Լրահոս
Օրվա լրահոսը

Դուռը շրխկացնել պետք չէ, բայց պետական արժանապատվությունը պահելը պարտադիր է

Հունիս 02,2014 14:40

«Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ հնարավոր չէ տարանջատել անձնական արժանապատվությունը պետության արժանապատվությունից: Ես համոզված եմ, որ անկախ այն բանից, թե մեր հասարակությունը, այս կամ այն երկրում գտնվող հայերն ի՞նչ կարծիք ունեն Սերժ Սարգսյանի մասին, բոլորն էլ իրենց ստորացած եւ վիրավորված զգացին Նազարբաեւի խոսքից եւ Սերժ Սարգսյանի պասիվ արձագանքից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Հիշեցնենք՝ նախօրեին Աստանայում՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման ժամանակ Ղազախստանի նախագահը Հայաստանի անդամակցության մասով պայման է առաջ քաշել՝ միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ սա այն դեպքը չէ, որ պետության ղեկավարը, առավել եւս ԼՂՀ-ի հետ իրեն կապ ունեցող մարդ համարողը պետք է լռեր. ձեւեր կային: «Անկախ որեւէ տեղ հնչած հայտարարություններից՝ ԼՂՀ-ն գոյություն ունի, եւ ժամանակին թե Ադրբեջանի ղեկավարությունը, թե ՌԴ-ն, թե աշխարհը հաշտվել են մտքի հետ, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն ընդհանուր սահման ունեն եւ հարաբերվում են: Սա փաստ է. ուղղակի պետք էր վեր կենալ եւ այդ փաստն ասել: ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն իրենց հարաբերությունները կարգավորում են՝ հաշվի առնելով այն կարգավիճակը, որը ԼՂՀ-ն ունի, եւ որը հաստատված է ԵԱՀԿ-ի ու այլ կազմակերպությունների կողմից: Նույնիսկ ՄԱԿ-ը անուղղակի ձեւով ԼՂՀ-ի ինքնուրույնությունը հաստատել է այն բանաձեւերում, որտեղ ԼՂՀ-ին հորդորում էր չօգտագործել իր ռազմական ուժը՝ տարածքներ գրավելու համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ որոշ անձնական հատկանիշներ կարելի էր զսպել: Ասենք՝ դուռը չշրխկացնել, բայց պետական արժանապատվությունը պետք էր ցույց տալ՝ ուղղակիորեն ասելով, որ անկախ նրանից, թե որ կառույցում է լինելու Հայաստանը, ԼՂՀ-ի հետ հարաբերությունները մենք ենք որոշելու:

Իսկ ի՞նչ անել ստեղծված իրավիճակում, երբ ընդամենը 15 օր ժամանակ ունենք՝ «Առավոտի» հարցին Հովհաննես Իգիթյանը նկատեց. «Այն, որ մեզ հրամցվում էր, թե Եվրասիական միությանն անդամակցությունը ապահովում է ԼՂՀ-ի անվտանգությունը, արդեն պարզ է, որ չի ապահովում: Ավելին՝ ցավալի է, որ ՀՀ-ն իր անվտանգությունն էլ է կապում Կոլեկտիվ անվտանգության ուժերի հետ, որոնցից չորսն այդ միության հիմնադիր անդամներ են ու իրենց ուղղակի կամ անուղղակի վերաբերմունքը ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին բոլորս տեսանք»: Որ Հայաստանն ու ԼՂՀ-ն որեւէ շփման սահմանափակում չեն կարող ունենալ, առավել եւս՝ «փակ» սահման, մեր զրուցակիցն անվիճելի է համարում: Նա հավելում է, որ բավական կարեւոր է երկրորդ պլանում հայտնված հարցը՝ մոտ 900 ապրանքատեսակների մաքսահարկը որպես բացառություն ցածր տոկոսադրույքի վրա պահելու մասին, ինչը մեր բնակչությանը թույլ է տալիս մի կերպ գոյատեւել, տնտեսությանն էլ՝ փոքր-ինչ շնչել՝ ինչ-որ բան արտադրել-արտահանելով: «Եթե այս կարեւոր հարցերի պատասխանն այս նորաստեղծ, անորոշ կառույցը չի տալիս, ապա Հայաստանն այնտեղ տեղ չունի: Սերժ Սարգսյանը հանգիստ կարող է ասել, որ նորաստեղծ կազմակերպությունն այս խնդիրներն ունի Հայաստանի հետ, ուստի մենք կսպասենք՝ մինչեւ այդ կառուցը ձեւավորվի ու նոր կքննարկենք այնտեղ ընդգրկվելու տարբերակները՝ չվտանգելով ԼՂՀ-ի եւ մեր արդյունաբերության հարցերը»:

Հովհաննես Իգիթյանը վստահ է, որ Հայաստանն այդ դեպքում չի «արժանանա» ՌԴ-ի կողմից սանկցիաների, քանզի մինչեւ այս պահը ՀՀ իշխանությունն արեց ՌԴ-ին ձեռնտու ամեն ինչ՝ վնասելով եւ երկրի միջազգային համբավը, եւ ներքին իրավիճակը. «Ոչ թե Հայաստանն է միտքը փոխել, այլ կազմակերպության առնվազն մեկ անդամը՝ մյուսների լռությամբ, անհաղթահարելի խոչընդոտ է ստեղծում Հայաստանի անդամության համար: Չեմ կարծում, որ ՌԴ-ն սրա համար պետք է պատժի Հայաստանին»: Դիտարկմանն էլ՝ արդյոք մեկուսացման մեջ չե՞նք հայտնվում, քանզի զրկվեցինք եվրաինտեգրումից, զրկվում ենք նաեւ այս ֆորմատից, մեր զրուցակիցն արձագանքեց. «ՌԴ-ի հետ ունենք ազատ առեւտրի պայմանագիր, որի չեղյալ համարելու մասին խոսք չկա: ԵՄ-ի հետ առեւտուրն էլ կարող է կարգավորվել հատուկ ընդհանուր արտոնությունների համակարգով, որը թույլ է տալիս որոշ ապրանքատեսակներ գրեթե զրոյական մաքսատուրքերով արտահանել: Փորձենք առայժմ դա զարգացնել: Հետագայում տեսնենք՝ ինչպե՞ս կընթանան ԵՄ-Ուկրաինա, ԵՄ-Մոլդովա եւ ԵՄ-Վրաստան հարաբերություններն ու ըստ այդմ՝ որոշել: Բայց գոնե այս պահին մենք պետք է դուրս գանք այդ ստորացուցիչ գործընթացից, որը, ոչ Հայաստանի մեղքով, պարզվեց՝ նաեւ անհնարին է»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ոչ Ղարաբաղ, ոչ Հայաստան,
    Չեն լինելու, չկան, չկան…
    Շատացել էր բոշի եղը,
    Ժինգյալ գլուխ դրեց տեղը:
    Սերժ, ուզեցիր, ո*վ չլինի,
    Բութին կազդեր մաճառ-գինին,
    Վերանում է նարկոբարը,
    Քացախ դառավ ձեր մաճառը:
    Մոտենում է փաեքի դարը,
    Բոշի մաղն ու ղարա պաղը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30