոսքում նշեց, որ ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի տնտեսական բարեկեցություն ապահովել երկրում, ինչը թույլ կտա քաղաքացիներին ապահովել ավելի բարձր աշխատավարձերով, կստեղծվեն նոր աշխատատեղեր եւ կպակասի արտագաղթողների քանակը: Սքոթ Յակոբսը հավելեց, որ Հայաստանի բարեկեցությունը կախված է գործարար միջավայրից եւ ձեռնարկատիրությունից, որոնց հետագա զարգացումն էլ կապված է պետական եւ օրենսդրական բարեփոխումների հետ:
Ծրագիրը կազմակերպվել է ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ