Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. Արտակ Ճաղարյան. «Առավոտը» գալիս էր համադրելու հին ու նոր ժուռնալիստիկան»

Հունիս 02,2014 14:07

Արտակ Ճաղարյանին այսօր բոլորը գիտեն որպես Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար, նրան ճանաչողներից շատերը տեղյակ են նրա լրագրողական կյանքի մասին, բայց քչերը կիմանան, որ եղել է առաջին առավոտցիներից: «Առավոտ» եկել է «Հայաստան» թերթից, որտեղ աշխատում էր ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում սովորելու տարիներին զուգահեռ: «Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղարն էի եւ հինգերորդ կուրսում էի՝ «Առավոտի» առաջին խմբագրի՝ Իգնատ Մամյանի հետ անձնական ծանոթության մեջ էի. իր տղայի հետ ուսանողական ընկերներ էինք: Նա ճանաչում էր ինձ ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես ժուռնալիստ: Եվ եղավ առաջարկը՝ միասին ստեղծելու «Առավոտը»,- հիշում է պարոն Ճաղարյանը:

«Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղարն «Առավոտում» որպես արդեն լրագրող աշխատելու որոշումը շատ դժվարությամբ է կայացրել. «Կարծում եմ՝ իմ որոշման մեջ երկու հանգամանք դեր խաղաց. առաջինը՝ նոր թերթի ծնունդն էր՝ օրաթերթային պարբերականությամբ, եւ նաեւ այն ժամանակների համար «Առավոտի» գայթակղիչ վարձատրությունը դեր խաղաց: Այն օրերի համար բավականին լուրջ աշխատավարձ էր: Երազանքի պես էր»,- ասում է պարոն Ճաղարյանը: Պատմում է՝ «Առավոտում» է եղել ստեղծման առաջին իսկ օրվանից՝ երբ նախկին ալրաղացի կոմբինատի տարածքում՝ «Տաշիրի» եւ կրկեսի մեջտեղն ընկած հատվածում, Սուքիասյաններին պատկանող գրասենյակում սկսվեց խմբագրական աշխատանքը: Արտակ Ճաղարյանը նշում է, որ մինչեւ առաջին համարը իրենք արդեն մոտ երկու ամսվա նյութի պաշար էին հավաքել:

Artak-Chaxaryani-nyut

«Ինչի՞ էր ստեղծվում «Առավոտը». «Առավոտը», ըստ իմ տրամաբանության, գալիս էր համադրելու հին ու նոր ժուռնալիստիկան: Խնդիր կար հին ու նոր ժուռնալիստիկան ինչ-որ կետում հավասարակշռելու: Իհարկե, տարիներ հետո ես հասկանում, որ հին ու նոր ժուռնալիստիկա չկա: Կա մոտեցումների, մտածողության տարբերություն: Խնդիր էր դրվում նաեւ կոտրել մտածողության որոշակի կաղապարներ: «Առավոտի» հիմքում առաջին հերթին դրված էր հավասարակշիռ պահվածքի բանաձեւը, որն, ի դեպ, իմ խորին համոզմամբ, «Առավոտը» պահպանում է մինչ այժմ»,- ասում է պարոն Ճաղարյանը եւ շեշտում, որ «Առավոտի» համար գլխավոր խնդիր էր ցանկացած հրապարակման հիմքում, խորքում ունենալ մարդը:

Արտակ Ճաղարյանը նկատում է, այն ժամանակվա «Առավոտը» տարբերվում է այսօրվանից. «Դա բխում էր նաեւ մեր խմբագրի էությունից, Իգնատ Մամյանն իր էությամբ ավելի բանաստեղծական, պոետիկ անձնավորություն էր, եւ թերթն էլ իր մեջ ավելի շատ կրում էր գեղարվեստականություն, քան պրագմատիզմ: Բնականաբար, այն «Առավոտի» եւ այս «Առավոտի» միջեւ շատ մեծ տարբերություն կա, բայց որ դրվեց բավականին լավ սկիզբ, փաստ է»:

Օրաթերթի հետ կապված հիշողություններից է թերթի նախահամարի ծնունդը, ինչպես էին թերթի կապոցները ձեռքներին՝ կրպակների մոտակայքում, կանգառներում եւ մետրոներում մարդկանց անվճար բաժանում: «Դա PR հետաքրքիր ձեւ էր՝ ծանոթացնելու հասարակությանը: Իհարկե, դեռ թերթին ճանաչում էր պետք, նախահամարով եւ առաջին երկու համարներով դեռ ընթերցողը չէր ճանաչելու: Ժամանակ էր պետք եւ, բարեբախտաբար, այդ ժամանակը եկավ»:

Արտակ Ճաղարյանն անկեղծանում է, որ թեմաների հետ կապված որոշակի կաղապարվածություն կար. «Եթե ինչ-որ մեկն ասի, որ գիտեր, թե ինքն այդ աշխատավարձը ստանում է Սուքիասյաններից կամ ենթադրենք՝ Վանո Սիրադեղյանից, ու դա իրեն որոշակի առումով չի կաշկանդում, հեքիաթ կլինի, մեղմ ասած: Այդ առումով կար: Բայց կար մի շատ կարեւոր խնդիր. թերթի նպատակը ոչ թե ինչ-որ մեկին «քլնգելն» էր, «լոմն» առած տակը փորելն էր, այլ պետականության գաղափարն էր դրված: Երկիր էինք կառուցում, դրված էր երկրի, պետության շահերի առաջնայնությունը: Ես ասացի՝ դրված էր հավասարակշիռ ժուռնալիստիկա ստեղծելու խնդիրը:

«Առավոտը» գալիս էր նաեւ այդ միակողմանի ժուռնալիստիկայի դեմ պայքարելու: Մենք ունեինք կոմունիստական թերթեր, հետո ձեւավորվեց մամուլի դաշտ, որտեղ դարձյալ կուսակցական թերթեր էին՝ «Երկիրը», «Հայքը» եւ այլն, միակողմանիությունն էր շատ, եւ «Առավոտի» խնդիրն էր նաեւ հավասարակշռել, բազմակողմանի մոտեցում ցուցաբերել, բացարձակ խնդիր չկար ինչ-որ մեկին վնասել, խնդիր էր դրված տեսնել մարդուն, եւ այս առումով որեւէ կաշկանդվածություն չկար»,- ասում է նա:

«Առավոտից» դուրս գալու մասին պարոն Ճաղարյանը չի ցանկանում խոսել, ասում է. «Շատ անձնական որոշում էր, որին չէի ցանկանա երբեւէ անդրադառնալ: Ես ընդամենը կարող եմ ասել, որ դրանից հետո ես տեղափոխվել եմ Կրասնոսելսկ, իբրեւ ուսուցիչ եմ աշխատել եւ եղել եմ «Հայաստան» թերթի սեփական թղթակիցը»:

«Առավոտի» ավանդույթների մասին խոսելիս, Արտակ Ճաղարյանը հիշում է՝ նշվում էին բոլոր առիթները. «Իգնատը իրենով բանաստեղծական մարդ էր, օջախային մարդ էր, իր գլխավոր նպատակն էր կոլեկտիվը ձեւավորել ընտանիքի պես: Մենք բոլորս ընկերներ էինք, բայց շենքից դուրս: Իգնատ Մամյանը իմ մերձավորագույն ընկերոջ հայրն էր, ես նրան, մեկ է, խմբագրությունում երբեք թույլ չէի տա՝ Իգնատ ձյաձյա ասել, չնայած ես օրերով մնացել էի իրենց տանը: Ինքը նախաձեռնում էր՝ կլիներ ծնունդ, ցանկացած այլ առիթ, ասմունք, բանաստեղծություններ, շատ պոետիկ էր, գուցե դա ինչ-որ առումով խանգարեր քաղաքական օրաթերթին, չգիտեմ, բայց ինքը որպես մթնոլորտ էր հետաքրքիր»:

Պարոն Ճաղարյանն ասում է, որ իր համար ժամանակին «Առավոտը» սկիզբ բառով բնորոշվեց, նշում է՝ «Առավոտում» բոլորն այն ժամանակ հընթացս սովորում էին՝ սկսած համակարգչային դիզայնից, էջադրումից եւ այլն: «Սովորում էինք նաեւ ժուռնալիստիկայի մտածողության փոփոխություն: Կյանքն էր մեզ սովորեցնում: Բայց մենք նաեւ այդ ժամանակ սկսեցինք ակտիվորեն ուսումնասիրել միջազգային փորձը: Հայ մամուլից վերցնում էինք ամսագրեր եւ նայում էինք, սովորում»:

Արտակ Ճաղարյանի ճանապարհն այլեւս, որպես լրագրող, չհատվեց «Առավոտի» հետ, բայց նրա խոսքով՝ հատվեց այնքանով, որ «Առավոտում» միշտ ունեցել է լավ ընկերներ. «Իմ ճանապարհը հատվել է նաեւ այն առումով, որ տարիներ շարունակ «Առավոտը» միշտ եղել է իմ սեղանին:

Ինչո՞ւ է «Առավոտն» ինձ համար ավելի գնահատելի. առաջին հերթին՝ չարության, մարդ հայհոյելու, վիրավորելու բացակայության շնորհիվ: Նաեւ մենք շատ կարեւոր խնդիր ունենք. մի կողմից համակարգերի առումով չմեկուսանալ աշխարհից, մյուս կողմից՝ աշխարհի արժեքների մեջ ամեն ինչ կուրորեն չվերցնենք: «Առավոտը» հավասարակշիռ պահվածք ունեցող լրատվամիջոց է: Ես «Առավոտում» առաջին հերթին տեսնում եմ ժուռնալիստիկա»:

Շնորհավորում է բոլոր առավոտցիներին՝ հին ու նոր. «Ուզում եմ, որ իսկապես ամեն առավոտ, շատ երկար տարիներ «Առավոտը» հասնի ընթերցողին, ուզում եմ, որ այն բոլոր արժեքները, որ թերթը կրում է այսօր, չխաթարվեն, եւ դա ոչ միայն մաղթանք է, այլ նաեւ խնդրանք «Առավոտի» կոլեկտիվին, աշխատակիցներին, որպես ընթերցող: Գիտեմ՝ շատ դժվար է լինելու, բայց այս դժվար ճանապարհին մաղթում եմ անխոչընդտոդ հաղթահարում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30