Փախստականների գերակշիռ մասը դատարան է գալիս առանց անձը հաստատող փաստաթղթերի
Վալերիկ Հարությունյանի՝ փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով դատական քննություններն ավարտվեցին:
Հայաստանի վարչական դատարանը մերժեց Վալերիկ Հարությունյանի փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցը: Վալերիկը վարչական դատարանի կայացրած վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարան: Վերաքննիչ վարչական դատարանը ստորադաս դատարանի վճիռը թողել էր անփոփոխ՝ մերժել վերականգնել նրա՝ փախստականի կարգավիճակը Հայաստանում: Այդուհանդերձ, քանի որ Վալերիկի փախստականի կարգավիճակի դադարեցման հիմք էր հանդիսացել նրա ծնողների՝ ՀՀ քաղաքացիության ընդունումն այն պահին, երբ նրա 18 տարին լրացած չի եղել, օրենքով սահմանված կարգով, նա դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն (ԱՎՎ), որպեսզի ձեռք բերի քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական: ԱՎՎ ծառայությունը մերժել է նրան տրամադրել այդ փաստաթուղթը եւ նպատակահարմար է գտել, որ նա համարվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Նշենք, որ Վալերիկը չի էլ բողոքարկում այն փաստը, թե նա կարող է լինել նաեւ ՀՀ քաղաքացի: Նա նշում է, որ քաղաքացիությունը շնորհվում է ոչ թե օրենքով սահմանված կարգով, այլ միայն նրա համար, որ այդպես նպատակահարմար է: Տեղեկացնենք, որ Վալերիկի ծնողների՝ ՀՀ քաղաքացիության ընդունման ժամանակ, նա եղել է 15 տարեկան, իսկ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքը հետեւյալն է պահանջում. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն. եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, եւ առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա: Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում 14-18 տարեկան երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար տալիս է գրավոր համաձայնություն»: Նկատենք, որ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում հստակ գրված է՝ 14-18 տարեկան երեխան ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար տալիս է գրավոր համաձայնություն: Այդ պատճառով է, որ Վալերիկը գրավոր համաձայնություն չի ներկայացրել, այլ, պարզապես, դիմել է ԱՎՎ, որպեսզի իրեն տրամադրեն քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական:
Քաղաքացիության շնորհման հետ կապված՝ Վալերիկ Հարությունյանը հայց է ներկայացրել նաեւ Հայաստանի վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությության դեմ, խնդրելով, որ դատարանն իրեն ճանաչի քաղաքացիություն չունեցող անձ եւ պարտավորեցնի ԱՎՎ-ին՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելու: Դատարանը գործն ընդունել է վարույթ: Նշանակվել է նախնական դատական նիստի օրը` հունիսի 23-ը: Նախագահող դատավոր է նշանակվել Սամվել Հովակիմյանը:
Կարդացեք նաև
Գործը չէր հասնի դատարան, եթե անձին թույլ տային, որպեսզի նա ինքը որոշեր՝ մնա՞լ փախստականի կարգավիճակում, ձեռք բերե՞լ ՀՀ քաղաքացիություն, թե՞ հաստատվել որպես քաղաքացիութուն չունեցող անձ, որն էլ օրենքով սահմանված կարգով Վ.Հարությունյանը պետք է արդեն իսկ ձեռք բերած լիներ:
«Առավոտին» Վ.Հարությունյանը տեղեկացրեց, որ ծնողների հետ միասին Ադրբեջանից Հայաստան է բռնագաղթվել 1988 թվականին: Սահմանված կարգով լրացվել է «Հաշվառման թերթիկ», տրվել «Փախստականի ընտանիքի քարտ», «Փախստականի ընտանիքի վկայական», այնուհետեւ` «Փախստականի վկայական՝ թիվ՝ Փ012980» եւ «Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ՝ թիվ՝ AA002810»: 2012 թվականի սեպտեմբերի 28-ին Միգրացիոն ծառայությունը թիվ Մ-162/12-Փ որոշմամբ դադարեցրել է Վ.Հարությունյանի փախստականի կարգավիճակը: Փախստականը ներկա պահին փաստաթղթավորված անձ չէ, ինչն էլ իր հերթին խնդրահարույց հանգամանք է ստեղծելու Հայաստանի վարչական դատարանում, որտեղ դատական նիստի ժամանակ իրենից անձնագիր են պահանջելու: Ի՞նչ անձնագիր է ԱՎՎ-ն տրամադրելու Վալերիկին, որը նա ներկայացնի դատարան՝ մինչեւ վերջնական վճռի հրապարակման օրը:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.05.2014