Այսօր շվեյցարացի մասնագետը երկրորդ քննությունն է հանձնելու Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում այսօր ընկերական հանդիպում է անցկացնելու Ալժիրի ընտրանու հետ: Առաջին ընկերական խաղում Արաբական Միացյալ Էմիրություններին 4:3 հաշվով հաղթելուց հետո, մեր թիմը մեկնել է Կրանս Մոնտանա, որտեղ արդեն ամբողջական կազմով շարունակում է մարզական հավաքը Շվեյցարիայում:
Նախորդ հանդիպման արդյունքներով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը համապատասխան հետեւություններ էր արել եւ դրանց շուրջ կիսվել ՀՖՖ պաշտոնական կայքէջի հետ: Նրա խոսքերով, 4:3 հաշիվը խոսում է այն մասին, որ մենք նույն խնդիրն ունենք, ինչ առաջ: Այսինքն, ունենք ուժեղ հարձակման գիծ… սակայն պաշտպանական գծում` ակնհայտ խնդիրներ: Մենք բաց թողեցինք 3 գնդակ եւ շատ դրվագներում ոչ բավարար խաղ ցուցադրեցինք: Թույլ տվեցինք տակտիկական շատ սխալներ: «Իհարկե, չեմ կարող գոհ լինել պաշտպանական գծից, բայց պետք է ասեմ, որ դա միայն պաշտպանների խնդիրը չէ», – համոզված է մասնագետը:
Շալանդն իր առջեւ կարեւոր խնդիր է դրել` փոխել ֆուտբոլիստների վերաբերմունքը ընկերական խաղերի նկատմամբ: «Ինձ համար գոյություն չունեն ընկերական խաղեր: Մենք չենք խաղում, օրինակ, դասակարգման աղյուսակում մեր տեղը բարելավելու համար: Այո, հաղթանակը տալիս է որոշ քանակի միավորներ, որոնք մեզ թույլ կտան հաջորդ ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ տեղ զբաղեցնել ավելի բարձր զամբյուղում: Դա կարեւոր հանգամանք է, սակայն ես կընդունեմ նույնիսկ պարտությունը: Բայց վերաբերմունքը ընկերական հանդիպումների հանդեպ պետք է լինի այնպես, ինչպես պաշտոնական խաղերի ժամանակ», – ասել է Բեռնար Շալանդը:
Մարզչին այս կարճ ժամանակահատվածում հաջողվե՞լ է այդ հարցում հաջողության հասնել, կիմանանք այսօր:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
31.05.2014