Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը և ընդդիմությունը -4

Հունիս 02,2014 11:33

Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառներից մեկն էլ այն էր, որ նախկին վարչապետը ոչ մի կերպ չկարողացավ լեզու գտնել ընդդիմության` մասնավորապես խորհրդարանական ընդդիմության հետ: Եվ չնայած «հրաշալի քառյակի» անդամներից ԲՀԿ-ն ոչ թե ընդդիմություն էր, այլ` այլընտրանք, նույն ԲՀԿ-ն անձամբ Տիգրան Սարգսյանի առումով ավելի քան ընդդիմություն էր:

Ենթադրում ենք, որ նախկին ԱԺ նախագահն ու ներկայիս վարչապետն իրենցից կախված ամեն ինչ արել է, որպեսզի Տիգրան Սարգսյանը չկարողանա լեզու գտնել խորհրդարանական ընդդիմության հետ, իսկ ավելի ստույգ` խորհրդարանական ընդդիմությունը լեզու չգտնի Տիգրան Սարգսյանի հետ: Այդ ուղղությամբ, իհարկե, անձամբ Ծառուկյանն ու անձամբ Ռոբերտ Քոչարյանն էլ որոշակի ջանքեր գործադրած կլինեն, այդուհանդերձ, կարծում ենք, այդ հարցում, արդյունքի առումով, ներկայիս վարչապետի դերակատարությունն ավելի էական է եղել, մանավանդ որ` ներկայիս վարչապետը ոչ թե ճակատային պայքարի մարտիկ է, այլ, ընդհակառակը, կուլիսային, ես կասեի` անդրկուլիսային: Եվ չնայած ինքն առաջին հայացքից չափազանց պարզ անձնավորություն է թվում, այդուհանդերձ, իր պահվածքից ու իր ելույթներից դժվար է կռահել` կոնկրետ ում հանդեպ է Հովիկ Աբրահամյանը թշնամական տրամադրված, և չնայած ենթադրում ենք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցում իր դերը չափազանց էական է եղել, այդուհանդերձ, չենք հիշում մի դեպք, որ Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի դեմ ճակատային ու խիստ բացասական ելույթ ունեցած լինի, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի և ընդդիմադիր ու այլընտրանքային շատ ուրիշների:
Այսինքն, Հովիկ Աբրահամյանը գրեթե իր հունից դուրս չի գալիս: Այսինքն, Հովիկ Աբրահամյանին դժվար է հունից հանել: Եվ եթե երբևէ հուզվում ու հունից դուրս է գալիս, ավելի շատ ցույց է տալիս թե` հուզվել, բարկացել և հունից դուրս է եկել: Եվ նույնիսկ այս դեպքերում իր բարկությունը կոնկրետ հասցեատեր չունի, և եթե ունի էլ, չափազանց դժվար է կռահել` հասցեատերն ով է:

Խոսում է հանգիստ, մերկապարանոց հայտարարություններ չի անում, և չնայած իր` ԱԺ նախագահ ընտրվելու օրն անթաքույց ոգևորությամբ հայտարարեց ,թե ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում, – այդ ժամանակ էլ մենք չկարողացանք ենթադրել թե` ում դեմ էր ուղղված իր այդ չափազանց յուրօրինակ կենսափիլիսոփայությունը:
Մի խոսքով, ինքը թշնամիներ գրեթե չունի, եթե ունի էլ, ցույց չի տալիս, թե` ունի, և եթե ունի էլ` հեչ պարտադիր չի, որ դրանք ընդդիմությունից լինեն, որովհետև իր համար կարծես թե երկրորդական է` դիմացինն ընդդիմադիր է, թե` իշխանամետ: Ու նաև էդ հանգամանքն է պատճառը, որ ինքն ընդդիմության հետ լուրջ խնդիր չունի, և, կարծում ենք, առաջիկայում էլ դժվար թե ունենա: Եվ դա փոխադարձ է. այսինքն, ընդդիմությունն էլ Հովիկ Աբրահամյանի հետ լուրջ խնդիր չունի և հետագայում էլ դժվար թե ունենա: Եվ չնայած «հրաշալի քառյակն» իր վարչապետ դառնալը ցնծությամբ չողջունեց, այդուհանդերձ, իրենից կախված ամեն ինչ արել էր, որպեսզի Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալն իրականություն դառնա:

Կարծում ենք, Գալուստ Սահակյանն էլ ընդդիմության հետ լուրջ խնդիրներ չունի, և եթե ժամանակ առ ժամանակ որոշ խնդիրներ է ունենում, ինքն անձամբ է էդ խնդիրներն առաջացնում, որպեսզի իշխանությանն ավելի հավատարիմ երևա: Երբեմն էլ ինքն իր անտեղի ու անհարկի հումորի ձեռքը կրակն ընկնելով` միանգամայն ավելորդ ու անտեղի խնդիրներ է առաջացնում: Ամեն դեպքում, Գալուստ Սահակյանը միանգամայն այլ թեմա է:

Ինչ վերաբերում Հովիկ Աբրահամյանին, ինքը հազվադեպ է հումոր անում: Այն կարծիքին չենք, որ ինքը հումոր ու հումորի զգացում չունի. էդքան կենսափորձի տեր մարդը դժվար թե հումոր ու հումորի զգացում չունենա. պարզապես երևի ինքն իր հումորով էնքան հիացած չի, որպեսզի այն ցուցադրելու պատճառով իր համար ավելորդ խնդիրներ առաջացնի:
Այս պահի դրությամբ Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական ուժերի հարաբերություններն ինչքանով որ բարդ են, նույնքան էլ պարզ են, երբեմն` չափազանց պարզ:

Պարզից էլ պարզ է, որ այս պահին Հովիկ Աբրահամյանին ընդդիմադիր լինելը նշանակում է նաև` ԲՀԿ-ին ու անձամբ Ծառուկյանին ընդդիմադիր լինել: Սա ինչ-որ չափով նշանակում է նաև, որ գործող վարչապետը որոշակիորեն ապահովագրված է նաև ՀԱԿ-ի ու Քոչարյանի անակնկալ հարվածներից, հետևաբար նաև` ՀՅԴ-ի: Առայժմ, իհարկե:

Սա նշանակում է նաև, որ գործող վարչապետը պիտի շարունակի դիմանալ ու դիմակայել ընդամենը Նիկոլ Փաշինյանի հարվածներին: Որոշ դիտորդներ էլ ենթադրում են, որ Դավիթ Հարությունյանն էլ է նոր վարչապետի դեմ տրամադրված: ՕԵԿ-ի ու անձամբ Արթուր Բաղդասարյանի դիրքորոշումը շատ շուտով ի հայտ կգա, և սպասելի է, որ կուսակցություններից հենց ՕԵԿ-ը կլինի գործող վարչապետի հիմնական ընդդիմությունը:
Այսինքն, շատ շուտով մենք երևի վերստին բոցաշունչ Արթուր Բաղդասարյան տեսնենք:
Բայց ենթադրում ենք նաև, որ Հովիկ Աբրահամյանն առանձնապես չի վախենում ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանից ու ՕԵԿ-ից, այլապես վարչապետ դառնալուց հետո նրանց համար այնպիսի պայմաններ կստեղծեր, որպեսզի նրանք կոալիցիայի մեջ մնային:

Այս ամենով հանդերձ, դժվար է հարյուր տոկոսով գուշակել, թե ինչպիսի շարունակություն կունենան նոր վարչապետի և հին ու նոր ընդդիմադիրների հարաբերությունները:
Ապրենք, որպեսզի շարունակությունը տեսնենք:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30