Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով Երեւանում անգամ մի անիվի անվճար տեղ էլ չի լինի

Հունիս 02,2014 14:30

Մոտ մեկ տարի է՝ կանաչ-կարմիր թեւկապավորներին մայրաքաղաքի փողոցներում փոխարինում են կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղիները, որոնք հազարավոր վարորդների դժգոհությունն են հարուցում: Նրանցից շատերն արդեն իսկ, անկախ իրենց կամքից, հասցրել են տուգանվել 5000 դրամով: Տուգանքը գործում է այն դեպքում, երբ ավտոմեքենայի վարորդը 5 րոպեից ավելի կայանում է կարմիր գծերից ներս եւ չի վճարում ավտոկայանատեղիից օգտվելու սահմանված վճարը:

Հաշվի առնելով, թե այդ կարմիր գծերն ինչ տեմպերով են իրենց աշխարհագրությունն ընդլայնում, կարելի է ասել, որ շուտով Երեւանի փողոցներում վարորդը ավտոմեքենան կայանելու համար անվճար տեղ չի գտնելու:

kayanatex01 kayanatex03

Այս պահի դրությամբ Երեւանում գործում են 235 ավտոկայանատեղիներ: Վճարովի ավտոկայանատեղիները, մասնավորապես, գործում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, սակայն, ինչպես Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուներն են նշում, ժամանակի ընթացքում գծանշվելու են նաեւ ծայրամասային փողոցները:
Վճարովի ավտոկայանատեղիի ծառայությունը մատուցում է «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը: Մեկ տարի առաջ, երբ ներդրվեց այս գաղափարը, մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ դժգոհություն հայտնեցին, որ ավտոկայանատեղիների համար պետական տուրքի վճարումից ստացված հասույթի 70%-ը փոխանցվում է «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությանը, եւ միայն 30%-ը՝ Երեւան քաղաքի բյուջե: Այս մտահոգություններին ի պատասխան՝ ընկերության տնօրինությունն ասաց, որ կայանատեղիները կահավորելու համար մեծ ներդրումներ պետք է անեն:
«Առավոտը» «Փարքինգ Սիթի Սերվիս»-ի տնօրեն Վազգեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե այս մեկ տարվա ընթացքում որքա՞ն գումարի ներդրում են արել: Մեր այն դիտարկմանը, թե քաղաքացին բացի կարմիր գծանշումներից, դեղին ստենդից՝ ավտոկայանատեղիներում ուրիշ ոչինչ չի նկատում, մինչդեռ ընկերությունը խոսում է միլիարդի հասնող ներդրումներից, պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ կարմիր գծանշված ավտոկայանատեղիներն արդեն ամբողջությամբ կահավորված են: Նրա տվյալներով՝ արդեն 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում են արել:

Այսպես՝ ճանապարհային նշանների եւ տեղեկատվական ցուցանակների պատրաստման եւ տեղադրման համար ընկերությունը ծախսել է 36 միլիոն դրամ, գծանշման աշխատանքների համար էլ՝ 32 միլիոն դրամ, օպտիկամանրաթելային եւ այլ տիպի մալուխների, մայրուղու նախագծման եւ կառուցապատման համար՝ 261 միլիոն դրամ: 639 միլիոն դրամ էլ «Փարքինգ Սիթի Սերվիս»-ը ծախսել է տեսախցիկներ ձեռք բերելու եւ տեղադրելու համար: Տեսախցիկների տեսանյութերը 14 օր արխիվում պահելու համար անհրաժեշտ համակարգի ներդրումը ընկերությանն արժեցել է 325 միլիոն դրամ: Պարոն Հարությունյանի ներկայացմամբ՝ 102 միլիոն դրամ էլ ընկերությունը ծախսել է 10 գիգաբիտ վայրկյան ցանցի թողունակության սարքավորումների համար: Իսկ կարգավարների, տրանսպորտային միջոցների եւ սարքավորումների համար ընկերությունը ծախսել է 38 միլիոն դրամ, քարշակ տեխնիկայի համար՝ 32 միլիոն:

Պարոն Հարությունյանը նաեւ ասաց, որ 235 ավտոկայանատեղիներում, ընդհանուր առմամբ, տեղադրված է 1600 հատ տեսախցիկ: Ընկերությունն ունի 5 շրջիկ ավտոմեքենա, որոնց մեջ, ինչպես Վ. Հարությունյանն է նշում, տեղադրված են «ինտելեկտուալ եւ արժեքավոր», տեսանկարահանող սարքավորումներ:

Ընկերության ղեկավարից տեղեկացանք, որ այլ փողոցներում էլ արդեն նախատեսել են վճարովի ավտոկայանատեղիներ հիմնել, սակայն դեռ դրանք որեւէ կահավորում չունեն:
Ըստ «Փարքինգ Սիթի Սերվիս»-ի գնացուցակի՝ վարորդները կարմիր գծերում կայանելու մեկ ժամվա համար պետք է վճարեն 100 դրամ, մեկ օրվա համար՝ 500, մեկ շաբաթվա համար՝ 1000 դրամ, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ: Մեկ տարվա համար, եթե միանգամից վճարեն, ապա սահմանված է 12 հազար դրամ գումար:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
31.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30