Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատասխան այցելող Եհովայի վկաներին

Հունիս 02,2014 12:39
ehova

Մենք գիտենք ձեր նպատակը, մտքերը, ասելիքը: Ձեր նպատակը «մթության մեջ գտնվողներիս» Եհովայի մասին ճշմարտությամբ լուսավորելն է: Մտքերը Եհովայի վկաների ուսմունքի քարոզները մեզ մատուցելն է: Ասելիքն այն է, որ Եհովան է աշխարհում միակ ճշմարիտ աստվածը, մյուս աստվածները հորինված են և սուտ: Աստվածաշունչն է աշխարհի միակ ճշմարիտ գիրքը, մյուս գրքերը սուտ են: Աստվածաշնչում Հին կտակարանն է գլխավորը, մյուս մասերը՝ երկրորդական: Միայն Եհովայի վկաների աստվածաշնչյան մեկնաբանություններն են ճշմարիտ, մյուսները կեղծ և սուտ են:

Իսկ գիտե՞ք արդյոք դուք մեր պատասխանը, մեր գիտելիքները և փաստարկները: Արդյո՞ք դուք կարդացել եք ուրիշ եկեղեցիների և կրոնական կամ հոգևոր կազմակերպությունների գրքերը, ուսումնասիրել եք նրանց ուսմունքները: Թե՞ միայն լսել եք դրանց մասին ձեր կազմակերպության մեկնաբանությունները և դրանով բավարարվել: Չէ՞ որ ուսմունքներն իրար հետ համեմատելու համար պետք է ոչ միայն ծանոթ լինել դրանց հետևող մարդկանց, այլև ուսումնասիրել դրանք, ուսումնասիրել դրանք դրանց սկզբնաղբյուրներով, ոչ թե դրանց մասին կողմնակալ մեկնաբանություններով: Բայց դուք դա կամ կամավոր չեք ուզում անել հետաքրքրությունների սահմանափակվածության պատճառով, կամ չեք կարողանում անել, որովհետև ձեր քարոզչությունը թույլ չի տալիս դա անել՝ կարդալ այլ ուսմունքների հոգևոր գրականությունը, որովհետև դրանք «սուտն» են գրում, որպեսզի հանկարծ ստի ծուղակը չընկնեք, չմտափոխվեք: Սակայն չէ՞ որ միայն մեկ ուսմունքի գրքերի ընթերցումները միակողմանի էլ շարժում են ապահովելու: Իսկ ո՞ր շարժումն է ավելի լավը՝ միակողմանի՞, թե՞ բազմակողմանի: Միակողմանի զարգացո՞ւմն է ավելի լավը, թե՞ բազմակողմանի:

Չէ՞ որ ուրիշ ուսմունքներից վախը նույնպես վախ է, իսկ վախը միշտ էլ եղել և մնում է բացասական հատկություն, իրեն հարգող մարդուն անվայել հատկանիշ, ամոթ, խայտառակություն: Չէ՞ որ միայն համեմատության մեջ են երևում տարբերությունները, առավելություններն ու թերությունները, լավն ու վատը, ճշմարիտն ու սուտը, օգտակարն ու վնասակարը: Չէ՞ որ մարդու ամենամեծ դպրոցը կյանքն է, իսկ կյանքը հենց համեմատությունների միջոցով է սովորեցնում մարդուն տարբերել հակադրությունները. լավն ու վատը, ճիշտն ու սխալը, ճշմարիտն ու սուտը, բարին ու չարը և այլն: Այդ բոլորի հետ մարդը հանդիպում է կյանքում, համեմատում է դրանք և սովորում դրանց ճանաչել: Եվ բացի այն, որ ուսմունքներն իրար հետ համեմատելով է պետք գնահատել դրանք, կյանքի դասերը նաև սովորեցնում են, որ կյանքում անհնար է, որ միայն մեկ ուսմունքը ճիշտ լինի, իսկ մյուսները սխալ: Բոլոր ուսմունքներն էլ ճիշտ են և իրենց նշանակությունն ունեն: Ամեն մեկը նշանակված է իր զարգացման մակարդակին հասած մարդկանց համար: Որովհետև ցածր գիտակցության մակարդակ ունեցող մարդը երբեք չի հասկանա բարձր գիտելիքներով ուսմունքը, ուստի կհամարի այն սուտ: Եվ միայն հազվադեպ դեպքերում, փոքրաթիվ մարդիկ կարող են փնտրել, գտնել և իրենց մեջ ընդգրկել ժամանակի տվյալ պահի դրությամբ, տարածության տվյալ վայրում եղած ամբողջ ճշմարտությունը: Բայց փնտրելիս, իհարկե, պետք է փնտրել ամբողջ ճշմարտությունը, ոչ թե դրա միայն մեկ մասը: Դրա համար ինքնակատարելագործման ուղղությամբ աշխատանք է պետք կատարել, պետք է մեծացնել մտքի տեսողության մակերեսը և ծավալը, որպեսզի մարդը որքան հնարավոր է ավելի մեծ ճշմարտություն տեսնի: Իսկ ինչպե՞ս է հնարավոր մեծացնել մտքի ծավալները, տեսողության անկյունագծերը, աշխարհայացքի հորիզոնի լայնությունը, ընկալման ամբողջականությունը, մտքի նրբանկատությունը, զգացումների բարձրությունը, վեհությունը, ենթագիտակցության իմաստությունը և այլն: Միայն այդ բոլորի սեփական փորձը ունենալով: Մեկ ուսմունքի մեջ սահմանափակվածը չի կարող գնահատել մյուսներին, ուստի չի կարող առարկայական, ճշմարիտ, արդար լինել: Մեկ գրքի մեջ սահմանափակվածը չի կարող տեսնել մյուս գրքերի լույսի հատիկները, ճշմարտության փայլատակումները, իմաստության շողարձակումները, ջերմության ճառագայթները և այլն: Դրանք կան ամեն գրքում, դրանք հավաքել է պետք հատիկ առ հատիկ, շող առ շող, փայլ առ փայլ, կրակ առ կրակ: Հավաքել է պետք և ամբարել մտքի շտեմարաններում, մարմնի հնոցում, հոգու աշխարհում, սրտի արևում, ենթագիտակցության տիեզերքում: Դրանք կան կյանքի ամեն դրվագում, փորձառությունում, մասնագիտական գործունեությունում, ստեղծագործությունում, արարումում, տքնանքում ու երկունքում:
Իսկ եթե դուք այդ բոլորով անցած լինեիք, և եթե ուսումնասիրած լինեիք բոլոր ուսմունքները, համեմատած, չափած, ձևած, կշռադատած և գնահատած լինեիք դրանք, ապա կտեսնեիք, թե որքան սահմանափակված է Եհովայի վկաների ուսմունքը: Ավելին, սառը ցնցուղի արդյունք կունենար ձեր այն հետևությունը, որ Եհովայի վկաների ուսմունքը ամենասխալն է բոլոր քրիստոնեական և, ընդհանրապես, Աստվածաշնչի վրա հիմնված ուսմունքների մեջ: Քանի որ Աստվածաշնչի վրա հիմնված ուսմունքները մի քանի հարյուրն են, ապա դրանցից հիմնականների, մեծերի, ամենատարածվածների սկզբնաղբյուր գրականությունների, դիտարանների միջոցով դրանց ուսմունքների սուրբ գրությունների, հիմնադրույթների, սկզբունքների, ելման կետերի, մոտեցումների, «կատեխիզիսների», «դոկտրինաների» և այլ բաղադրամասերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Աստվածաշնչի վրա հիմնված ուսմունքներից ամենակատարյալը Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու ուսմունքն է, իսկ ամենասխալը Եհովայի վկաներինը: Ամենասխալն է, որովհետև մեկ գրքից այն կողմ ոչինչ չի ուզում տեսնել:
Նույնատեսակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհի ամենամեծ կրոնների (քրիստոնեության, մահմեդականության, բուդդայականության) մեջ ամենակատարյալը բուդդայականությունն է, իսկ ամենաանկատարը այն, որի հետևորդները չեն սիրում, երբ իրենց կրոնը քննադատում են և պատերազմ են սկսում դրա պատճառով: Իսկ հայերի համար աշխարհի բոլոր կրոններից և հոգևոր ուսմունքներից ամենաճիշտը, ամենակատարյալը, ամենալավը և ամենաօգտակարը հայոց ազգային կրոնն է՝ Արա կամ Ար Աստծո կրոնը: Ամենակատարյալը նշանակում է Աստծո մասին ամենաշատ տեղեկություններ, կյանքի մասին ամենաշատ ճշմարտություններ պարունակողը, ամենաիմաստունը, ամենաօգտակարը, ամենամեծը և այլ ամենաամենան: Այլ կերպ չէր էլ կարող լինել, չէ՞ որ իզուր չէ մարդկությունը բաժանված ազգերի: Ցանկացած ընդհանուրի յուրաքանչյուր մասն իր ճշմարտությունն ունի: Ինչպես ամեն մարդ իր ճշմարտությունն ունի, այնպես էլ ամեն ազգն իր ճշմարտությունն ունի: Հրեայի ճշմարտությունն իրենն է, արաբինն ուրիշ է, հայինը ուրիշ: Վայել չէ մի ազգին գնալ ուրիշ ազգի ուղիով: Հրեական Աստվածաշունչը հրեաների համար է, հայերինը հայերի: Հայերի Աստվածաշնչում՝ «Ուխտագրքում արորդյաց» կուտակված է հայերի կյանքի փորձը, փորձառության իմաստությունը, հակադրությունների ընտրությունները, այլընտրանքները, կենսական ճշմարտությունները, գիտելիքները, լույսը և սերը: Վայել չէ իրեն հարգող ազգին ուրիշ ազգի ունեցվածքից օգտվելը, ոչ միայն նյութական, այլև մտավոր ու հոգևոր: Մեր միտքն ու հոգին մեր Աստվածաշնչում են, հրեաներինը հրեականում: Մանավանդ հրեական Աստվածաշնչի Հին կտակարանի միտքն ու հոգին հայոց էությունից, մտքից, հոգուց ու սրտից այնքա՜ն հեռու են, ինչպես հյուսիսային բևեռն ու հասարակածը: Այն չափազանց ցրտաշունչ է հայի ջերմ էության համար: Իսկ Ուխտագիրքն արորդյաց հոգեհարազատ է, հասկանալի, ըմբռնելի, ընկալելի, ջերմ, սիրելի, իմաստուն, ճշմարիտ, վերջին ատյանի ճշմարտություն:

Ահա թե ինչու անծանոթ մարդկանց այցելելուց առաջ նախ ուսումնասիրեք նրանց կրոնները, ուսմունքները, համեմատեք, տեսեք, թե արդյո՞ք ձերն ավելի լավն է, նոր միայն ձեզ իրավունք վերապահեք այցելել և ձեր սուտը ներկայացնել որպես ճշմարտություն: Եհովայի վկաների ուսմունքի դրույթների սխալականությունը չարժե քննարկել, որովհետև բանավիճելն անօգուտ է, քանի որ կողմերի փաստարկները տարբերվում են էականորեն, դրանք տարբեր տեղերից, ժամանակներից և էություններից են, համասեռ չեն և չեն կարող սերտաճել իրար ու մեկ ընդհանրություն կազմել՝ ընդհանուր հայտարարի բերելու համար: Ձեր փաստարկները գալիս են մեկ գրքից, սակայն աշխարհի նույնիսկ ամենաիմաստուն գիրքը (ինչը, իհարկե, չի կարելի ասել ձեր գրքի մասին) չի կարող կյանքից ավելի իմաստուն լինել: Որովհետև կյանքն է ստեղծել այդ գիրքը, իսկ ստեղծվածը չի կարող ստեղծողից ավելի կատարյալ լինել: Եվ կյանքն էլ քարացած չէ գրքի թղթի ու թանաքի նման, այլ շարժուն է և կենդանի, ապրող ու շնչող, գործուն ու խոսուն, մտավոր ու գիտակցական, հոգևոր ու ոգեղեն: Եվ այն մշտապես ու ամենուրեք է սովորեցնում մարդկանց, ոչ թե միայն ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկ վայրում:

Եթե Եհովայի վկաների մոտ նույնիսկ մնացած ամեն ինչը ճիշտ լիներ, ապա թեկուզ միայն հոգու չգոյության դրույթը բավական էր, ամբողջ ուսմունքի սխալությունը տեսնելու համար: Եհովայի վկաների ուսմունքի պնդումը այն մասին, թե հոգի չկա, ոչ թե պարզապես սովորական, շարքային սխալ է, այլ մեծ սուտ: Դա ոչ թե հասարակ սուտ է, այլ մեծ անարգանք, մեծագույն անպատվություն ճշմարտության, կյանքի, մարդկության հասցեին: Ուրեմն մարդկության հազարամյակների կյանքի փորձառությունն իզո՞ւր է անցել, եթե հիմա մարդկային ուսմունքներից մեկը կարող է թույլ տալ իրեն պնդել, թե հոգի գոյություն չունի: Եթե նույնիսկ մնացած ամեն ինչը լավ լիներ Եհովայի վկաների մոտ, ապա հենց միայն այդ դրույթի սուտը բավական է, այդ ուսմունքը ամենավատերի շարքում ամենավերջին տեղում դասելու համար:

Ազգի համար ազգային կրոնն է ամենալավը, իսկ թշնամական ազգերի համար՝ ապազգայինը: Հայոց ազգին թշնամի համարողները ապազգային կրոն են մատուցում նրան, վնասելու համար: Ուստի հայ ազգի համար ամենալավ կրոնը ազգային կրոնն է:
Սակայն վերոհիշյալը ճշմարիտ է միայն կրոնի տեսակետից նայելիս: Բայց կրոնը ամենավերին ատյանը չէ: Կրոնից ավելի բարձրն էլ կա՝ Ճշմարտությունը: Հայտնի է նաև դրա բանաձևը. «Ճշմարտությունից ավելի բարձր կրոն չկա»: Կյանքի իրականությունում կրոնը միայն իր դերն է խաղում, կյանքի կողմից իրեն վերապահված գործն է անում: Այսինքն ով կարծում է, թե միակ ճշմարտությունը կրոնում է, սխալվում է: Կրոնը կյանքի կողմերից միայն մեկն է: Եթե նույնիսկ Եհովայի վկաների կազմակերպությունը կամ որոշ բողոքական եկեղեցիներ իրենց կրոն չեն համարում, միևնույն է, թող կոչվեն աստծո մասին ուսմունքներ, այդ ուսմունքները կյանքի միայն մեկ կողմն են արտացոլում, ոչ ամբողջը: Ամբողջը վերաբերում է Ճշմարտության ոլորտին, որի մեջ մտնում են կյանքի բոլոր բնագավառները՝ կրոնը, գիտությունը, իմաստասիրությունը, արվեստը, մշակույթը, տնտեսությունը և այլն: Կրոնում ամեն մի ազգ իր աստվածն ունի, իսկ ճշմարտությունը վեր է կրոնից, այն համամարդկային է, տիեզերական: Եվ, քանի որ մարդկությունը բաժանված է ազգերի, ուրեմն կան ազգային ճշմարտություններ: Բացի ազգայինից կան նաև անհատական ճշմարտություններ, համամարդկային, մոլորակային, Արեգակնային համակարգի, Ծիր Կաթինի և այլ ճշմարտություններ: Ամենաբարձրի մասին հիմա մենք չենք կարող իմանալ, բայց հիմա դա մեզ պետք էլ չէ, իր ժամանակին կիմանանք: Առայժմ իրականությունը մեզ համար անհատական է և ազգային, և դրանց ճշմարտություններն էլ պետք է փնտրել, գտնել ու առաջնորդվել դրանցով: Իսկ ովքեր հասել են արդեն համամարդկային ճշմարտության մակարդակին, նրանք արդեն չեն կարող բավարարվել կրոնի սահմաններով, նրանց ուսուցիչը կյանքն է իր տիեզերական չափումներով: Նրանց համար ձեր այցելությունները կարող են լոկ հիշեցնել իրենց անցած ուղու սկզբի մանկական ու պատանեկան ինքնավստահությունը, և միայն մեծահոգի ու ներողամիտ ժպիտ առաջացնել, պատկերացնելով ձեր անցնելիք ուղին մինչև իրենց հասնելը: Նրանք չեն կարող ետ դառնալ, քանի որ կյանքը գնում է պարզից դեպի բարդը, վատից դեպի լավը, անկատարից դեպի կատարյալը: Իսկ դուք կարող եք հասնել նրանց, եթե համապատասխան ջանքեր գործադրեք, եռանդով փնտրեք, խոհեմությամբ մտածեք, նրբանկատորեն խոսեք և սիրով գործեք: Դուք էլ եք մեր ազգից, մենք ձեզ սիրո՜ւմ ենք, բայց ոչ ձեր ուսմունքը: Հաջողությո՜ւն ենք մաղթում ձեզ ձեր ճշմարտության որոնումներում, բայց ոչ ձեր ուսմունքը տարածելում:

Իհարկե, պետք չէ այնքան միամիտ լինել կարծելու համար, թե մեկ կամ մի քանի հոդվածներով հնարավոր է բոլորին դարձնել կատարյալ: Միևնույն է գտնվելու են մարդիկ, որոնք գալու են ձեզ մոտ, ընդունելու են ձեր ուսմունքը: Սակայն հնարավոր է օգնել ճիշտ ուղու վրա կանգնել ձեզանից նրանց, որոնք արդեն սկսում են տեսնել իսկական ճշմարտությունը և ազդակ են փնտրում վճռական քայլն անելու համար: Իսկ մյուսներին էլ մտորելու նյութ տալ:

Գեղամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. User says:

    Հազար ամոթ, որ Աստվածաշունչը արդեն ձեր համար ոչինչա…….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30