Old Band ֆոլք խմբի վոկալիստ Անուշիկ Հարությունյանը մասնագիտությամբ հոգեբան եւ լեզվաբան է: Երգչուհու կատարումները լսելիս, քեզ թվում է, թե նա ամբողջ կյանքում երգել է: Անուշիկին Old Band-ում ընկերակցում են այլ շնորհալի երաժիշտներ՝ Լիլիթ Հարությունյանը, Ալեքսանդր Իրադյանը, Արամ Հարությունյանը: Նրանք, բացի երաժշտությունից, նաեւ արյունակցական կապով են կապված՝ ազգականներ են: «Առավոտը» փոքրիկ զրույց ունեցավ երգչուհի Անուշիկ Հարությունյանի հետ:
-Ինչպե՞ս ծնվեց ձեր խումբը:
-Մի գեղեցիկ օր Նարինե Մալյանն առաջարկեց փոքրիկ համերգ կազմակերպել Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Ես այդ ժամանակ մագիստրոսական թեզի պաշտպանության էի պատրաստվում, ժամանակի խնդիր կար, բայց առանց երկմտելու՝ որոշեցի անպայման ընդունել առաջարկը, քանի որ ինքս էլ շատ էի ցանկանում մասնակից լինել. վաղուց չէի երգել ու շատ ոգեւորված էի առաջարկից: Սկզբում չէի պատկերացնում՝ ինչպես կարելի է ներկայանալ, ինչ ծրագրով հանդես գալ: Հորեղբորս երեխաներին` Լիլիթին (երաժշտագետ) ու Արամին (սաքսոֆոն), խնդրեցի, որ միասին երգենք: Մեզ միացան մեր ընկերները` Ալեքսանդր Իրադյանը (կոմպոզիտոր-դիրիժոր), Վահագն Ամիրխանյանը (կիթառ), Գրիգոր Քարտաշյանը (սրինգ) եւ Սամվել Թադեւոսյանը (ռեժիսոր-դերասան), որն էլ բեմադրեց եւ կյանքի կոչեց մեր համերգ-ներկայացումը: Համերգից հետո Արամն առաջարկեց մեր խմբի համար անուն ընտրել ու առաջարկեց Old Band անվանումը, որն էլ ընդունվեց միաձայն: Եթե Նարինե Մալյանի առաջարկը չլիներ, չգիտեմ էլ` երբ մեր մտքով կանցներ նման խումբ ստեղծել:
-Խումբը ֆոլկլորային երաժշտություն է մատուցում: Մտավախություն չունե՞ք, որ չգնահատված կմնաք երեք նոտայանոց ու կես ակորդանոց անորակ երգերով լեցուն շոու-բիզնեսում:
-Բնավ՝ ոչ: Շոու-բիզնեսում կան ազգային երաժշտության անվան տակ ներկայացվող երգեր, որոնք պետք չէ շփոթել մաքուր ֆոլկլորի հետ: Եթե վերջիններս ընկալվեն որպես ազգային, կարող են շատ աղետալի հետեւանքների հանգեցնել, քանի որ մարդիկ կմտածեն, թե հայ ազգային երաժշտությունը պարզունակ է, ձանձրալի, միատոն` ճիշտ այնպես, ինչպես մատուցվում է հեռուստատեսությամբ: Եթե երգն ունի հեղինակ, ապա ոչ մի կերպ չի կարող կոչվել ազգագրական կամ ժողովրդական եւ եթե երգի մեջ օգտագործված բառամթերքը ազգային երգ է հիշեցնում, դա դեռ չի նշանակում, որ տվյալ երգը կապ ունի ֆոլկլորի հետ: Զարմանում եմ` ինչ իմաստ ունի գրել նման երգեր՝ իբր ազգային ոճի, երբ ահռելի գանձարան կա, որից ուղղակի կարելի է տեղեկանալ, սովորել ու մատուցել… Ամեն դեպքում, մենք մեր առջեւ խնդիր չենք դրել տեղ զբաղեցնել շոու-բիզնեսում: Մեր համերգները մեզ ապացուցել են, որ երիտասարդության զգալի հատվածը հեռու չէ ազգային երգից: Հույս չունենք, որ մի օր էլ կլցնենք Մարզահամերգային համալիրը…
-Ձեր երգերը նաեւ յուրօրինակ մշակում են ստանում: Քննադատությունից չե՞ք վախենում:
-Քննադատությունից, իհարկե, վախենում էինք, մանավանդ, որ մեր առաջին եւ ամենախիստ քննադատները մեր ընտանիքի անդամներն են: Օգտվել ենք մաեստրո Ռոբերտ Մլքեյանի մշակումներից, որոնք ժամանակին հրաշալի ներկայացրել է «Հայ Ֆոլք» խումբը, որտեղ երգում էին Լիլիթի եւ Արամի ծնողները` Նունե Աթանասյանը եւ Ալեքսան Հարությունյանը: Ավագ սերունդը կարող էր չընդունել մատուցման մեր այս տարբերակը, բայց, փառք Աստծո, դեռ ոչ մի բացասական կարծիք չենք լսել ո՛չ ոլորտի մասնագետներից, ո՛չ ընկերներից, ո՛չ էլ մեր ընտանիքի անդամներից: Նշեմ, որ առաջիկայում կունենանք նոր մշակումներ՝ արված կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանի կողմից, ձայնագրություններ, ամռանն էլ հավանաբար համերգներ են նախատեսված Գորիսում, Վանաձորում եւ եթե հաջողվի, նաեւ՝ Երեւանում:
Լուսանկարում` Old Band-ի անդամները:
Զրուցեց ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.05.2014