Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ բարձր տեխնոլոգիաները լիարժեք չեն ներդրվում բանակում

Հունիս 02,2014 14:27

«Հակառակորդի դիպուկահարի կրակոցից հայ զինվոր է մահացել». նման հայտարարություններ հաճախ ենք լսում:

21-րդ դարում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները բավականին զարգացած են եւ լայնորեն կիրառվում են կյանքի բոլոր բնագավառներում, այն շատ ավելի անհրաժեշտ է հենց երկրի պաշտպանության ոլորտում՝ բանակում:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա ճյուղ է հայտարարված. կառավարությունը մշտապես հպարտությամբ շեշտում է, որ այս ոլորտի մեր մասնագետները աշխարհում մրցունակ են, ոլորտը կառավարության ուշադրության կենտրոնում է: Արդյոք հնարավոր չէ՞ մեր մասնագետների գիտելիքներն ու ծրագրերը կիրառել բանակում, հակառակորդի հետ շփման գծում՝ պաշտպանվելով դիպուկահարների կրակոցներից: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը վստահ է, որ այդ տեխնոլոգիաները ներդնելով՝ հնարավոր է բացառել թշնամու դիպուկահարների կրակոցից զոհերը: Օրերս պարոն Վարդանյանը lratvakan.am-ի հետ զրույցում նշել էր՝ տեղեկատվական այնպիսի համակարգեր կան, որոնց միջոցով կարելի է բացահայտել, թե շփման գծում հակառակորդը ինչ գործողություններ է անում: Մինչ պարոն Վարդանյանի այս հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը լրագրողի հարցին, թե ինչո՞ւ դիտարկման համակարգերն էլեկտրոնային չեն սարքում, վստահեցրել էր, որ գործնականում առաջին գծում կիրառելը որոշակի բարդություններ է առաջ բերում: ԼՂՀ պաշտպանության նախարարը նաեւ ասել էր, որ նույնիսկ մեծ գումարներ էլ անհրաժեշտ չեն, պարզապես նման համակարգեր տեղադրելը տեխնիկապես անհնար է, կա նաեւ մասնագետների խնդիր:

Իսկ Կարեն Վարդանյանը հակառակն է պնդել. «Կարծում եմ՝ հրամանատարը խորը թյուրիմացության մեջ է, մեր ռազմական եւ քաղաքական շատ ղեկավարներ չեն հավատում, որ հայ մարդը կարող է նման լուրջ բան անել, ու հույսները կապում են այլ երկրի բանակների հետ»: Պարոն Վարդանյանը մեկ առ մեկ նշել է, թե ինչպիսի համակարգեր կարող են ներդնել բանակում. օրինակ՝ դիրքերում եւ թիկունքում տեղաշարժերը արձանագրող համակարգեր, որոնք կարձանագրեն հակառակորդի շարժումը, շարժման կոորդինատը, կպարզեն, թե ինչ է շարժվում՝ կենդանի՞, թե՞ դիպուկահար, հակադիպուկահարային այնպիսի համալիրներ, որոնք ավտոմատ կերպով կտեղորոշեն կրակի աղբյուրը եւ կոչնչացնեն այն, շինարարական տեխնիկա, որ կարող է աշխատել առանց անձնակազմի, կամ տրակտոր, որ կարող է խրամատ փորել հենց հակառակորդի «քթի տակ», եւ դա կապված չլինի որեւէ ռիսկի հետ:

Ինչո՞ւ պաշտպանության նախարարությունը մեր մասնագետների պոտենցիալը լիարժեք չի կիրառում բանակում՝ մեր այս հարցին նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ համագործակցում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների հետ, եւ նրանց կատարած լուրջ գործին նախարարությունն իր բավարար հնարավորություններին եւ իրավիճակին համահունչ արձագանքում է. «Դրանից ավելին մի կողմից՝ դեմագոգիա է, մյուս կողմից՝ ֆանտազիա: Ամեն ինչ տեխնիկական միջոցներով կանխելը ֆանտազիա է, բայց իրենք իսկապես լուրջ գործ են անում»:
Կարեն Վարդանյանը նշել էր, որ բազմաթիվ առաջարկություններ են արել ՊՆ-ին, բայց. «Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ ՊՆ համակարգում կա որոշակի գումարի բաշխում, այսքանը՝ հրետանուն, այսքանը՝ հակաօդայինին եւ այլն: Եվ սա այնքան է կարծրացել, որ դժվար է փոխել. եթե ուզում եք դիրքերի խնդիրը լուծել, ապա դա պետք է անեն հրետանու հաշվին, դիցուք՝ հրետանու արկեր է գնվում, եւ առնում են դրսից, այդ դրսի առնելու հաշվին ինքը ունի շահ, բիզնես է համարվում»:

Այս առնչությամբ էլ ՊՆ մամուլի քարտուղարն ասաց. «Լուրջ չեմ համարում. եթե բիզնես է, ամեն տեղ կարելի է բիզնես անել, իրենց հետ էլ»:

Մեզ հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն էլ նշեց, որ մեր պետական սահմանի որոշ տեղամասերում ազդանշանային համակարգեր տեղադրված են, եւ դրանք շատ արդյունավետ միջոցներ են: Անդրադառնալով միջազգային փորձին՝ պարոն Ջամալյանը մատնանշեց Իսրայելի բանակը, որտեղ նշված համակարգերը մաքսիմալ օգտագործվում են:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30